Քիչ առաջ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտին քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին այս օրերին քննարկված օրենքների նախագծերը:
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ փորձեց կարծիք հայտնել: Սակայն Զարուհի Փոստանջյանը դեռ խոսքը չէր սկսել՝ Գալուստ Սահակյանը հորդորեց նորից անջատել նրա խոսափողը:
Զարուհի Փոստանջյանն այս տարվա վերջին նիստում փորձեց առանց խոսափողի բղավել այնքան, մինչեւ իր ձայնը տեղ կհասնի:
Գալուստ Սահակյանն արհամարհեց ու հարցը դրեց քվեարկության:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանին հնարավորություն տվեցին խոսել: Նա վարորդներին զգուշացրեց, որ իրենց խնդիրները այս նախագծով չի լուծվելու, անհնազանդության ալիք պետք է բարձրացնեն եւ հայտարարեն գործադուլ. «Դա ուղղակի թալան է, որ գնում է ուղղակի Սաշիկ Սարգսյանի գրպանը»:
Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Շարունակեք, 20 վայրկյան ունեք: Ուրեմն՝ շնորհավոր Նոր տարի»:
Նաիրա Զոհրաբյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի քվեարկությունից առաջ վստահեցրեց, որ այս նախագիծը լուծում է խայտառակ հոծ գծերի հարցը, բայց օրակարգում է արագաչափերի խնդիր: Նրա խոսքերով՝ սակավածառ Հայաստանում որտեղ մի սաղարթախիտ ծառ են տեսնում, թաքցնում են արագաչափ ու թալանում մարդկանց: ԲՀԿ-ն կողմ քվեարկեց այս նախագծին:
Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իր հրապարակած բոլոր թվերը պաշտոնական վիճակագրությունից են վերցված եւ պաշտոնական փաստաթղթերից:
Ըստ նրա, իրավիճակն այնպիսին է, որ վարորդների կոկորդից պինդ բռնել են ու հիմա այս օրենքով մի քիչ թույլ են բռնելու, ինքն էլ ս կողմ է քվեարկելու՝ որպես միջանկյալ քայլ: Նախագիծն ընդունվեց, դեմ քվեարկեցին միայն ՕԵԿ-ը եւ Զարուհի Փոստանջյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ