«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը համարում է, որ իր առաջնային խնդիրը կատարել է: Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Մակեյանը քիչ առաջ հայտարարեց. «Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն իրոք ոսկոր էր, որ մնաց վարչախմբի կոկորդին: Մեր հաջորդ քայլը պետք է լինի չընդունված հանրաքվեն անվավեր ճանաչել: Պայքարը պետք է շարունակել փողոցում, անկախ՝ Նոր տարի է, թե՝ ոչ»:
Պարոն Մակեյանը մտահոգություն հայտնեց, որ իրենց մարզային այցելությունները ցույց տվեցին, որ տեղերում ղեկավարում են խանությունները և գործի են դնում իրենց ողջ զինանոցը: Պետրոս Մակեյանը խոսեց «կանանց բետեեռներ» երևույթի մասին, որը ժամանակին գործի էր դրվում երևանյան հրապարակներում, այժմ արդեն մարզերում: Այս ամենի արդյունքում պարոն Մակեյանը եզրահանգում է, որ վարչախումբը չափից ավելի ջղաձգված է. «Նրանք սարսափած են, որ «Նոր Հայաստանի հետևողականությունը դիմադրողականության գործընթացում հնարավոր է հասարակությանը բերի հրապարակ: Դրա համար իրենց զինանոցում ունեցած- չունեցած բոլոր միջոցներով փորձում են շարժմանը խոչընդոտել»:
Դառնալով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անցյալին՝ պարոն Մակեյանը որոշ ուշագրավ դրվագներ ներկայացրեց. «1998-ից, երբ ԱԺ-ում վարկեր ուսումնասիրող հանձնաժողովում էի, Սամվել Դարբինյանը ճանապարհաշինության նախարարության պետն էր, որը ենթարկվում էր տրանսպորտի նախարար Հենրիկ Քոչինյանին: Այն ժամանակ մենք հայտնաբերել էինք վարկերի ոչ միայն անարդյունավետ օգտագործում, այլև երկուսի կողմից կոռուպցիոն գործունեություն: Ու երբ Քոչինյանը դարձավ Լոռու մարզպետ, այդ տղային տարավ քաղաքապետ: Հիմա նա օլիգարխ է դարձել և բանդա է պահում, և տեսանք, թե ինչպես լոռեցիները դրանց չեզոքացրին, իսկ ոստիկանությունը դիտորդի դերում էր՝ փոխանակ հանցագործ տարրերին մեկուսացներ և պատասխանատվության ենթարկեր»:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը՝ 17.00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա քաղաքացիական ժողով-ասուլիս, որի ժամանակ քաղխորհրդի անդամները կպատասխանեն լրագրողների և քաղաքացիների հարցերին՝ ամփոփելով քաղաքացիական ժողովների շարքը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ