Գերագույն խորհրդի պատգամավորներ՝ Սամսոն Ղազարյանի ու Մեխակ Գաբրիելյանի՝ տարիներ առաջ ծագած ֆինանսական վեճը դեռ դատական փուլում է:
Հարուցված քրեական գործով տուժող ճանաչված Մեխակ Գաբրիելյանը սնանկ է ճանաչվել:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի, Սամսոն Ղազարյանը սկսած 2004թ.-ից փոխառությամբ գումարներ է տվել Մ.Գաբրիելյանին, Կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, առանձնապես խոշոր չափի հասնող տոկոսներ ստանալու նպատակով: Մեղադրական կողմի փաստարկներով՝ Սամսոն Ղազարյանը յուրաքանչյուր ամիս ստացել է տոկոսները, նաեւ մայր գումարը:
Հաջորդ դատական նիստը եկող տարվա հունվարի տասնմեկին է նշանակված, ու Սամսոն Ղազարյանի խոսքով, որպես վկա են հրավիրված Մեխակ Գաբրիելյանի բոլոր պարտատերերը. «Բոլորն էլ ներկայացրել են թվերով, թե ում ինչքան է պարտք: Հունվարի տասնմեկին պարտատերերի ժողով կլինի»:
Ըստ Սամսոն Ղազարյանի, տուժողն անշարժ գույք է վաճառել, որը եղել է կալանքի ու արգելանքի տակ. «Հայցադիմում եմ ներկայացրել նաեւ այդ պատճառով: Դիմել եմ Վերաքննիչ դատարան, որովհետեւ առաջին ատյանի դատարանը մերժեց մեր հայցն ընդդեմ քննիչի ու դատախազի, որոնք որ այդ մասով հարուցված քրեական գործով Մեխակի արարքներում հանցակազմ չէին տեսել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ