Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների շարքում էր նաեւ «Կարին» ավանդական երգի, պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նա Բաղրամյան պողոտայի դեպքերով երկու ցուցմունք է տվել: Մեկը՝ որպես վկա, մյուսը՝ որպես տուժող:
Aravot.am-ը Գագիկ Գինոսյանից հետաքրքրվեց, թե այդ գործն ի՞նչ փուլում է գտնվում, Գագիկ Գինոսյանը պատասխանեց, որ տեղեկություններ չունի:
«Ես տեղյակ չեմ, ինձ չեն հրավիրել, չնայած՝ ինձ հարցաքննել են, եւ այն ապօրինությունները, որոնք որ կատարվել են, որ ինձ հարվածել էին, Սոնային Ենգիբարյան՝ այն աղջկան, ում օգնելու համար ես վազեցի, նրան նույնպես հարվածել էին, եւ կապտուկներ կային, բայց ես տեղյակ չեմ: Իրենք ասացին մենք նորից ձեզ կհրավիրենք, տեղյակ կպահենք, բայց այլեւս ոչ մի բան չի եղել»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Գագիկ Գինոսյանի խոսքերով՝ ինքն առաջարկել է հավաքվածներին գնալ տուն, եւ երբ որ ինքը մոտեցել է «Նաիրի» կինոթատրոնի մոտ կայանած իր մեքենային, լսել է Օպերայի եւ բալետի նվագախմբի մեներգչուհի Սոնյա Ենգիբարյանի ձայնը, որն օգնություն էր խնդրում. «Վազելով մոտեցա, ընդամենը ուզեցի բացատրեմ, որ այս աղջիկը եզակի մասնագետ է, այդպես մի՛ վերաբերվեք, ձեռքերը թողե՛ք, դիմադրություն չի ցուցաբերում, թողե՛ք հանգիստ կնստի մեքենան: Բոլորը կարմիր բերետներով էին, այդ մեկն առանց գլխարկի էր, անմարդկային կերպարանքով էր: Եվ եթե իր հայրը կենդանի է՝ աստված երկար կյանք տա, եւ եթե մահացած է, պետք է ասեմ, որ եթե ես լինեի իր ողորմածիկ հայրը, վստահ եմ, որ ինքը միեւնույնն է ինձ բերման էր ենթարկելու: Ուղղակի հեգնական, արհամարհական, թարախով լի դեմքով ասաց՝ կանդալեք դրան էլ տարեք, ու իմ ձեռքերը ոլորեցին, ես դիմադրություն ցույց չտվեցի՝ հասկանալով, որ իրենք շատ-շատ են, ավելի բարձրահասակ, ավելի հաղթանդամ ավելի մարզված»:
Կարդացեք նաև
Գագիկ Գինոսյանը նշեց, որ իրեն բռնի կերպով մոտեցրել են ավտոմեքենային, գլուխը ոչ շատ ուժեղ հարվածել են մեքենային, հարվածել են նաեւ իր ոտքերին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ