Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ GPS համակարգը ՀՀ-ում չի գործում եւ ինչո՞ւ է ձմեռը Հայաստանի համար միշտ անսպասելի. Գուրգեն Արսենյան

Դեկտեմբեր 21,2015 15:33

Ինչ վերաբերում է փակ ճանապարհներին, փոխնախարարը վստահեցրեց, որ ՀՀ-ում եզակի են այն դեպքերը, երբ հայտարարում են, որ որեւէ ճանապարհ փակ է:

 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի հետ կապված այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն ասաց, որ գործարարների հետ այն արդեն հասցրել են քննարկել առաջին ընթերցումից հետո: Նրանք առաջարկներ են ստացել, որ ոչ թե 40 տոննա ամրագրեն առավելագույն ծանրությունը ավտոմոբիլային ճանապարհներով անցնելու համար, այլ՝ 44 տոննա: Կառավարությունը որոշել է ընդունել այդ առաջարկը:

ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ տրանսպորտի համակարգը արյունատար անոթների համակարգն է երկրի, ու տրոմբ է առաջանում, երբ ձմեռային անսպասելի տեղումներ են լինում: Գուրգեն Արսենյանը հեգնեց, որ Հայաստանում ձմեռն էլ է անսպասելի, ասում են՝ ձյուն եկավ անսպասելի, ճանապարհները փակվեցին. «Իմ ծանոթները, ես հայտնվում ենք անկանխատեսելի վիճակներում»: Հետո նա հարցրեց՝ ինչո՞ւ չի գործում GPS համակարգը:

Փոխնախարարը պատասխանեց. «GPS-ը, ըստ էության հասանելի է ՀՀ-ում, որպես այդպիսին: Հավանաբար, խոսքը գնում էր ծրագրային ապահովման մասին: Քանի որ GPS-ը չի հանդիսանում այդ ոլորտում եզակի, կա նաեւ «Գլոնաս» համակարգը, որը եւս արդյունավետ գործում է, մենք ենթադրում ենք, որ այստեղ զուտ պետական ներդրմամբ այդ պրոցեսները ավարտել հնարավոր չէ: Քանի որ դա բիզնես պրոցես է, մենք աշխատանքներ ենք տանում, որ մասնավոր համագործակցության միջոցով այդ խնդիրը լուծվի»:

Ինչ վերաբերում է փակ ճանապարհներին, նա պատասխանեց՝ «ՀՀ-ում եզակի են այն դեպքերը, երբ մենք մեր կայքի միջոցով հայտարարում ենք, որ որեւէ ճանապարհ փակ է: Հաճախ մենք տեղեկատվություն ենք տարածում, որ որոշ ճանապարհներ դժվարանցանելի են: Դա անում ենք, որ մեր քաղաքացիները առանց համապատասխան զենք ու զրահի՝ ձմեռային անվադողերի, զերծ մնան այդ ճանապարհներով անցնել»:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դժգոհեց՝ մի մեքենայի վրա մի լավ ձյուն գա՝ 1 տոննա քաշը կավելանա: Նա առաջարկում էր, որ տուգանեն միայն այն դեպքում, երբ սահմանված քաշից 3-4 տոննա ավելի է բեռը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031