Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի համոզմամբ՝ մեր մշակութային դաշտն աղավաղվել, տրորվել, փոշիացել է անկախության առաջին տարիներից, և մշակութային դաշտում այսօր արդեն չափանիշներ չեն մնացել. «Մի ժամանակ Հայաստանում լիքն էին գրադարաններն ու գրախանութները, իսկ բենզինի լցակայանները գետնի տակ էին: Հիմա բենզալցակայանները դուրս են եկել գետնի տակից, իսկ գրադարաններն իջել են գետնի տակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Ռազմիկ Դավոյանը:
Ըստ նրա՝ այդ ամենն ապաշնորհ քաղաքականության արդյունք է. «Նրանք, ովքեր անկախության տարիներին եկան իշխանության, փորձառություն չունեցող մարդիկ էին, կարծում էին՝ սովետական իշխանությունը ոսկե եղջյուրը պետք է անընդհատ լցնի, և սկսեցին ուտել՝ մնացած բոլոր արժեքները ոտնատակ տալով… Երաժշտության ասպարեզում ինքներդ եք տեսնում՝ ինչ է կատարվում, նկարչությունը թաքնվել է տարբեր անկյուններում: Շատ նկարիչներ դրսում են փնտրում իրենց հացի աղբյուրը: Գրականության ասպարեզում ոչ մի իրական չափանիշ չի մնացել: Հիմա ով ինչ գիտի, դուրս է տալիս, ով ում մասին ինչ ուզում, ասում է…
Հին Հունաստանի Ամֆիթատրոնում բեմի վրա հսկայական մի սալ էին դնում: Բանաստեղծը գալիս էր, կավիճը տալիս էին ձեռքը, ասում էին՝ սալի վրա գրիր բանաստեղծությունդ: Գրում էր: Եթե նստած ժողովուրդը չէր ծափահարում, բանաստեղծին ստիպում էին լիզել իր ամբողջ գրածը… Երևի, նման մի վերահսկողություն էլ մեզ է պետք: Կարող ենք այդ ամենը կազմակերպել, օրինակ, Կասկադի գլխին, թող ժողովուրդը կարդա: Տեսնենք՝ քանի՞ հոգի այդ քաջությունը կունենա»,- ասաց Ռ. Դավոյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ