Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվում էր Իսրայել Սարգսյանի գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում մեղադրողը հրապարակեց անձնական խուզարկություն կատարելու վերաբերյալ արձանագրությունը, ըստ որի Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել են «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոս, սեւ դրամապանակ, ձեռքի ժամացույց, իսկ գոտկատեղից հայտնաբերվել է «Բերետտա» ատրճանակ: Ամբաստանյալը նշել է, որ հայտնաբերվածից միայն ատրճանակը իրեն չի պատկանել:
Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ երբ իրեն ձերբակալել են աշխատանքային գործընթացի մեջ է եղել, փախուստի մեջ չի գտնվել. «Բոլորս էլ գիտենք, որ այդ ձերբակալման շոուն ինչ ձեւ է կազմակերպվում, ես իրենց էլ եմ ասել, եւ էլի ա եղել, տենց բաժին կա Հայաստանում գողերի ու ավտորիտետների բաժին, բաժնի պետը զանգահարել է ինձ, ես գնացել եմ ոստիկանության շենք ինչ-որ մի հարցով, 2012 թվականի բան եմ ասում: Կանչել էր, գնացել եմ, ես ոչ մի խուսափելու թեմա չեմ ունեցել, որ ոստիկանությունից խուսափեմ: Զանգեին, ես 100 տոկոս կգնայի, բայց իրենց պետք էր, որ էդ ձեւ ինձ ձերբակալեին: Բնական ա, պիտի «Սուր անկյունից» սկսած բոլոր տեղերով էլ ցույց տային: Դրա հետ մեկտեղ՝ նախօրոք պատրաստված էր ձերբակալության շոուն, բնական է, իմ ու երկու ընկերների մոտ ոչ մի զենք էլ չի եղել, նրանք էդ ժամանակ ասում էին՝ «Զենքը ո՞ւր ա, զենքը ո՞ւր ա», ես արդեն հասկանում էի՝ ինչ ա կատարվում: Երբ մեզ հասցրեցին ոստիկանության շենք, այնտեղ, ես մինչեւ հիմա հիշում եմ այն անձնավորությանը, որը այդ փոքր ատրճանակը դրեց իմ գոտկատեղին: Իմ ձեռքերը շղթայված էին, այդ ժամանակ օպեր աշխատողներից մեկը մոտեցավ էդ ատրճանակը վերցրեց եւ մտցրեց իմ գոտկատեղը, ասաց «Էսի քոնն ա, արա՛», ասացի՝ «Ո՞նց ա իմը», «Բա քոնն ա», ասացի՝ եղավ»:
Իսրայել Սարգսյանը նշեց, որ փորձել է չկպնել ատրճանակին, սակայն բութ մատը դիպչել է ատրճանակին, կատարված փորձաքննությունները հայտնաբերել են միայն այդ բութ մատի մատնահետքը. «Բնական է, գերբնական ուժով, բութ մատով այդ ատրճանակը կարող եմ վերցրել եւ գործողություններ կատարել, երեւի: Իմ բախտը էնտեղ բերեց, որ էդ ատրճանակը փորձաքննության փուլն անցնելուց հետո, երեւի մի քիչ ազնվություն կար, որ ոչ մի սպանություն կամ հանցագործություն չդրեց ինձ վրա»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից «Թեւոսիկի»՝ Թեւոս Սաֆարյանի եղբայր Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը, ապա հանցանքը թաքցնելու նպատակով սպանել էր Մովսես Ներսիսյանին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ