Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ գրողների գրքերը լույս կտեսնեն Իրանում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2015 16:47

«Անցնող տարում Հայաստանի գրողների միությունը կազմակերպել է ավելի քան 130 միջոցառում, հանդիպում, քննարկում, շնորհանդես: Միությունն այն եզակի կառույցն է, որը համահայկական նշանակություն ունի: Սփյուռքի գրողների հետ էլ ենք աշխատում: 20-ից ավելի սփյուռքահայ գրող է հյուրընկալվել մեզ մոտ, կազմակերպել ենք գրքերի շնորհանդեսներ, որպեսզի մեր հասարակությունը ճանաչի նաեւ օտարագիր հայ գրողներին,-այսօր «Հայելի» ակումբում ամփոփելով 2015թ.-ը, ասաց Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Նա առանձնացրեց «Գրական տապան» միջազգային փառատոնի ընթացքում գրողներ Քրիս Բոհջալյանի եւ Վարուժան Ոսկանյանի հետ կազմակերպված հանդիպումները, որոնց ընթացքում ընթերցողները ծանոթացան նրանց ստեղծագործությանը:

«Ֆրանկֆուրտում մասնակցել ենք գրքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացված ենք եղել բարձր մակարդակով: Ի դեպ, գերմանացի գրողներից մեկը հրատարակել է Սիամանթոյի գրքերից մեկը: Առհասարակ, օտարազգի գրողները շատ գրքեր են հրատարակում հայ գրողների մասին: Լեհ երկու գրողներ էլ եղան Հայաստանում, Արցախում մասնակցեցին փառատոնի եւ գրքեր գրեցին մեր երկրի մասին, որոնք արդեն հրատարակվել են հայերեն»,-տեղեկացրեց Միլիտոնյանը:

Նա նշեց, որ հայ գրողները Իտալիայում, Բելառուսում, Լիտվայում, Լեհաստանում, Ռումինիայում մասնակցել են միջազգային փառատոնների. «Ոմանց գրքերը հրատարակվել են տարբեր լեզուներով: Այդ երկրներում բարեկամ գրողներ ունենք, որոնք թարգմանում են հայ գրողներին: Միայն Իրանում մոտ 20 գիրք է հրատարակվել հայ գրականության մասին: Արդեն յոթ հայ գրողի գիրք է լույս տեսել, եւս վեցը առաջիկայում կհրատարակվեն: Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ»-ը եւս թարգմանվել է պարսկերեն: Մի շարք այլ դասականների գործեր եւս պատրաստվում են հրատարակության»:

Էդուարդ Միլիտոնյանն անդրադարձավ նաեւ գրողների միության անդամների սոցիալական կարգավիճակին՝ ասելով, որ միության Ծաղկաձորի եւ Սեւանի ստեղծագործական տները անվճար տրամադրվում են գրողներին՝ հանգստանալու եւ ստեղծագործելու համար:

«Գրական թերթի» գլխավոր խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ ներկայացրեց թերթի գործունեությունը, որը միտված է գրական անցուդարձի լուսաբանմանը. «Գրական կյանքին մեծ կարեւորություն է տրվում: Գուցե թերթն այսօր այդքան հետաքրքրական չթվա, բայց հետագայում, երբ թերթես, գրական առօրյան աչքիդ առաջ կլինի: Տարեկան 44 համար է տպագրվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031