Վերջին շրջանում Շիրխանյանը հրապարակային քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։ Նրա ձերբակալության օրը Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, որ վերջին ամիսներին պաշտպանության նախկին փոխնախարարը զբաղված էր հայկական սպայական միություն ստեղծելու հարցերով եւ փորձում էր համախմբել ողջ հայության սպայական անձնակազմը։
Շիրխանյանը, որը համարվում էր Վազգեն Սարգսյանի զինակիցը եւ վերջինիս վարչապետության օրոք գրեթե փոխվարչապետ էր (ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար) միշտ դիտվել է որպես պրոռուսական գործիչ եւ հայտնի է եղել իր ռուսական կապերով։
Հիմա, փաստորեն, ԱԱԾ-ն Շիրխանյանին, ըստ էության, մեղադրում է ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու փորձի մեջ։ Համենայնդեպս, «կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն» բառերը նշանակում են, որ ԱԱԾ-ն նրան դիտում է որպես զինված խմբի պարագլուխներից մեկը։ Սույն ձերբակալությունը, խոստովանենք, իսկապես անակնկալ էր, թեեւ օրեր առաջ «Հրապարակը» գրել էր, որ վնասազերծված խմբի անդամները նախաքննության մարմնին ուշագրավ ցուցմունքներ են տալիս՝ մանրամասն նկարագրելով իրենց գործողությունների ծրագիրը, շփումները տարբեր անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների հետ եւ նշվել էր Շիրխանյանի անունը։
Ամբողջ այս ինֆորմացիան առավել հետաքրքրական է դառնում Սերժ Սարգսյանից Մոսկվայի ունեցած դժգոհությունների ֆոնին։ Մամուլում բազմիցս գրվել է եւ այդ մասին բարձրաձայնել են նաև ընդդիմադիր գործիչներ, որ պաշտոնական Մոսկվան իրականում դեմ էր սահմանադրական փոփոխություններին Հայաստանում։ Դա կարելի է տեսնել նաեւ տարբեր ռուս գործիչների հայտարարությունների տողատակերում։ Համենայնդեպս, ՌԴ-ն պաշտոնապես չի էլ ողջունել այդ փոփոխությունները։
Ամեն դեպքում, Շիրխանյանի կալանավորմամբ Մարաշում վնասազերծված խմբի գործը կարծես իսկապես լրջանում է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում