Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվում էր Իսրայել Սարգսյանի գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին վկաները, վկաների շարքում էր Հայկ Մարգարյանը, որը հասարակությանը հայտնի է որպես ռեփեր ՀՏ Հայկո: Նա տեղեկացրեց, որ փաբ-սրճարան ունի, եւ ինչքանով որ տեղյակ է՝ ամբաստանյալը եղել է իր սրճարանում:
Նա նշեց, որ ինքն իր սրճարանի անվտանգությունը ապահովելու համար լրիվ ուրիշ մարդու հետ է կապ պահպանել, ում անունը Տիգրան է եղել, որն ամեն օր երկու նոր աշխատակիցների էր ուղարկել սրճարան: Հայկ Մարգարյանը չբացառեց, որ հնարավոր է՝ տեսել է Իսրայել Սարգսյանին, սակայն այս պահին չի հիշում:
Իսրայել Սարգսյանի հարցին, թե ինչպես է ծանոթացել Տիգրանի հետ, առաջին հանդիպումը որտե՞ղ է եղել, նա պատասխանեց, որ կոնկրետ չի հիշում, թե որտեղ են հանդիպել, եւ չի կարող մտաբերել՝ արդյոք նրա հետ մարդ է եղե՞լ, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Իսրայել Սարգսյանը նշեց, որ երկար ժամանակ է անցել, հնարավոր է, որ վկան չհիշի իրեն. «Տիգրանը եղել ա իմ տեղակալը, ես մի անգամ եմ եղել ձեզ մոտ, առաջին օրը, որ պայմանագիրը կնքեցինք, դու էդ ժամանակ Տիգրանի հետ չէիր խոսում, խոսում էիր ինձ հետ: Հանդիպումը մի անգամ է եղել, անվտանգության ծառայությունը ստուգելուց պետք չի եղել տվյալ օբյեկտի տիրոջը տեսնել, եկել եմ՝ աշխատողներին տեսնեմ»:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից «Թեւոսիկի»՝ Թեւոս Սաֆարյանի եղբայր Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը, ապա հանցանքը թաքցնելու նպատակով սպանել էր Մովսես Ներսիսյանին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ