Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կառուցողական քննարկումներ անցկացնել, որպես հիմք ընդունելով այն առաջարկները, որոնք այժմ դրված են բանակցային սեղանին, եւ այդ դիրքորոշման մասին կրկին հայտարարվել է Բեռնում նախագահների հանդիպման ընթացքում: Այս հայտարարությունն, ըստ Day.az-ի, արել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանին եւ Հայաստանին առաջարկներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար. «Այդ առաջարկները պարունակում են 2014 թվականին Սոչիում, Նյու Պորտում եւ Փարիզում նախագահների հանդիպումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները եւ պատրաստված են Մադրիդյան սկզբունքների հիման վրա»:
Մամեդյարովը Հայաստանին մեղադրել է, որ վերջինս իր հայտարարություններում չի անդրադառնում բանակցային սեղանին դրված առաջարկներին: Նա երկրորդական հարց է որակել շփման գծում տեղի ունեցող բռնությունները հետաքննող մեխանիզմների ստեղծումը:
Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ընթացքում, ըստ Էլմար Մամեդյարովի, քննարկվել են նաեւ հակամարտության հումանիտար ասպեկտները: Ալիեւը կրկին արծարծել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ազատ արձակման հարցը:
Կարդացեք նաև
«Պետք է նշեմ, որ բոլորովին վերջերս Ադրբեջանը, որպես բարի կամքի դրսեւորում, հակառակ կողմին է վերադարձրել հայկական ընտանիքը: Հիմա հերթը Հայաստանինն է: Պաշտոնական Երեւանն իր ստանձնած միջազգային պարտավորությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերի համապատասխան պետք է մասնակցի անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը, եւ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիեւին ազատ արձակի»,- ասել է նախարարը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ