Գյումրու «Լոգոս» հասարակական կազմակերպությունը 2015 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին դիտարկումներ է անցկացրել Գյումրու երեխաների խնամքի մի քանի հաստատություններում: Այս կազմակերպությունը մի շարք խախտումներ է արձանագրել, զեկույց պատրաստել, որը եւ ուղարկել է համապատասխան գերատեսչություններ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, արդարադատության նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ պահանջելով անհապաղ վերացնել երեխաների նկատմամբ ոտնձգությունները:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց ծրագրի ղեկավար Արա Մելիքջանյանը, դիտարկումների թիրախ են հանդիսացել Գյումրու «Թռչունյան տուն-մանկատուն» կրթարանը, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2-րդ գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը, «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ը եւ «Գյումրու երեխաների սոցիալական հոգածություն կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Մոնիտորինգի են ենթարկել երեխաների առողջության պահպանության, ընտանիքի հետ կապ պահպանելու, երեխաներին բռնությունից պաշտպանելու, երեխայի կրթության ու անհատական զարգացման, ինչպես նաեւ երեխայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:
«Բոլոր հաստատություններում՝բացառությամբ «Գյումրու երեխաների տուն» հաստատության, որտեղ որ 0-6 տարեկան ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ են, մեր կողմից արձանագրվել են տարբեր տեսակի խախտումներ, մասնավորապես՝ երեխաներին բռնությունից պաշտպանության իրավունքին առնչվող: Երեխաների հանդեպ կիրառվում են պատժատեսակներ, որոնք որ չպետք է կիրառվեն եւ առհասարակ թե՛ կառավարության, թե՛ նախարարի որոշմամբ տվյալ հաստատություններում չպետք է կիրառվեն որեւէ տեսակի պատժամիջոցներ: Մինչդեռ հաստատություններում լայնորեն կիրառվում են տարբեր տեսակի պատժատեսակներ:
Կարդացեք նաև
Օրինակ՝ «Գյումրու երեխաների սոցիալական հոգածություն կենտրոն» ՊՈԱԿ-ում, ասեմ, որ մենք դիտարկումներ իրականացրել ենք հիմնականում հարցաշարերի միջոցով, երեխաներին, աշխատակազմի եւ ընտանիքի անդամներին ենք հարցադրումներ արել, երեխաների շրջանում այսպիսի հարց ունեինք՝ «Եթե ինչ-որ մեկը քեզ վատ բան է արել, նրան ինչպե՞ս են պատժում, իսկ ո՞րն է ամենավախենալու պատժամիջոցը».10 տոկոսը նշել է՝ խփելը, 7 տոկոսը՝ տրանսպորտի գումարից զրկելը, բացատրում են՝ 23 տոկոսը, միջոցառումներից զրկելը՝ 17 տոկոսը, տուն են ուղարկում 30 տոկոսին, նկատողություն են տալիս 13 տոկոսին:
Տրանսպորտի գումարից զրկելը, մեր դիտարկումներով, կոռուպցիոն դրսեւորում է, քանի որ դրանք ՊՈԱԿ են, հստակորեն սահմանված է, որ յուրաքանչյուր երեխայի, երբ որ բյուջեն են հաստատում, երեխաներին հատկացնում են գումար տրանսպորտային ծախսերի համար, օրական 200 դրամ են տալիս: Երբ որ երեխան հասնում է հաստատություն, ստորագրում է, իրեն տալիս են 100 դրամ, երբ որ երեխան հաստատությունից գնում է տուն, ստորագրում է, վերցնում է 100 դրամը: Այսինքն` էստեղ կիրառվում է որպես պատժատեսակ. գումար չեն տալիս, եթե երեխան ասենք չարություն է արել:
«Ձեր կարծիքով ո՞րն է առավել վախենալու պատժատեսակը» հարցին, աշխատակիցները պատասխանել են՝ սիրելի զբաղմունքից զրկելը: Քանի որ կա երեխաների անհատական զարգացման իրավունք, ուրեմն այդ սիրելի զբաղմունքից զրկելն անմիջականորեն ազդում է երեխաների անհատական զարգացման վրա, որովհետեւ տարբեր խմբակներից, տարբեր միջոցառումներից, տարբեր դասընթացներից են զրկում:
«Ի՞նչ են անում աշխատակիցները, երբ երեխաները վիճում կամ կռվում են իրար հետ» հարցին՝ հարցվածների 50 տոկոսը պատասխանել են, որ պատժում են, ընդամենը 41 տոկոսը նշել է, որ հարթեցնում են, պատասխան չկա՝ 9 տոկոս: Պատժելն էլ՝ արդեն հստակորեն դրված էր խփելը, տրանսպորտից զրկելը, բացատրելը կամ տուն ուղարկելը»,- ներկայացրեց Արա Մելիքջանյանը:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ հաստատությունների սանիտարահիգիենիկ վիճակին, ըստ նրա, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2-րդ գիշերօթիկ հաստատություն»-ը գտնվում է լավ վիճակում:
Ըստ նրա, երեխաների առողջության պահպանման իրավունքի դիտարկման ժամանակ իրենք հայտնաբերել են կոռուպցիոն դրսեւորում երեխաներին հիգիենիկ պարագաների հատկացման հարցում: «Լոգոս»-ի հարցին ՝ հիգիենիկ պարագաներ՝ օճառ, շամպուն, ատամի մածուկ,ատամի խոզանակ, սանր, սրբիչ, եղունգի կտրիչ տալի՞ս են եւ ինչ հաճախականությամբ, 91 տոկոսը նշել է, որ տարին երկու անգամ է իրենց հատկացվում հիգիենիկ պարագաներ, 2 տոկոսը նշել է՝ տարին 3 անգամ, 2 տոկոսը՝ տարին մեկ անգամ, 5 տոկոսը՝ ամիսը մեկ անգամ:
Ըստ Արա Մելիքջանյանի, երեխաները ոչ միայն նշել էին, որ ատամի մածուկը տարին երկու անգամ են տալիս, այլ հայտնել էին, որ ատամի մեկ մածուկը հատկացվում է չորս երեխաների: Ըստ մեր զրուցակցի, սա եւս կոռուպցիոն դրսեւորում է, քանի որ երեխաների քանակությամբ հասնում են թե՛ հիգիենիկ պարագաներ, թե՛ գրպանի ու հագուստի գումար, նախարարությունն է նրանց հատկացում անում:
«Եթե ինչ-որ մեկը քեզ վատ բան է արել, ինչպե՞ս են նրան պատժում հարցին»՝ 98 տոկոսը՝ զրկում է սիրած զբաղմունքից, 2 տոկոսը՝ պատասխան չկա: Երեխաների կողմից կատարված կարգապահական խախտումների դեպքում ինչպիսի՞ պատժամիջոցներ եք ձեռնարկում հարցին, աշխատակազմի 75 տոկոսը՝ անհատական բացատրական աշխատանքներ են անում, 5 տոկոսը՝ մանկավարժահոգեբանական աշխատանք է տանում, 20 տոկոսը՝ սիրելի զբաղմունքից զրկում է: «Ի՞նչ են անում աշխատակիցները, երբ երեխաները վիճում են կամ կռվում են», 100 տոկոսը՝ պատժել էստեղ չկա, հաշտեցնում են :
«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխաներին հարցաշարերով հարցեր ուղղել հնարավոր չէ, քանի որ երեխաները մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունեցող են, հարցերը քննարկել ենք աշխատակիցների հետ: Երեք հաստատություններ պետական վերահսկողության տակ են գտնվում, բայց Գյումրու «Թռչունյան տուն-մանկատուն»-ը բարեգործական է, որեւէ նախարարության ենթակայության տակ չի գտնվում, այստեղ հիմնական վերահսկողությունը կամ մենք ենք իրականացնելու կամ միջազգային կառույցները կամ եթե ինչ-որ կանչեր են լինում, ինչ-որ խնդիրներ են լինում, երբ բարձրաձայնվում են, հասարակությունը եւս իրազեկ է լինում, այս պարագայում նոր մարզպետարանի համապատասխան բաժինը եւ նախարարությունն են միջամտում, բայց որեւէ պարբերական վերահսկողություն չկա:
Նշենք, որ «Լոգոս» հասարակական կազմակերպությունը բազմաթիվ խախտումներ է մատնանշում հենց այս հաստատությունում, որի տնօրենը, սակայն, հակադարձում է, չի համաձայնում, այս թեմային կանդրադառնանք առանձին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ