Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. Հայկական գարնանն ընդառաջ

Դեկտեմբեր 21,2015 17:21

Եվրոպայում նացիստական բռնազավթման ժամանակ եվրոպացիների գերակշիռ մեծամասնությունը, չնայած նրան, որ գիտակցում էր բռնազավթումը, միևնույն ժամանակ ձևացնում էր, թե ոչինչ տեղի չի ունեցել` շարունակելով ապրել սովորական կյանքով: Գնում էին աշխատանքի, ապրում էին առօրյա հոգսերով` գրեթե հավատարմություն ցույց տալով օկուպացիոն իշխանություններին: Այդ գերակշիռ մեծամասնությունը մեղավոր չէր, նրանք սովորական մարդիկ էին, ովքեր հարմարվել և գոյատևում էին` ինչպես կարող էին: Քչերը կարող էին դիմակայել օկուպացիոն ռեժիմին, և ոչ բոլորը կարող էին հերոսներ լինել:

Հայաստանի հանրությունը շուրջ քսան տարի շարունակում է գիտակցել և ապրել իրեն պատկանող իշխանությունը բռնազավթած ռեժիմի ներքո: Հանրությունն այս տարիների ընթացքում, մերթ ընդ մերթ, համապետական նախագահական ընտրություններում դեմ քվեարկելով բռնազավթիչներին, այնուհետև հետընտրական շրջանում կարճաժամկետ բողոքներով հայտնել է իր «Դեմ» դիրքորոշումը ռեժիմին:
1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում Հայաստանի հանրությունը դեմ է քվեարկել ռեժիմին: Բոլոր այս ընտրություններում հանրությունն ունեցել է ռեժիմին հակադրվող ընդգծված թեկնածուներ, հանրությունն իր գերակշիռ ձայնը տվել է ռեժիմին հակադրվող թեկնածուին, սակայն ռեժիմը շարունակել է գործել` հանրությանը թողնելով պարտված:

Ռեժիմը, կազմված լինելով հայ ազգի ներկայացուցիչներից, ունեցել է նպաստավոր պայմաններ հանրության կողմից հանդուրժվելու շուրջ 20 տարի: Այս 20 տարիների ընթացքում ռեժիմի նկատմամբ սուր անհանդուրժողականություն ցուցաբերվել է, ինչի հետևանքով մենք ունեցել ենք քաղաքական բանտարկյալներ, քաղաքական սպանություններ, քաղաքացիական զոհեր, Մարտի 1, քաղաքական գործունեության իրավունքի արգելք՝ ոչ միայն քաղաքական կազմակերպության` ՀՅԴ, այլև գործարար շրջանակ ներկայացնող անձանց` Խաչատուր Սուքիասյան ու Գագիկ Ծառուկյան և այլն:

Հայաստանը, լինելով Ռուսաստանի Դաշնության տնտեսական և ռազմական ազդեցության ներքո գտնվող տարածք, իր անկախության տարիներն անցկացնելով բռնազավթիչ իշխանավարման ներքո, ոչ միայն չի կարողացել չեզոքացնել Ռուսաստանի Դաշնության տնտեսական և ռազմական ազդեցությունն իր նկատմամբ, այլև վերջին 10 տարիներին իր ինքնուրույն քաղաքականությունը բանեցնելու իրավունքը ևս փոխանցել է Ռուսաստանի Դաշնությանը:

Հայ ժողովուրդն իր պատմության վերջին հարյուր տարիների ընթացքում մի քանի անգամ ապրել է կայսրությունների անկում, որոնց կազմում գտնվել է: Օսմանյան կայսրության, ցարական Ռուսաստանի և Սովետական Միության անկումները մեզ դաս են տալիս և պարտավորեցնում պատրաստ լինելու Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքական քարտեզների փոփոխությանը, տվյալ պետական միավորումներում գործող քաղաքական համակարգերի կտրուկ փոփոխմանը:

Հայաստանը, գտնվելով Ռուսաստանի Դաշնության թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական առավելագույն ազդեցության ներքո, զուգահեռ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական ճգնաժամը:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը, լինելով խամաճիկային խաղի դերակատար, չի հանդիսանում հիմնական քաղաքական գործընթացների շարժիչը Հայաստանում: Նա մեր հանրային կյանքում ուղղակի տեսանելի մասն է այսբերգի` բոլշևիկա-չեկիստական կառավարման մոդելի:

Սովետական Միությունը կործանվեց շատ արագ, և ըստ էության` առանց արյունալի քաղաքացիական պատերազմի: Բոլորը մտածում էին, որ սովետական տոտալիտար ռեժիմը ինչ-որ մի պահ անկում է ապրելու, բայց որ կարող էր դա տեղի ունենալ այդպես արագ, և մենք կարող էինք ձեռք բերել անկախ պետականություն և անկախ Արցախ, պատկերացնում էին բացառությունները:

Այդ բացառությունների շրջահայեցության և կամքի շնորհիվ մենք հավատացինք մեր ուժերին: Արցախում սկիզբ առած ազատության համար պայքարն առաջին գիծ մղեց քաղաքական գաղափար, որ մենք պարտավոր ենք ունենալ ազգային քաղաքական ինստիտուտներ, անկախ Սովետական Միությունից` Անկախ պետականության տեսքով: Ինչպես արդեն նշեցի` Սովետական Միության անկումը տեղի ունեցավ անսպասելի, և ըստ էության` անարյուն, Հայաստանը և համասփյուռ հայ ժողովուրդը իր անկախությունը ձեռք բերեց բացարձակ անպատրաստ պայմաններում: Որոշակի դպրոցներ անցած և փորձառու կոմունիստական կուսակցության վարչարարները իշխանությունը հանձնեցին անփորձ, չեկիստական ստորին օղակների ամենաանշուք, գորշ ներկայացուցիչներին:

Ազգային քաղաքական ինստիտուտների գաղափարախոսները, ովքեր անկախության առաջին տարիներին գործուն դերակատարություն ունեին մեր քաղաքական կյանքում, կամ սպանվեցին, կամ դուրս մղվեցին քաղաքականությունից:

Դուրս մղելով քաղաքականությունից անկախ ազգային ինստիտուտների գաղափարախոսներին` մենք չկարողացանք հիմնադրել ժամանակակից ազգային պետականություն: Արցախն ամբողջությամբ չազատագրվեց, Նախիջևանը չազատագրվեց, խաղաղության պայմանագիր չկնքվեց, Արցախը դե-յուրե չճանաչվեց և չմիավորվեց, իսկ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական վերնախավը Արցախը դարձրեց իշխանության բռնազավթման և այդ բռնազավթումը տասնամյակներով պահելու երաշխիք: Փաստորեն, բոլոր գլխավոր դերակատարները, ովքեր զավթեցին ժողովրդի իշխանությունը, եկան հայկական քաղաքականություն Արցախի ազատագրման պայքարի անվան տակ: Իսկ մինչ այդ նրանք իրենց համայնքներում սովորական, անշուք, գորշ մարդիկ էին և երբևէ չէին նկատվել որպես ազատատենչ գաղափարներ կրող քաղաքացիներ, դեռ ավելին՝ նրանք ընդգրկված են եղել կոմունիստական կուսակցության ստորին օղակներում որպես սկսնակ սովետական կարիերիստներ:

1994 թվականի զինադադարի կնքումը հետագայում հանգեցրեց ներքին քաղաքական պայքարում նույն՝ խնդիրը չլուծող զինադադարի կնքմանը: Հանրային քաղաքական կյանքն ընթացավ նույն զինադադարի տրամաբանության ներքո՝ մեր բոլոր քայլերը, քաղաքական որոշումները պայմանավորելով զինադադարով: Անկախ Հայաստանի և Արցախի կանոնավոր զինված ուժերը ստեղծման օրից դարձան բռնազավթիչների պատժիչ գործիքը հանրությանը ճնշելու համար: Հանրության համար անկախ Հայաստանի և Արցախի կառավարությունները վերածվեցին չարիքի:

Պատմական Հայաստանից հայերի մարդկային և նյութական կապիտալի աղետալի դուրս մղումը վերջին քսանամյակում հավասարազոր է 100 տարի առաջ տեղի ունեցած աղետին` շուրջ մեկ ու կես միլիոն մարդու արտագաղթ, շուրջ 5 միլիարդ դոլարի արտաքին պարտք, տասնյակ միլիարդավոր դոլարների ապօրինի արտահանում:

Վերահսկելով ազգային զինված ուժերը` բռնազավթիչները իրականացրել և փորձում են շարունակել իրականացնել քաղաքական տեռոր:

Բայց այս տարի քաղաքական տեռոր իրականացնող բռնազավթիչները դրսևորում են անհասկանալի վարքագիծ` փորձում են ընդհատել, խափանել ամբիոններից հնչած այլակարծությունը: Սակայն փաստն այն է, որ բռնազավթիչները չեն հասկանում, թե ինչից պետք է վախենալ: Բռնազավթիչների վարքագծում նկատելի են պարանոիդային հատկություններ: Նրանք զգում են վախ, բայց չգիտեն, թե որտեղից է բխում սպառնալիքը: Նրանք հասկանում են, որ այդ սպառնալիքն արդեն լցվել է սոցիալական տարածության մեջ, և այն կոչվում է Հայաստանի քաղաքական և քաղաքացիական հանրություն: Որտեղ է ընդհատումը, այն բարակ եզրը, որ կկտրվի` ոչ մեկը նրանցից չգիտի: Այդ իսկ պատճառով էլ` բռնազավթիչներն ամեն դեպքում դիմում են կանխարգելիչ միջոցների, որոնց թվին էլ պատկանում էր դեկտեմբերի 6-ի միջոցառումը: Սա շատ վտանգավոր մոտեցում է: Դեկտեմբերի 6-ը և նրան հաջորդող օրերը վկայում են հանրային լարման կուտակման մասին: Բռնազավթիչները հասկանում են, որ այս անգամ այն չէ, ինչ եղել է տասնյակ տարիներ շարունակ:

Հայ-ադրբեջանական ճակատում պատերազմական գործողությունների հետևանքով մեր զոհերն ամեն օր են, դիպուկահարների կրակոցները փոխարինվել են պատերազմական գործողությունների համար նախատեսված զինատեսակներով գործողությունների:

Արտաքին աշխարհի կողմից անվստահության գնահատականներն իշխողների վերաբերյալ ընդգծված են:

Իսկ տարածաշրջանում լայնածավալ քաղաքական իրադարձությունները` Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ, աննախադեպ են:

Այս նոր պայմաններում բռնազավթիչներն առաջնորդվում են հին մարտավարությամբ, նրանք հստակ չեն պատկերացնում, թե որտեղից է բխում սպառնալիքի աղբյուրը: Սպառնալիքը հայտնվել է այնտեղ, որտեղ նրանք չեն կարող կանխել:

Միանշանակ է, որ չարիքի` բռնազավթիչների արմատը Հայաստանում է: Մեր տարածաշրջանում վերջին քսանամյակում, իհարկե, իրենց քաղաքականությունն են բանեցնում նաև այլ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ կենտրոններ, նրանք գործել են իրենց շահերից ելնելով, ինչը մենք չենք կարողացել փոխել` նրանք, ըստ էության, հովանավորել են բռնազավթիչներին: Բայց պարզվում է, որ այս վերջին համապետական միջոցառումից հետո բռնազավթիչներն իշխանությունը պահելու համար զրկվել են հովանավորության անհրաժեշտ աստիճանից ևս:

Հայաստանում գործող ռեժիմն ունի տեղական ազգային ծագում, որը, նաև շահարկելով ազգային անվտանգության հարցը` վերջին երկու տասնամյակում ստացել է արտաքին հովանավորություն և աջակցություն, ինչը հանդուրժվել է մեր կողմից:

2015 թվականի ընթացքում գործող ռեժիմը մի քանի անգամ ենթարկվել է ցնցումների` հունվարի սկզբին անհայտ պայմաններում սպանվում են Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներ, կասկածելի հանգամանքներում սպանության կատարումը ստանձնում է ռուսական ռազմաբազայի ծառայողը, ով հայտնվում է ռուսական ռազմաբազայում Ռուսաստանի Դաշնության իրավազորության ներքո, փետրվարին տեղի է ունենում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի` քաղաքականությամբ զբաղվելու իրավունքի զրկում, հունիսին Բաղրամյան պողոտան պաշարվում` փակվում է երիտասարդների նախաձեռնությամբ, դեկտեմբերին բովանդակ հայ ժողովուրդը համատարած ասում է Ոչ «սահմանադրական բարեփոխումներին»:
Այս ամենը տեղի է ունեցել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ընթացքում, որի ժամանակ Հայաստան են այցելել ոչ միայն ռեգիոնալ և աշխարհաքաղաքական կենտրոնների առաջին դեմքեր, այլև հայ ազգի՝ համաշխարհային մեծության մշակութային գործիչներ:

Վերջին տասնամյակների ընթացքում կազմակերպված դիմադրության ճնշման տակ ընկել և կազմաքանդվել են շատ ռեժիմներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ծագում ունեցող: Հաճախ, թվացյալ խորը արմատներ ու անսասան կառուցվածք ունեցող ռեժիմները չկարողացան դիմակայել ժողովրդի համաձայնեցված քաղաքական, տնտեսական և սոցիալական անհնազանդությանը, քանի որ սպառվել էին ռեժիմի շահագործման համար անհրաժեշտ նվազագույն պայմանները:

Հայկական ռեժիմի շահագործման անհրաժեշտ պայմանները նույնպես սպառված են: 2015-ը մատնանշում է 1994 թվականի ներքին քաղաքական զինադադարի դրույթների բազմակի խախտումների մասին, ինչը հանգեցնելու է Հայկական գարնան: Բովանդակ հայ ժողովրդի խնդիրն է պատրաստ լինել ստանձնել հայկական ազատ անկախ պետականություն վերականգնելու պարտականությունը:
Զարուհի Փոստանջյան
21.12.2015թ., Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Զարուհին իր տեսակի մեջ եզակի գործիչ է: Նա չի ընդունում Սերժ Սարգսյանի իշխանությունը, և նա ճիշտ է: Իսկ ո՞վ է ընդունում: Մենք չունենք ազգային իշխանություն:
    Ոչ մի ոլորտը մերը չէ:
    Երկիրը դատարկվում է:
    Ու՞մ էր հարկավոր այս մի քանի ամսվա խեղկատակությունը: Երկիրը փաստացի պատերազմի մեջ է, իսկ մեր երկրի նախագահը սահմանադրություն է փոխում, և նրա շուրջը հավաքված գործիչները գիշեր-ցերեկ նրա «հանճարն» են գովում: Գովելու բան չկա:
    Մենք կանգնելու ենք դատարկ տաշտակի առջև: Դրա մեղավորը Սերժն ուՍաշիկը, Լիսկան ու Գալուստ Սահակյանը չեն լինելու: Մեղավորը լինելու է համայն հայոց ազգը, որ այսօր հաշտվել է այս ազգասպան իշխանության գոյության հետ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031