Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրաբյան. «Բուլղարական արխիվում Նժդեհի մասին գաղտնի փաստաթղթեր կան» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2015 16:02

Նախորդ տարի Հայաստանի ազգային արխիվը ստացել է 30.000, իսկ այս տարի 35.000 դիմում: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Խոստովանեմ, որ ոչ մի քաղաքացի դժգոհ չի հեռացել, անգամ երբ պատասխանել ենք, որ իր ցանկացած փաստաթղթերը, ցավոք, չկան»,-ասաց նա:

Ամփոփելով կառույցի աշխատանքը՝ Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ Մոսկվայում լույս է տեսել արդեն իսկ անգլերեն եւ թուրքերեն թարգմանված «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» հատորյակի ռուսերեն թարգմանությունը. «Հույս ունեինք, որ մինչեւ տարեվերջ իսպաներենը եւս կհրատարակենք, բայց դա մնաց մյուս տարի: Հրատարակեցինք նաեւ Հյուսիսային Կովկասում Հայաստանի հյուպատոս, Խանասորի արշավանքի մասնակից քահանա Հակոբ Սառիկյանի հուշերը: Հրատարակվեցին նաեւ 1806 թվականից սկսած բոլոր այն փաստաթղթերը, որոնք կապված էին Մյուռոնօրհնեքի եւ դրա բաժանման հետ: Մյուռոնը հասնում էր Սինգապուր եւ Հնդկաստան՝ բոլոր հայկական գաղութներ»:

Բանախոսի փոխանցմամբ՝ կազմակերպվել է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ստեղծված 106 ծաղրանկարների ցուցահանդեսը: Այս տարի լրացավ Լազարյան ճեմարանի 200- ամյակը. «Մեզանում, ցավոք, այդ ճեմարանի արժեքը չի գնահատված: Դա մեծագույն հաստատություն էր Ռուսական կայսրությունում, որի բազայի վրա հետագայում ստեղծվեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը: Կազմակերպեցինք ցուցահանդես՝ ճեմարանի ստեղծման եւ գործունեության մասին»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ արխիվի առաջնային խնդիրը փաստաթղթերի թվայնացումն է, որպեսզի քաղաքացին վայրկյանների ընթացքում գտնի մարդու մասին տեղեկությունը: Այս տարի թվայնացված փաստաթղթերի թիվն ավելացել է 190.317-ով:

Վիրաբյանից հետաքրքրվեցինք, թե որ երկրների արխիվների հետ են գործակցում. «Աշխատում ենք Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բուլղարիայի արխիվների հետ: Կարող է զարմանաք, բայց Բուլղարիայի արխիվներում Օսմանյան Թուրքիայի հետ կապված ավելի շատ փաստաթուղթ կա, քան Թուրքիայում: Ժամանակին Աթաթուրքը որոշել է խզել բոլոր կապերն Օսմանյան պետության հետ եւ օսմանյան բոլոր արխիվներն ուղարկել է Ռումինիա եւ Բուլղարիա՝ որպես մակուլատուրա: Բուլղարիայում մեկը հասկացել է, թե դա ինչ է, եւ վագոններով փաստաթղթերը տեղափոխվել են բուլղարական արխիվ: Այդտեղ կան հայ բնակչությանն առնչվող եւ 1912թ. Բալկանյան պատերազմին Անդրանիկի եւ Նժդեհի ղեկավարությամբ մասնակցած հայկական կամավորական ջոկատների անդամների մասին փաստաթղթեր: Միայն Նժդեհի մասին հաստափոր նյութ կա, որը ներկայացնում է Բուլղարիայում նրա 20 տարվա գործունեությունը: Այդ փաստաթղթերը գտնվել են ոստիկանների հսկողության ներքո եւ ամեն օր համալրվել մեկով՝ ինչ եւ ինչպես է արել Նժդեհը»:

Վիրաբյանը հավելեց, որ Նժդեհին առնչվող այդ նյութերի մի մասն է միայն հասանելի հայկական կողմին. մյուս փաստաթղթերը գաղտնի են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031