Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան ու «Լոգոս» հ/կ-ի միջեւ սկանդալ է հասունանում. մանկատունը կդիմի դատարան. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2015 23:50

Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան ու «Լոգոս» հասարակական կազմակերպության միջեւ սկանդալ է հասունանում: Բանն այն է, որ «Լոգոս»-ը դիտարկումներ է անցկացրել Գյումրու երեխաների խնամքի մի քանի հաստատություններում, այդ թվում եւ պետական հոգածությունից դուրս, Սփյուռքի ֆինանսավորմամբ գործող Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը՝ արձանագրելով երեխաների իրավունքների խախտման մի շարք դեպքեր: Այս հ/կ-ն հարցումներ է իրականացրել երեխաների, աշխատակիցների ու ծնողների շրջանակում ու իր պատրաստած զեկույցում նշել, որ այստեղ երեխաների նկատմամբ տարբեր պատժամիջոցներ են կիրառում, այդ թվում զրկում են սննդից, երբեմն ծեծում, հիգիենիկ պարագաներ չեն տրամադրում եւ այսպես շարունակ:

IMG_1713

«Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնա Սիմոնյանն էլ այս ամենը մանկատան դեմ ուղղված սեւ PR է որակում՝ նշելով, որ սա զրպարտություն է, հարցումներն անչափահաս երեխաների շրջանակում կատարվել են՝ նրանց ուղղորդելով, եւ ինքը Սփյուռքի հոգաբարձուների խորհրդի հորդորով պատրաստվում է դատի տալ «Լոգոս» հ/կ-ին: Ըստ Սոնա Սիմոնյանի, մանկատան հոգաբարձուների խորհուրդը ընդամենը մեկ ամիս առաջ էր միջազգային աուդիտ ուղարկել «Թռչունյան տուն», որպեսզի տեսնեին, թե ինչպես են ծախսվում բարերարների տված գումարները ու խախտումներ չարձանագրելով՝ հեռացել են: Սոնա Սիմոնյանի ասելով, հոգաբարձուների խորհրդի անդամները հաճախակի են լինում Հայաստանում, նրանք շատ լավ գիտեն, որ այս կառույցում կոռուպցիոն դրսեւորումներ չկան, հետեւաբար եւ վերջիններս եւս անչափ զայրացած են:

«Թռչունյան տան» ղեկավարը նաեւ նշում է, որ երեխաներին հարցաթերթիկներ են լրացնել տվել՝ մանկավարժին դուրս հրավիրելով սենյակից, իսկ հարցումներ անցկացրած Արա Մելիքջանյանը իր հերթին պնդում է, որ երեխաներն են խնդրել մանկավարժին դուրս հրավիրել, որպեսզի անկաշկանդ լինեն պատասխանների մեջ:

Սոնա Սիմոնյանը նեղվում է՝ նշելով, որ ավելորդ սենսացիաներ անելով ու վարկաբեկելով, ցեխ շպրտելով իրենց վրա՝ այնպես են անում, որ Գյումրիում 57 աշխատատեղեր փակվեն, 113 երեխաներ էլ զրկվեն դաստիարակվելու հնարավորությունից:

Ինչեւէ, որպեսզի ավելի հասկանալի դառնա վիճաբանության թեման, նախ ներկայացնենք մոնիտորինգն իրականացրած ծրագրի ղեկավար Արա Մելիքջանյանի ուսումնասիրությունները:

11692651_921350791237103_4929073846997957668_n

Aravot.am-ի հետ զրույցում Արա Մելիքջանյանն ասաց. «Քեզ հիգիենիկ պարագաներ՝ օճառ-շամպուն, ատամի մածուկ եւ այլն տրամադրո՞ւմ են» հարցին, հարցվածների 23 տոկոսը նշել է՝ այո, 17 տոկոսին չեն տրամադրում, 25 տոկոսին ամիսը մեկ անգամ են տալիս, 14 տոկոսը տանից են բերում, պատասխան չեն տվել՝ 23 տոկոսը: Այս հաստատությունում անգամ տանից են պահանջում, որպեսզի երեխաները իրենք բերեն իրենց հիգիենիկ պարագաները: Ճիշտ է՝ այստեղ պետական հովանավորություն չկա, մեր պետական բյուջեից գումար չեն տալիս, բայց վստահ եմ, որ դոնորները, որոնք գումար են հատկացնում, այս ամենի գումարը տալիս են:

«Ինչպիսի՞ն է հաստատության աշխատակազմի վերաբերմունքը քո հանդեպ» հարցին, լավ պատասխանել են 34 տոկոսը, բավարար՝ 3 տոկոսը, վատ՝ 30 տոկոսը, 13 տոկոսը պատասխան չկա: «Եթե ինչ-որ մեկը քեզ վատ բան է արել, ինչպե՞ս են պատժում, ո՞րն է ամենավախենալու պատիժը» հարցին, այստեղ անկյուն կանգնեցնելը՝ 21 տոկոս է, ծնկների վրա կանգնեցնելը` 15 տոկոս, սննդից զրկելը՝ 15 տոկոս, բացատրելը՝ 3 տոկոս, խփելը՝ 6 տոկոս, չեն պատժում՝ 9 տոկոս, պատասխան չկա՝ 31 տոկոս: Ասեմ, որ էստեղ լայնորեն կիրառվող պատժատեսակներից բացի, զրկում են սիրած զբաղմունքից: Էստեղ հստակորեն ունենք՝ ծանրամարտից են զրկել, երեխաներին նվագելու, ինչ-որ խմբակ հաճախելուց են զրկել, բակում ծնկների վրա կանգնեցնելը, խփելը… Աշխատակազմի հետ էլ ենք հարցումներ անցկացրել, հարց ունեինք, թե ո՞րն է ձեր կարծիքով ամենաարդյունավետ պատժատեսակը, հաստատության խոհարարը եւս նշել էր՝ սննդից զրկելը: Այստեղ կարծիքները ոչ թե խաչվում են, այլ թե՛ խոհարարը, թե՛ երեխաները նշում են, որ սննդից զրկելը դա առավել արդյունավետ պատժատեսակ է:

Մինչդեռ կառավարության կողմից հստակ նշված է, թե որ պատժատեսակը չի կարելի կիրառել: Սննդից զրկելը դա պիկ է խախտման: Այստեղ խախտվել է նաեւ երեխաների անձնական գաղտնիության իրավունքը, «քո անձնական պահարանն ունե՞ս» հարցին, պարզվեց, որ բացի երեխաներից նաեւ աշխատակիցներն են բացում նրանց պահարանները, ինչ-որ իրեր են վերցնում, եթե նրանց դա անհրաժեշտ է: Այս կառույցում հոգեբան չկա, տնօրենն ասում էր՝ արձակուրդում է, բայց երեխաներ կան, որոնք 7-8 տարի է այնտեղ են, ասում են՝ իրենք հոգեբան տեսած չկան, որ իրենց հետ կիսվեն, իրենց գաղտնիքների մասին խոսեն: Իսկ հիգիենիկ պարագաները, որոնք տալիս են ուշ հաճախականությամբ, տարին երկու անգամ եւ ատամի մածուկը կամ սրբիչը չորս հոգուն տալիս են մեկ հատ, բացի կոռուպցիոն դրսեւորումներից, առողջության պահպանման իրավունքի կոպիտ խախտումից, դիտարկել ենք նաեւ, որ հաստատությունն արհեստականորեն վեճ-կռիվներ է հրահրել սաների միջեւ. եթե մեկը ատամի մածուկից օգտվում է օրական մեկ անգամ, մյուսը՝ 2-3 անգամ, վեճեր են սկսվում, թե քո պատճառով վերջացավ մածուկը»:

«Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնա Սիմոնյանն էլ ասում է, որ «Լոգոս» հ/կ-ն իր գլխավորած կառույց է եկել անակնկալ ձեւով՝ եկել են խնամքի կենտրոնի առօրյայի հետ ծանոթանալու պատրվակով, եւ ինքը չի պատկերացրել, որ վերջիններս հարցաթերթիկներ են բաժանելու: Երբ լսել է այս մասին՝ մտածել է թույլ չտալ, սակայն նախարարությունից զանգահարել, ասել են՝ թող անցկացնեն հարցումները, քանի որ պետական խնամքի կառույցներում եւս անցկացնում են:

«Ես այդ պահին մտածեցի վախենալու ոչինչ չունեմ, մեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է, խնդրեմ՝ էս երեխաները, էս էլ մենք: Ես մտավախություն չունեի՝ մտածելով, որ օբյեկտիվ պետք է լիներ: Ես քաղաքապետարանում էի, ինձ զանգեցին, ասացին եկել են, հարցաթերթիկներ ունեն իրենց հետ, եկել, բաժանել են աշխատողներին առանձին սենյակում, երեխաներին՝ մեկ այլ սենյակում: Մանկավարժը ներկա է գտնվել երեխաներին հարցաթերթիկներ բաժանելու պահին, եւ երեխաները շատ զարմացած նայել են՝ մտածելով միգուցե թեստային աշխատա՞նք է, որովհետեւ 5-րդ դասարանից մինչեւ 9-րդ դասարանի երեխաներն են մասնակցել, 80 երեխաներից 35-ն են մասնակցել, շատ քիչ թվով երեխաներ եւ հիմնականում ցածր դասարանի երեխաներ: Երեխաները հարցաթերթիկում ընդգրկված հարցերից հարցեր են սկսել տալ, թե սա ի՞նչ է նշանակում, սրան ինչպե՞ս պետք է պատասխանենք, մեր մանկավարժը փորձել է օգնել, մանկավարժին դուրս են հրավիրել: Սա, իմ կարծիքով, կոպիտ սխալ է, երեխաները անչափահաս են, հարցաթերթիկներն էլ խրթին, պրովոկացիոն հարցեր են պարունակել:

Օրինակ՝ հարցին ինչպիսի՞ պատժամիջոցներ են կիրառում Ձեզ մոտ, երեխաները բարձրաձայն հարցրել են՝ ի՞նչ է նշանակում պատժամիջոց, նրանք էլ բացատրել են՝ ձեզ ծեծում են, անկյուն են կանգնեցնում կամ հացից են զրկում: Ինչպես տանը չկա երեխա, որը դիտողություն ստացած չլինի, նույնն էլ այստեղ, սա էլ մի մեծ տուն է, որտեղ 80 երեխա է ապրում, ասենք ցեխոտ կոշիկներով վազում, մտնում է ճաշարան, ֆուտբոլ է խաղում, բնական է՝ հերթապահ մանկավարժը դիտողություն պետք է անի, պիտի ասի՝ դուրս արի, չես ուտի, ձեռքերդ լվա, կոշիկներդ լվա, նոր արի: Ու այս ամենը դարձրել են պատմություն, այս ամենը նշանակում է երեխաներին զրկե՞լ ճաշից: Հայտարարում եմ, որ մեզ մոտ երբեք, երբեք երեխան սննդից չի զրկվել, օրական չորս անգամ սնվում է, ցանկացած պահի պատահական թող գան, տեսնեն ինչ որակ սնունդ է ստանում երեխան»,- զայրանում է տնօրենը: Ըստ տնօրենի, խոհարարը որեւէ իրավունք չունի երեխային ճաշից զրկելու, հետեւաբար եւ նման բան չէր կարող լինել: Հսկողությունը ճաշի պահին իրականացնում են մանկավարժները:

Տնօրենը բացառում է իր հաստատությունում երեխային ծեծելը, ըստ նրա, հենց «Լոգոս»-ն է թելադրել, հուշել ինչ գրեն պատժամիջոց հարցադրման տակ, նրանք էլ գրել են, քանի որ պատժամիջոց բառը չեն էլ հասկացել: Ըստ տնօրենի, «Լոգոս»-ի ներկայացուցիչը երեխաներին բջջային հեռախոս ու պլանշետ է խոստացել, որպեսզի իրենց թելադրածով գրեն: Նշենք, որ «Լոգոս»-ի ներկայացուցիչն էլ Սոնա Սիմոնյանի ասածը կեղծիք է որակում: Հոգեբան չունենալու հետ կապված էլ Սոնա Սիմոնյանը նշում է, որ իրենք համարյա երեխաների թվաքանակին հավասար մանկավարժներ ունեն՝ թվով 57, իսկ կառույցը ֆինանսավորող սփյուռքահայերը մշտապես մերժել են հոգեբան ունենալու պահանջը՝ նշելով, որ դրա կարիքը չկա, թող այդ գործն անեն մանկավարժները: Սակայն իրենք փնտրտուքից հետո այդուհանդերձ հոգեբան ընդունել են, որն արդեն մեկ ամիս է աշխատում է: Հիգիենիկ պարագաների հետ կապված էլ տնօրենը զայրանում է՝ ցույց տալով հովանավորների ուղարկած ատամի մածուկներն ու շամպունները, որոնք բավական մեծ տարողությամբ են, բավական ուշ են սպառվում, ըստ նրա, այնքան շատ են դրանք, որ անգամ ժամկետներն են անցնում ու չեն հասցնում սպառել:

Տնօրենը հավաստիացնում է, որ դրանք տալիս են՝ ըստ պահանջի, ինչ է շատ իրենց մոտ՝ հիգիենիկ միջոցները: Տնօրենն հարցնում է. «Եթե նրանց նկարագրելով այդքան վատն է «Թռչունյան տունը», որին սեւ ներկերով են ներկայացնում, ինչո՞ւ է երեխան տուն հասնելուն պես ուզում արագ վերադառնալ կառույց: Եթե ծնողը դիմում է գրում, երեխային մի քանի օրով վերցնում է, բայց ժամկետը չլրացած՝ անմիջապես հետ է բերում, ինչո՞ւ…»: Ըստ տնօրենի, իրենք այնպիսի երեխաների են դաստիարակում, որոնց 50 տոկոսը սովորում են բուհերում, ընտանիքի կողմից լքված լինելով՝ կարգին մարդիկ են դառնում, միթե՞ ծեծի ենթարկվող ու սոված երեխաները այդպես կսովորեին:

«Ինչ- որ քրեակատարողական հիմնա՞րկ են մտել, այդ աչքերով են նայում: Ի՞նչ տվեցին այդ դիտարկումները, ի՞նչ հայտնաբերեցին, շատ կոպիտ է այս ամենը մատուցված, եթե այդքան մտահոգ էին, ինչ-որ թերություն էին տեսել, թող գային, միասին քննարկեինք, բայց ինչ-որ ստուգում անցկացնել, գրանտներ շահել ու գրանտները յուրացնել՝ սուր անկյուններ ստեղծելով ու սեւացնելով, բա կարելի՞ է, վերջը այս կառույցը Սփյուռքում ճանաչված է: Սաստելը, թե կեղտոտ ձեռքերով հաց չուտես ու պատժելը գոնե տարբերակո՞ւմ են, այստեղ երեխան լիարժեք մարդ է դառնում, արդեն բազմիցս ապացուցել ենք: Եթե մեր շենքը պայմաններ ունենա, երեխաների թիվը կարող է ավելանալ, քաղաքի տարբեր ծայրերից ու տարբեր քաղաքներից են երեխաներին բերում մեզ մոտ, որ դաստիրակենք, ասում են հենց Ձե՛ր կառույցն ենք ուզում»: Նշենք, որ բացի խնամքի կենտրոնի երեխաներից, այդ տարածքի երեխաներն են սովորում «Թռչունյան տան» դպրոցում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հարգելի տիկին Սիմոնյան այսքան տարիների Ձեր կատարած աշխատանքը և բարի գործը չի կարող ինչ-որ մեկի զրպարտության պատճառով սևանա: Բոլորը գիտեն , թե <> խնամքի հաստատության վարկանիշը ինչ տեղ է զբաղեցնում ամբողջ ՀՀ-ում և Սփյուռքում:

  2. Իմ աշխատած տարիների ընթացքում տիկին Սիմոնյանի և մանկավարժական կոլեկտիվի կողմից երեխաների նկատմամբ բացի հոգատար , ջերմ և առավել ևս ծնողական վերաբերմունքից ոչ մի բացասական արարք չեմ տեսել:

  3. Վարդուհի Սարգսյան says:

    Հարգելի «Լոգոս» հ/կ-ի հետազոտողներ, գուցե մի որոշակի ժամանակահատվածում դուք փորձեք աշխատել երեխաների հետ, տիրապետել երեխաների հոգեբանությանը, տեսնել իրենց առօրյան, հասկանալ կառույցում տիրող իրավիճակը, նոր արդյունքներ հրապարակեիք։ Չեմ կարծում, որ կարելի է մի քանի հարցեր ուղղելով երեխաներին, հարցեր, որոնք չգիտենք էլ թե ինչպիսի մասնագետի կողմից է կազմված և երեխաների կողմից այդ հարցերը ինչպես են ընկալվել, գուցե չեն էլ ընկալվել, գուցե հարցը բացատրելիս երեխաները ապակողմնորոշվել են, մեկը մյուսի կարծիքը առանց գիտակցելու կրկնել է, որը բնորոշ է այդ տարիքային խմբին, կասկածելի պայմաններում երեխաների գրածը՝ առանց հասկանալու տվյալ հարցադրումների պատասխանների հավաստի գրելու լրջությունը։ Ես ծանոթ եմ այդ կառույցի աշխատանքներին, կարող եմ ասել ընտանիքներում մեծացող երեխաների 80% – ը երևի այնպիսի պայմաններում չեն մեծանում, ինչպիսի պայմաններում մեծանում են «Թռչունյան տան» երեխաները, որի համար երախտապարտ ենք մանկատան հովանավորներին։ Առաջարկում եմ այդ “վատ” պայմաներում ապրող երեխաների մանկավարժների փոխարեն որոշ ժամանակ երեխաների հետ ձեր կենտորնի մասնագետները աշխատեն ու հասկանան այդ կառույցի մանկավարժների ջանքերի արժեքը և ղեկավարության հոգատարությունը։

  4. Հասմիկ Հովհաննիսյան says:

    Ես գտնում եմ, որ սա սադրիչ գործունեություն էր՝ ուղղված <> խնամքի կենտրոնին։
    Իմ աշխատանքային գործունեության ընթացքում (շուրջ ինը տարի) երբևէ ականատես չեմ եղել նման իրավիճակի։ Այն մեղադրանքը, որին արժանացանք մենք, անհիմն էր և անտեղի։ Մենք միայն հպարտորեն կարող ենք շեշտել այն սաների անունները, ովքեր առանց կրկնուսույցի սովորում են բարձրագույն հաստատություններում և մինչև օրս չեն մոռացել ո՛չ դպրոցը, ո՛չ էլ ուսուցիչներին։ Մենք վայելել ենք միայն սեր և հարգանք։

  5. Շուշաննա Սարգսյան says:

    12 տարի շարունակ ես գտնվում եմ <> խնամակալության ու հոգատարության ներքո, այն ինչ կներկայացնեմ զուտ իրականություն է… Հաստատությունը առաջին հերթին մեզ համար տուն է, տեղի մանկավարժները մեզ համար առաջին հերթին հոգեբան են, ապա նոր մանկավարժ, նրանք մեզ սեփական երեխաների նման են սիրում, տնօրենը մեր Մայրն է, որի կողմից մենք արժանացել են սիրո ու ջերմության, քնքշանքի, ես ինքս մեծացել եմ նրա հոգատար մայրական ժպիտի ներքո.. Հենց այս հաստատության շնորհիվ է, որ այսօր մենք՝ 12-րդ դասարանի 4 աշակերտներս սովորում ենք Գյումրու լավագույն ինստիտուտի՝ Արվեստների ակադեմիայի նախապատրաստական բաժնում.. Այստեղ օրական 4 անգամ տրամադրվում է որակյալ սնունդ, չեմ կարծում, որ որևէ մեկի տանը նման ռեժիմով սնվեն, կան մարդիկ, ովքեր օրվա հացի կարոտ են։ Ես միայն հպարտությամբ ու երախտագիտությամբ կարող եմ արտահայտվել իմ Տան մասին… Կցանկանայի շեշտել, որ նախքան իրականությանը չհամապատասխանող փաստեր ներկայացնելը, հաշվի առնեն ճշմարտությունը և չկեղեքեն այն, որպեսզի այսքան տարիների ընթացքում կուտակած <> մեծ համբավը անհիմն փաստերով չվարկաբեկեն… Սիրելի՛ տիկին Սիմոնյան, արդարությունը մեր ձեռքերում է։

  6. Լուսինե Գրիգորյան says:

    Ես գտնվում եմ <> հոգածության և խնամակալության ներքո բավական երկար ժամանակ և վստահորեն կարող եմ ասել, որ վերը բերվածը ուղղված է վարքաբեկելու այս հաստատության բարի համբավը: Ես այս ամենը համարում եմ սադրիչ գործողություն, որի հետևում կան ավելի խորը դրդապատճառներ: Սա երեխաների խնամքի կենտրոններում անցկացված սովորական սոցհարցում չէ, այլ <>: Նշեմ, որ ես ուսանող եմ ու սովորում եմ ԲՈՒՀ-ում և իմ ուսման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մեր շատ սիելի տնօրեն՝ Սոնա Սիմոնյանը: Այս հաստատությունում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի երեխաներն իրենց ապահով զգան և ստանան ընտանեկան ջերմություն:Այստեղ կան համապատասխան սանիտարահիգիենիկ պայամաններ, տալիս են թարմ և որակյալ սնունդ, դաստիարակները պարտադիր կարգով հետևում են երեխաների հիգիենային, առաջադիմությանը և կարգապահությանը: Նշեմ որ, կարգապահությանը հետևել չի նշանակում երեխաներին բռնության ենթարկել,ինչպես դուք եք զեկույցում նշել: Ոչ մի դաստիարակ կամ ուսուցիչ երեխաներին չի ծեծում,այլ բացատրում է երեխաին իր սխալը:Այստեղ ամեն ինչ կազմակերպվում է պատշաճ մակարդակով և չարաչար սխալվում եք, եթե փորձում եք վատաբանել <> աշխատակազմն ու այստեղ կատարված աշխատանքները: Այսքան տարի մենք ունեցել ենք բազմաթիվ բարձրաստիճան ու օտարերկրացի հյուրեր և չի գրանցվել գոնե մեկ դեպք, որ նրանց մոտ վատ կարծիք կազմվի մեր հաստատության մասին ու հանկարծ հայտնվում է մի ոչ այդքան հայտնի կազմակերպություն ու սկսում է զրպարտել ու վատաբանել <>: Մի՞թե սա կասկածի տեղիք չի տալիս:

  7. Ալյոնա Պոլեյան says:

    Ես արդեն 8 տարի է, ինչ իմ երեխաներին հանձնել եմ<> խնամակալությանը, այստեղ իմ երեխաները սովորում են, նշեմ, որ ուսումը շատ դպրոցներից ավելի մակարդակով ու որակյալ է կազմակերպվում, իմ երխաներն օգտվում են այս հաստատության ընձեռած հնարավորություններից՝ հաճախում են տարբեր խմբակների, հաստատությունն ունի մանկավարժական բարձրակարգ կազմ, որոնց ձեռքերում իմ երեխաներն ապահով են…Այս նյութը կարդալով, ես զարմացած եմ մնացել, թե ինչպե՞ս կարելի է նման սուտ ու սխալ փաստերով փորձել վարկաբեկել նման մեծ հռչակ ու անուն ունեցող հաստատությանը, որը ջանք ու եռանդ չի խնայում իր սաներին էլ ավելի բարեկեցիկ պահելու համար.. Ես միայն կարող եմ ասել, որ իմ երեխաներին ապահով ձեռքերում եմ թողել, իմ երեխաները ծնողական սեր ու խնամք են ստանում յուրաքանչյուր մանկավարժից։

  8. Վարդանյան Նինա says:

    Սրտի ցավ և խոր վիրավորանք ապրեցի ` լսելով հարազատ կրթօջախիս` <> հաստատության հասցեին ասված հերուրանքները , որոնք և’ զայրացուցիչ էին , և’ դատապարտելի:
    Անտեղի, անհիմն մեղադրանքները ոչ մեկին հեղինակություն չեն բերում , մանավանդ, երբ գաղափար անգամ չունես կենտրոնի ներսում կատարված աշխատանքներին, էլ չեմ խոսում այն ստերի մասին, որոնք <> համարեցին հարցաթերտիկները կեղծ խոստումներով լրացնելը ` շեղելով մանկահասակ երեխաների ուշադրությունը , մոռացնել տալով այն ջանադիր աշխատանքը, հոգատարությունը, մարդասիրական վերաբերմունքը, որով շրջապատված են նրանք:

  9. Ինձ համար շատ դժվար է տեսնել ու լսել այս ամենը: Ես արդեն շատ երկար ժամանակ է, ինչ բնակվում եմ այս հաստատությունում ու կարող եմ վստահ ասել, որ այն գտնվում է շատ բարձր մակարդակի վրա և, որ այս ամենը կեղծիք է:Այստեղ երեխաներին մեծացնում են, դաստիարակում, կրթության տալիս և ի վերջո նրանց դարձնում են պիտանի մարդիկ:Ես ինքս ուսանող եմ և հասկանում եմ, որ եթե ես այսօր համարվում եմ ուսանող, ապա դա <>կրթարանի և նույն կրթարանի տնօրեն Սոնա Սիմոնյանի շնորհիվ է: Շատ երեխաներ, որոնք բնակվում են իրենց տներում,նույնիսկ չգիտեն ինչ է ԲՈՒՀ-ը,նորմալ ուսումը: Այստեղ երեխաները ոչնչի կարիք չեն զգում՝ ոՙչ սնունդի, ոՙչ ուսման, ոՙչ դաստիարակության և ոՙչ էլ ջերմության: Օրական չորս անգամ սնունդ են տալիս. չեմ կարծում, որ տանը սնվեն այսպիսի ռեժիմով: Էլ չեմ ասում, որ տարվա մեջ չորս անգամից ավել երեխաները գնում են ռեստորաններ, տարբեր մշակույթային վայրեր, թանգարաններ և այլուր:Ոչ ոք իր տանը գտնվելու ժամանակ գրեթե չի այցելում այդպիսի վայրեր:Պետք է շնորհակալ լինել և ոչ թե փնովել, վարկաբեկել մի հիանալի օջախ, ինչպիսին այս օջախն է:Հավատացեք՝ այն ինչ անում է այս հաստատությունը,ուրիշները չէին անի:Ես ինքս շատ շնորհակալ եմ և միշտ էլ կլինեմ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031