Այսօր լրանում է բանաստեղծուհի
Մարո Մարգարյանի ծննդյան 100-ամյակը
Ցավում է սիրտս անզորությունից
Եվ անզորների հզորությունից,
Անկարողների հույժ կարենալուց.
Եվ անգործների գործելուց անվերջ:
Իմ սերնդակիցներից շատերը սրտի թրթիռով են հիշում մեր գրականության մեծերին և ամեն անգամ նրանց հիշելիս կամ նրանց տողերը կարդալիս կարոտի հաճելի զգացողություն են ունենում: Այսօր առիթ ունենք հիշելու նրանցից մեկին` հայ դասական բանաստեղծուհի Մարո Մարգարյանին, որի ծննդյան 100-ամյակը կլրանա այսօր:
Ծնվել է 1915թ. 22-ին Շուլավերում (այժմ` Շահումյան ավան` Վրաստանի Մառնեուլի շրջանում): Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ 1938թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում: 1967-1984թ.թ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։«Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար նա դարձել է Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի 1981-ի դափնեկիր և ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983թ.): 1937թ.-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1985թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։
Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935թ.։ 1940-1985թ.թ. հրատարակվել են բանաստեղծուհու թվով 15 երկերը (այդ թվում` «Մտերմություն», «Մոր ձայնը», «Փշատենի», «Ձնհալից հետո», «Օրերի խորքից», «Նվիրումներ», «Հատընտիր» և այլն ): Նշված երկերի մեծ մասը թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել նաև ռուսերեն:
Մ. Մարգարյանի ստեղծագործությունների հիմնական թեման հայրենիքն է, բնությունը, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Նրա բանաստեղծությունները բովանդակալից են ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին հատվածներով: Ահա մի այդպիսի հատված`
Ինչով է այրվում մարդը աշխարհում, ինչո՞վ է արդյոք մարդը բախտավոր:
Առաջադրելով այս հարցը, բանաստեղծուհին կարծես իրականացնում է մարդու յուրօրինակ թեսթավորում և բնորոշում նրա տեսակը:
Կամ էլ այս իրատեսական տողերը, որոնք այսօր ավելի արդիական են հնչում.
Բոլորն ուզում են աշխարհը ուղղել,
Ոչ ոք չի ուզում սկսել իրենից.
Տալիս են անվերջ
Իմաստուն դասեր,
Խորհուրդներ խորին,
Իրենից բացի մյուս բոլորին:
Իսկ ստորև նշված տողերով Մ. Մարգարյանն իր անհանգիստ ապրումներն է ներկայացնում մարդու սխալ ապրելակերպի հանդեպ.
Բոլորն ուզում են երջանիկ լինել,
Ամեն մեկն իրեն հասկացածի պես.
Երջանկություն են փորձում հորինել
Ամեն մեկն իրեն հասկացածի պես,
Ու կորցնում են,
Կորցնում հավետ
Ամենաթանկը, ամենավերը:
Եվ անդուռ, անել ճանապարհներին
Խեղդված իրենով` հորդում է սերը,
Ու չզգալով դեռ, ու գլխի չընկած,
Քանդում են բոլոր ճանապարհները
Ամեն մեկն իրեն հասկացածի պես:
Բանաստեղծուհու ուշադրության կենտրոնում մարդն է` իր ապրած դժվար ու արժեքավոր կյանքով: Այդ մասին է վկայում իր սերնդակցին նվիրված բանաստեղծությունը.
Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է` ցրտեր են եղել,
Ծածկվել են ձյունով ժամանակից շուտ,
Բայց կրակն իրենց դեռ չեն անթեղել:
Նրանք պարզապես կարճ ժամանակում
Անցել են երկար, երկար ճանապարհ`
Սերմնացաններ, որ հողի փոխարեն
Հերկել են սառույց, ակոսել են քար.
Եվ հոգիներում գանձեր ու գանձեր,
Որ դեռ չեն պեղել:
Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել:
Իսկ բնությունը նա կարողանում էր նկարագրել նկարչական հմտությամբ: Ահա թե ինչ պատկերավոր է ներկայացնում բանաստեղծուհին կակաչների դաշտը.
Ծիծաղում են կակաչները,
Դաշտը կարմիր չիթ է հագել.
Թևաթափ են կակաչները,
Այդ քամին է հարկ հավաքել:
Մեկ է, երբեք չի կարող նա
Ալ հրդեհը ձեր հանգցնել.
Ոչ բույր ունի հիմար քամին,
Ոչ դալար շիվ, ոչ գույն, ոչ ձև.
Ծիծաղում են կակաչները
Ընկած, պառկած ու կիսաթև.
Թեկուզ ընկած, թեկուզ պառկած,
Դաշտը կարմիր չիթ է հագել:
Որպես իսկական մտավորական, նա չէր կարող անտարբեր մնալ կյանքի անարդար դրսևորումների հանդեպ: Սակայն անզոր էր փոխելու իրականությունը, որի արդյունքում էլ ծնվում է նրա հետևյալ բանաստեղծությունը.
Ցավում է սիրտս անզորությունից
Եվ անզորների հզորությունից,
Անկարողների հույժ կարենալուց.
Եվ անգործների գործելուց անվերջ:
Էլ չեք տանում դուք,
Նյարդեր իմ հոգնած,
Էլ չեք տանում դուք
Ոչ կարոտների մեգ ու մառախուղ,
Ոչ փառքի փոշի,
Ոչ խոսքերի ծուխ:
Ու ծանրանում եք դուք էլ ինձ նման,
Երգեր իմ թեթև,
Խոսքեր սրտաբուխ:
Մարո Մարգարյանը հայտնի է նաև որպես թարգմանչուհի: Նա կատարել է թարգմանություններ ԽՍՀՄ և եվրոպական գրողների (Սերգեյ Միխալկով, Վերա Զվյագինցևա, Պավլո Տիչինա, Ստեփան Շչիպաչյով, Իոսեբ Գրիշաշվիլի, Գրիգոլ Աբաշիձե, Լեսյա Ուկրաինկա, Աննա Ախմատովա) երկերից և այլ ժողովածուներից (Ուկրաինական քնար, Ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու, Չեխ և սլովակ բանաստեղծներ, 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծություն, Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի, Վրաց գրականության ընտիր էջեր):
Վախճանվել է 1999թ. Երևանում և թաղվել է Բյուրականի աստղադիտարանի գերեզմանոցում (եղբոր` անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի գերեզմանի հարևանությամբ): Նա ապրեց երկար, բայց հոգին մնաց երիտասարդ` ինչպես իր իսկ գրած տողերում.
Խենթանալու չափ ուժգին է բուրում
Չոր խոտի դեզը.
Ախ, որովհետև դալար ժամանակ
Ծաղիկ է եղել.
Ու թեև թոշնած ,
Ու թեև տրտում,
Բայց դեռ ծաղիկներ
Ունի իր սրտում:
Ու որքան կուզեն թող փարթամանան
Մոլախոտն անբույր,
Անծաղիկ սեզը,
Խենթանալու չափ ուժգին է բուրում
Չոր խոտի դեզը:
Կարինե Մարգարյան
«Առավոտ» օրաթերթ
22.12..2015
Իր ծննդից 100 տարի անց, ի շնորհիվ այս հրաշալի հոդվածի, Մարո Մարգարյանը կրկին խոսեց մեզ հետ: Խոսեց անկեղծ, սրտացավ, խոսեց մեծի պես, խոսեց ճշմարիտ` ինչպես իր տողերում նշված Ճառագայթը.
Ճառագայթն անշեղ բեկվելիս անգամ,
Ուղիղ գծով է կոտրվում, սահում…
Շնորհակալություն ԱՌԱՎՈՏ ին հոդվածի համար: Ցավոք մեր դպրոցական ծրագրում Մարո Մարգարյանին թեմա հատկացված չէ , սակայն և ընթերցելեմ,և հաճախ լսելեմ այս հեղինակության
մասին:Շատ հաճելի է որ այսքան տարի անց նրան հիշում և հարգում են:
Համոզված եմ բոլորն են հիշում այս Մեծատառով կնոջը : ԱՌԱՎՈՏ-ի կողմից այս հոդվածի հրապարակումը անակնկալ էր ինձ համար: Իրոք նա արժանի է, որ նրան հիշատակեն և մեծարեն:
Անկեղծ ասած, մինչ այսօր ես ծանոթ էի Մարո Մարգարյանի` սիրո, մայրության, բնության թեմաներով բանաստեղծություններին, որովհետև խորհրդային ժամանակաշրջանի մամուլում ու հեռուստատեսությամբ դրանք էին տպագրվում ու ցուցադրվում: Այս հոդվածում կարդալով “Ցավում է սիրտս անզորությունից”, “Բոլորն ուզում են աշխարհը ուղղել”, “Բոլորն ուզում են երջանիկ լինել” բանաստեղծությունները, Մարո Մարգարյանին ես այսուհետ կհամարեմ նաև խոհա-փիլիսոփայական ոճի բանաստեղծուհի և կփորձեմ ձեռք բերել նրա գրքերից ու կարդալ :
Շնորհակալություն հոդվածի հեղինակին և “Առավոտ”-ի խմբագրությանը` այս արժանավոր նախաձեռնության համար: Ինչ վերաբերվում է մեր Գրողների միությանը և Մշակույթի նախարարությանը, ապա հայ գրականության մեծերին լուսաբանելու և նրանց հոբելյանները նշելու գործում, կարծես բավականին պասիվացել են: