Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը արագաչափերը հանելը դնելու է նախընտրական ծրագրի հիմքում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2015 16:41

«2012-ին մեծ շուքով ՀՀ ավտոճանապարհներին տեղադրվեցին արագաչափերը եւ տեսախցիկները: Այդ ժամանակ հիմնավորումն այն էր, որ հերթական առաջադիմական քայլն է արվում, ՀՀ ճանապարհներին կարգուկանոնը, անվտանգությունը բարձրացնելու: Հիմա 3 տարի է, դրանք գործել են, ժամանակ է միջնաժամկետ արդյունքներն ամփոփել: Հիմա ինչ, այս 3 տարվա ընթացքում վթարների թիվը նվազե՞լ է, թե՞ չի նվազել»- այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այսպիսի ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու վիճակագրական տվյալներ բերեց:

Ըստ այդմ, 2011-ին ՀՀ ավտոճանապարհներին եղել է 2319 ավտովթար, 2014-ին՝ 3156 ավտովթար: Այսինքն, ըստ Փաշինյանի, արագաչափերի գործունեության ընթացքում վթարների թիվն աճել է 36 տոկոսով:

2011-ին ունեցել ենք 2964 տուժող վթարներից, 2014-ին՝ 4776 տուժող, աճը՝ ուղիղ 61 տոկոս: Այս տարի էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արդեն ունենք 9.9 տոկոս աճ: Եվ սա՝ համատարած արտագաղթի պայմաններում:

Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկնաբանել, թե ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ խորհրդակցություն էր հրավիրել ու հայտարարել, որ արագաչափերի տեղադրումից հետո զգալիորեն նվազել են երթեւեկության կանոնների խախտումները. «Ասում է՝ մասնագետներն ասում են, որ 70 տոկոսով կրճատվել են երթեւեկության կանոնների խախտումները: Էս երկրում չես հասկանում՝ ով ում ինչ թիվ ոնց է տալիս: Էս երկրում վիճակագրություն կա, համակարգ կա: Ում ինչ թիվ ձեռ է տալիս՝ ասում է: Որտեղի՞ց է Բաղրամյան 26-ում այս թիվը հայտնվել: Պաշտոնական տվյալներն ասում են՝ 2011-ին մենք ունեցել ենք 679 հազար 978 որոշում խախտման մասին, իսկ 2014-ին՝ 1 մլն 647 հազար 252: Խախտումների աճը կազմել է ուղիղ 142 տոկոս, իսկ Սերժ Սարգսյանն ասում է՝ 70 տոկոսով նվազել է»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, երթեւեկության կանոնների պահպանման, անվտանգության առումով այս արագաչափերը ոչ մի բան մեզ չեն տվել: Փոխարենը՝ ունենք հսկայական առաջընթաց տուգանքների մասով. «Սա ուղղակի նոր հարկատեսակ է, որ դրվում է ՀՀ քաղաքացու ուսերին: Մարդիկ այս տարիներին 25 մլրդ դրամ են ծախսել տուգանքների համար, որ պետք է տային սոցիալական խնդիր լուծելու, երեխային հագուստ գնելու համար, տվել են եսիմ ում»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ըստ օդում կախված լուրերի, այդ գումարը մտնում է Սերժ Սարգսյանի ընտանիքի գրպանը:

«Ո՞վ է ասել, որ էսօր պետավտոտեսուչները գումար չեն վերցնում: Վարորդների հետ խոսեք՝ շատ էլ լավ են վերցնում, համատարած են վերցնում: Ինչքան սոցիալական վիճակը վատանում է, այնքան շատ են վերցնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ արագաչափերը հանելը դնելու են իրենց կուսակցության նախընտրական ծրագրի հիմքում: Իսկ տեսախցիկները պետք է պահեն՝ երթեւեկությունը միայն օպերատիվ հսկելու եւ վարորդների հետ խախտումները քննարկելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031