Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

Դեկտեմբեր 21,2015 22:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որդիների հետ միասին, Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է 38 հազար լուսադիոդային լամպերով ու շուրջ 500 խաղալիքներով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:

002

Լույսերի միացմանը զուգահեռ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները: Երևանի ամանորյա տեսքն ապահովել են 987 փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվել են բոլոր վարչական շրջանների ավելի քան 50 փողոցներում։ Գեղարվեստական լուսային ձևավորում  են ստացել նաև 1700-ից ավելի ծառեր բոլոր վարչական շրջաններում։ Ծառերի լուսային ձևավորման համար օգտագործվել են  18758 լուսային շղթաներ՝ ընդհանուր 1.875.800 լեդ լամպերով։ Բոլոր վարչական շրջաններում տոնական լույսերով ձևավորված են ավելի քան 20 այգիներ ու պուրակներ և յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր կենտրոնական տոնածառը։

Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ մայրաքաղաքի տոնական ձևավորմանը զուգահեռ Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի անակնկալներով լի ու տոնական շնչով առլեցուն լինեն նաև ամանորյա միջոցառումները:

«Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մենք ջանացել ենք, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի համար լինեն հետաքրքիր, տպավորիչ և հիշարժան: Ամենատարբեր միջոցառումներ են նախատեսված ոչ միայն Հանրապետության հրապարակում, այլև բոլոր վարչական շրջաններում: Ծրագրում նաև հետաքրքիր անակնկալներ կան մեր փոքրիկների համար, որոնք առաջին անգամ են լինելու: Այս պահին արդեն գեղեցիկ տոնական լուսավորությամբ զարդարված են մայրաքաղաքի բոլոր գլխավոր ու հիմնական փողոցները»,- ընդգծել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի տոնական ձևավորման հարցում քաղաքապետը առանձնակի կարևորել է նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն ևս դարձել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկը:

«Այս տարի նույնպես մենք առաջարկել ենք մասնավոր ընկերություններին և տնտեսվարողներին գեղեցիկ ձևավորել իրենց տարածքները, շենքերը: Այս ամենն, անշուշտ, նպաստում է մայրաքաղաքի տոնական մթնոլորտի ապահովմանը: Համոզված եմ, որ այս օրերին թե՛ մեր բնակիչները և թե՛ մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան բարձր տրամադրությամբ, լիարժեք վայելելու Ամանորը: Առիթն օգտագործելով ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք տոների առթիվ և մաղթել, որ նոր տարին լինի խաղաղության, հաջողության և երջանկության տարի»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Ամենագեղեցիկ տոնական ձևավորման» մրցույթ, որի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանից կընտրվեն լավագույն ձևավորում իրականացրած կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները, ովքեր տոնական տեսք կհաղորդեն իրենց պատշգամբներին: Բացի այդ, կխրախուսվեն նաև կրթական ու մշակութային այն հաստատությունները, որոնք լավագույնս կձևավորեն իրենց շենքերի արտաքին տեսքը։ Լավագույնները կարժանանան Երևանի քաղաքապետի պատվոգրերի և հատուկ խրախուսական մրցանակների։

Հանրապետության հրապարակում մեկնարկած հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով ու ավարտվել հրավառությամբ: Տոնախմբող բնակիչներին ու մայրաքաղաքի հյուրերին իրենց կատարումներով ողջունել են հայ էստրադայի սիրված երգիչներն ու մանկական երգչախմբերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031