ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում: Հիշեցնենք, որ այս նախագծով կառավարությունը որոշել է հոծ գիծ տրորելու համար այլեւս վարորդներին չտուգանել, միայն նախազգուշացնել, նաեւ խստացրել է պատիժը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:
Էդմոն Մարուքյանը ողջունեց արդարադատության նախարարին՝ Արփինե Հովհաննիսյանին, որ ամեն ինչ արեց՝ այս օրենքն արագ ընդունելու համար. «Մի շարք ուղղություններով մեր քաղաքացիների վրա դրված բեռը կթեթեւանա: Փոքր քայլերով կփորձենք առաջ գնալ»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ այս խնդիրն ուղղակի կաթվածի էր հասցնում ՀՀ հարյուր հազարավոր վարորդների. «Մարդիկ երազում արդեն հոծ գիծ էին տեսնում, կարմիր գծանշաններ, արագաչափ: Վարորդներ կան, որոնց մոտ այդ երեք բառերը արդեն իներցիայով սարսափ էին առաջացնում: Ջանադրաբար թարմացնում էին հոծ գծերը, որովհետեւ ամեն հոծ գծի հետ 1 մմ կոնտակտն անվադողի արժեր 5000 դրամ: Ոչ մեկն այս երկրում իր պարտականությունները այնքան պարտաճանաչ չէին անում, որքան հոծ գծերը թարմացնողները: ՀՀ երթեւեկության պայմաններում մենք գիտենք, որ անգամ Շումախերը չէր կարողանա այնպես անել, որ որեւէ հոծ գիծ չտրորեր»:
Նաիրա Զոհրաբյանը առաջարկել էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատիժն ավելի խստացնել, որովհետեւ, ըստ նրա, բոլորը գիտեն, թե ովքեր են այդ արտոնյալների զավակները, հերոսները:
Կարդացեք նաև
Բայց կառավարությունն այս առաջարկը չի ընդունել:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ գոնե նախատոնական օրերին մեր վարորդները երազում հոծ գիծ չեն տեսնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ