Ամանորին ընդառաջ էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդներ է տալիս, թե ինչպես ճիշտ սնվել եւ այդ տոնական օրերին ծանր սննդով օրգանիզմին սթրեսի չենթարկել:
Այսօր «Հենարան» ակումբում տիկին Աբովյանն ասաց, որ ինչպես միշտ, տոներից հետո մարդիկ ավելորդ քաշ կհավաքեն: Հատկապես այն կանայք, որոնք տոներից մի քանի օր առաջ անգամ քաղցած են մնում՝ քաշ գցելու համար, որպեսզի իրենց ուզած հագուստը կարողանան հագնել, բժիշկը խորհուրդ է տալիս զերծ մնան նման վարքագծից: Աբովյանն ասաց, որ երբ օրգանիզմը քաղցած է մնում, ամանորյա սեղանի մոտ ակամա շատ են ուտում, ինչն էլ խնդիրներ է առաջացնում.«Սա մեծ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար: Այս մեկ անգամը մեր օրգանիզմը չի հասկանում՝ տոն է, թե՝ ոչ: Ամբողջ գիշերն ուտել, տնից՝ տուն գնալ՝ ուտել, չափազանց մեծ խնդիրներ է առաջացնում՝ թունավորում, մարսողական խնդիրներ, լեղաքարային սուր պրիստուպներ, այտուցներ, եւ ավելորդ քաշ»:
Սննդաբանը խորհուրդ տվեց, հնարավորինս առողջ սնունդ օգտագործել, իհարկե, կանաչեղենով հայերը տոնական սեղան չեն գցի, բայց բժիշկն ասաց, որ գոնե տապակած սնունդը շոգեխաշածին կամ խորովածին փոխարինել, խմորեղենն էլ անպայման կարագով, մարգարինը վնասակար է:
«Այսօր ճոխ սեղանով ոչ մեկին չես զարմացնի, եթե ձեր շրջապատում կա մեկը, որին պիտի զարմացնեք, դա արեք մտքի թռիչքներով, անհատականությամբ, այլ ոչ թե ճոխ սեղանով: Շատ անգամ մարդիկ չափազանց կախված են հասարակության կարծիքից, անում են մի բան, ինչն իրենց հակառակ է, բայց անում է, որովհետեւ հասարակությունն է անում: Պարտքով, լոմբարդով սեղան են գցում, ու ամբողջ տարին փակում ծախսերը: Մարդ պիտի անի այնպես, ինչպես իրեն հարմար է»,-ասաց բժիշկը:
Բացի առողջ սննդակարգին հետեւելուն, Հակոբյանը նաեւ խորհուրդ տվեց՝ եթե տնե- տուն, սեղանից՝ սեղան եք գնում, ապա ինչպես սննդաբանն ասաց՝ աշխատեք սեփական ոտքերով տեղաշարժվել, ոչ թե մեքենայով. «Նախ դա կօգնի քիչ տներում լինել, բացի այս, կօգնի ընդունած կալորիաները ծախսել մինչեւ մյուս սեղանին կհասնեք: Ալկոհոլի մասին՝ 30 գրամ ալկոհոլը հեպատոտոկսիկ է, կարդիտոկսիկ է: Դեպքեր կան, որ երեկոյան խմում են՝ առավոտյան չեն արթնանում: Ադեկվատ մարդը չի անի նման բան, եթե հասկանա ալկոհոլի վնասակարության մասին: Այն նաեւ բարձր կալորիականություն ունի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ