ԱԺ արտահերթ նստաշրջանում «Վարչական իրավախախտումների» վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ պատգամավորների քննադատություններին ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանի տվյալներին:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ավտովթարից զոհերի թվի հետ կապված 2 հիմնական չափանիշ է առաջ քաշել՝ արագությունը եւ ամրագոտիները. «2011-ին 327 զոհ է եղել, 2014-ին՝ 297: Այստեղ նվազում կա»:
Նիկոլ Փաշինյանը հարց էր բարձրացրել, թե որտեղի՞ց է Բաղրամյան 26-ում հայտնվել այդ թիվը, թե 70 տոկոսով նվազել են վթարները՝ արագաչափերը տեղադրելուց հետո: Արփինե Հովհաննիսյանը բացատրեց, թե որտեղից. «70 տոկոսը միջին վիճակագրական տվյալ է»: Նախարարը բացատրեց կոնկրետ խաչմերուկների օրինակներով, որ մինչեւ արագաչափերի գործարկումը վթարների թիվը եղել է 1198, իսկ 2012-ի դեկտեմբերին կազմել է 301: Խոսքը վերաբերվել է վթարների գրանցումների նվազմանը. «Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ կամ ավելի կարգապահ են դառնում, կամ սովորում են ուղղակի արագաչափերի տեղերը»:
Նախարարը վստահեցրեց, որ այլեւս կրկնակի գանձումներ վարորդներից տեղի չեն ունենա, որովհետեւ համակարգում բոլոր խնդիրները շտկված են. «Լուսացույցերի, արագաչափերի, տարբեր թակարդների խնդիրը քննարկվում է եւ յուրաքանչյուրդ օր առ օր, շաբաթ առ շաբաթ դա զգալու եք ձեր վրա»:
Կարդացեք նաև
Արփինե Հովհաննիսյանը խնդրեց, որ քննադատության մեջ չափը չանցնեն, եթե չափազանց են քննադատում, գովեստի մեջ էլ այդ չափը պահեն: Նա վստահեցրեց, որ այս նախագիծը շատ հարցերի լուծում է տալիս, բայց բոլորի ցավին չի կարող դարման լինել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ