Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանի» քաղաքական օրակարգում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են

Դեկտեմբեր 21,2015 19:22

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական օրակարգում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը, անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի  և Վիգեն Սարգսյանի վերջին ելույթներին՝ ասաց. «ՀՀԿ-ն համարում է, որ դեկտեմբերի 6-ի քվեարկության կեղծման արդյունքում իրեն հաջողվելու է մնալ անպատիժ:

Իրենք համարում են, որ 2017-ին այս անպատժելիության մթնոլորտը պահպանվելու է, և իրենք ունենալու են խորհրդարանում մեծամասնություն: Ցանկանում են, որ ՀՀ քաղաքական համակարգը բաղկացած լինի ՀՀԿ-ից և այն քաղաքական սուբյեկտներից, ով կասկածի տակ չի դնում և պայքարում է, որ ՀՀԿ-ն պատասխան տա իր քրեական գործունեության համար»:

Ըստ պարոն Ղուկասյանի՝ իշխանության նպատակն է լռեցնել բողոքի ակցիաները և քաղաքական դաշտը նորաստեղծ սուբյեկտներով լցնել ու ամեն կերպ ահաբեկել ժողովրդին պատերազմի սպառնալիքներով և ռազմական բազում վտանգներով:

Դառնալով «Նոր Հայաստանի» ծրագրին՝ պարոն Ղուկասյանը տեղեկացրեց, որ իրենք շարունակում են մնալ հրապարակում, բողոքի ակցիաները շարունակվում են և օրակարգում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները:

Պարոն Ղուկասյանը մտահոգություն հայտնեց, որ ողջ իրավապահ համակարգն ու մեդիա դաշտը գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության տակ, և չի լուսաբանվում իրենց ներկայացված հստակ պահանջը իրավապահներին՝ քրեական գործեր հարուցել դեկտեմբերի 6-ի բոլոր ընտրախախտների դեմ:

«Նոր Հայաստան» շարժման անդամները կարծում են, որ վարչախումբը շարունակելու է օգտագործել արտաքին վտանգները: Այս առիթով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նկատեց. «Որպես նախկին զինվորական և կենտրոնական ապարատում երկար տարիներ աշխատած, ռազմական որոշումներին ակտիվորեն մասնակցած մասնագետ կարող եմ ասել, որ կիրառելու են «բանակին չկպնեք» արտահայտությունը: Բայց պետք է տարանջատել, թե ինչն է վնասում բանակին, ինչը ոչ:

Բոլոր այն հարցադրումները, քննարկումները, քննադատությունները, որոնք կարող են վնասել պետության պաշտպանությանը, իհարկե, ցանկալի չէ, որ լինեն: Բայց հոռի բարքերը, համակարգային կոռուպցիան, կոնկրետ ղեկավարների վարքուբարքը, հանցավոր գործունեությունը թուլացնում են պաշտպանունակությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031