Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. Սկզբից, որ գրում էի, անկեղծորեն ոչ մեկ իմ կողքին չի եղել

Դեկտեմբեր 21,2015 23:35

Նարեկացի Արվեստի Միությունում դեկտեմբերի 21-ին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Մտորումներ ինքս ինձ հետ» խորագրով հանդիպում ունեցավ: Հանդիպման ընթացքում նա ներկաներին ներկայացրեց իր «Ողջույն, տղե՛րք» գիրքը:

Գագիկ Գինոսյանը նշեց, որ ի սկզբանե գիրքը վերնագրել էր «Մտորումներ ինքս ինձ հետ», սակայն հետագայում վերափոխել է՝ գրքի առաջին ստեղծագործության անվանումով. «Սկզբից, որ գրում էի, ինչպես որ պարում էի, անկեղծորեն ոչ մեկ իմ կողքին չի եղել՝ սկսած հարազատներից, ընկերներից, ասում էին՝ «դե լավ, թարգի՛, արդեն մեծ մարդ ես ընտանիք ունես, երեխեք ունես, ինչքա՞ն պիտի պարես»: Հետո, երբ սկսեցին գրել, ասացին՝ «ո՞ւմ համար ես գրում, մարդիկ սկի Սեւակ չեն կարդում», դա 2000, 2001 թվականներին էր: Ասում էի՝ չեմ կարող ուղղակի չգրել, լցվում եմ, դատարկվելու կարիք կա, մտքերս թղթին հանձնելու կարիք կա»:

Գագիկ Գինոսյանը երեկոյի ընթացքում ընթերցեց իր ստեղծագործությունները, առաջինը՝ «Ողջույն, տղե՛րքն» էր. «Ինձ համար ամենացավոտ թեմաներից մեկը ոչ թե Եռաբլուրն է, Եռաբլուրն ամենահպարտություն առաջացնող գաղափարն է, որովհետեւ ավելի քան վստահ եմ, որ տղերքը չեն գնացել, տղերքը մեզ հետ են, տղերքը մեզնից վեր են, եւ տղերքը շատ ավելի զորեղ են այսօր, քան թե մենք կարող ենք պատկերացնել, տղերքն իրենց հավերժական խրամատներում են, եւ յուրաքանչյուրն ընտրել են հոգեւոր սահմանագծում լինելու եւ մեզ անընդհատ սթափ պահելու առաքելությունը»:

Նա նշեց, որ իրեն թվում է, որ տղերքը հրամայում են չպառակտվել, չերկնչել, մանրադրամի չվերածվել. «Այսօր, երբ տղերքը շարունակում են զոհվել սահմաններում, վստահ եմ, որ երկիրը երկու սահման ունի, երկիրը երկու եզր ունի: Նժդեհը պիտի ասեր՝ մեծ մեռելների աճյուններից է հառնում հայրենիքը: Մեր հայրենիքը սկսում է Եռաբլուրից եւ ավարտվում է իրական սահմանով: Եվ քանի դեռ մենք այդ երկու սահմանը սրբությամբ պահում ենք, որեւէ ոտնձգություն չի կարող լինել հայոց հայրենիքի վրա, բայց պիտի նաեւ մենք հասկանանք, որ մենք պիտի արժանի լինենք ե՛ւ սահմանին, ե՛ւ Եռաբլուրին: Եվ եթե մեր հոգիները փտախտով չեն տառապում, եւ եթե մենք զգում ենք մեր քաղաքացի լինելը, եւ եթե մենք այնպես ենք ապրում, որ սահմանում կանգնած տղան հասկանում է, որ ինքը իր հոգեւոր հայրենիքն է պաշտպանում, եւ ոչ հոգեւոր անապատը, ապա մենք պետք է շարունակենք հաղթել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031