Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ վրա էնքան ակտ է գալիս, պիտի մտածեն ճանապարհային մանյակ եմ» Գուրգեն Արսենյանը՝ վարորդների խնդիրների մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2015 16:10

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է  «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում: Հիշեցնենք, որ այս նախագծով կառավարությունը որոշել է հոծ գիծ տրորելու համար այլեւս վարորդներին չտուգանել, միայն նախազգուշացնել, նաեւ խստացրել է պատիժը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:

Ըստ ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանի, մեր ճանապարհները լավը չեն եւ դրան գումարվում է ճանապարհային երթեւեկության վատ կանոնները: Նա հորդորեց հաշվի առնել, որ վարորդը նախ մարդ է, հնարավոր է հոգնած է, նյարդայնացած է. «Օրինակի համար երեկ երեկոյան ես տուն էի գնում եւ պատահական տեսա, որ փոս է ու այդ փոսի մեջ գործ էին անում: Չկար համապատասխան լուսավորություն, չկար ազդանշան, որ ընկեր, զգույշ գնա, որովհետեւ հեսա այդ մեքենայով կընկնես փոսի մեջ, որտեղ այն մարդուն, որը այնտեղ աշխատում է, կվնասես: Երեւանում չկա տենց բաներ, աշխարհում շատ կա: Չգիտես ինչու որոշել են, որ Երեւանի բնակիչները, ՀՀ բնակիչները արծվի տեսողություն ունեն, գիշերը պետք է հասկանան, որ գիշերով գործ է արվում»:

Գուրգեն Արսենյանը այլ երկրների օրինակը բերեց, թե ինչպես են կազմակերպում երթեւեկությունը:

Նա խոստովանեց. «Իմ վրա էնքան ակտ է գալիս, որ պարզապես հնարավոր չէ պատկերացնել: Բոլոր մեքենաներն իմ անունով են՝ իմ զավակների մեքենաները, ծառայողական մեքենաները, բոլորը ու այնքան ակտ է գալիս: Ու մի միամիտ մարդ, որը առանց իմանալու, որ այդ մեքենաները ես չեմ քշում, պիտի մտածի, որ Արսենյանը ճանապարհային մանյակ է, այս մարդը դուրս է գալիս տնից՝ միայն խախտում անելու համար»:

Գուրգեն Արսենյանը դժգոհեց, որ ինքը ԱՄՆ-ում է, մեկ էլ տուգանվում է ու գրվում՝ պարզեցի, որ Գուրգեն Արսենյանը խախտել է. «Ի՞նչ ես պարզել, եթե ես ԱՄՆ-ում եմ»:

Պատգամավորը եւս մեկ օրինակ բերեց, երբ հետեւողականորեն քաղաքացուն ուզում են տուգանել: Բանկի մոտ կանգառն արգելելու նշան են դնում ու տեսախցիկը ետեւում. «Իմ՝ ամեն անգամ Ամերիաբանկ գնալը 10 հազար դրամ տուգանք է: Գիծը տվել եք վճարովի կայանելու համար, ես կարող եմ երկրորդ գիծ կանգնել, հո ես չե՞մ գնալու կրկեսի մոտ կանգնեմ, հետո ոտով գնամ: Ես բանկ եմ գնում, կրկես չեմ գնում: Հարգելիներս, գծանշումները, որ անում եք ու կանգառները, որ գծում եք, մոռանում եք, որ սա հասարակության համար շատ կարեւոր խնդիր է՝ երթեւեկության կանոնակարգում»:

Ըստ Գուրգեն Արսենյանի, ողջունելի է այս նախագիծը, բայց բավարար չէ. «Հրաչյա Քոչարի կողմից իջնող դեպի Բաղրամյան ձախ մուտքը, որը հանել եք ու բոլորին ասում եք՝ գնացեք Կիեւյանով շրջադարձ կատարեք, մարդկանց կյանքի համար վտանգ եք ստեղծում: Որովհետեւ ինչ-որ մեկը որոշել է երկու կոպեկ փող աշխատի: Բայց չի կարելի մարդկանց հանել տալ տրանսպորտային հոսքի վրա, կարող է մարդկանց տան սպանեն այնտեղ»:

Գուրգեն Արսենյանը խոստացավ մեկ առ մեկ համապատասխան մարմիններին ցույց տալ այն գծանշումները Երեւանում, որոնք թակարդ են քաղաքացիների համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը`A1+-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031