Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե առաջ Մանսուրյանը չէր մտնում Կոմպոզիտորների միություն, հիմա մտնում է» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2015 15:13

«Այն, ինչ ծրագրել էինք այս տարվա համար իրականացնել, հիմնականում ստացվեց, բայց շատ մեծ դժվարությունների առաջ կանգնեցինք: Ավելին էինք պատկերացնում, ակնկալում էինք, որ մեր միջոցառումներն ավելի շատ կֆինանսավորվեն: Ցավում եմ, որ այդպես չեղավ»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ամփոփելով տարին՝ ասաց Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Նա տեղեկացրեց, որ անցնող տարում Ֆրանսիայում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված չորս համերգ, որոնցից երկուսը՝ միության միջոցներով. «Արտասահմանում մարդկանց գտանք, որոնք արձագանքեցին այդ միջոցառումներին: Միացյալ նահանգներում եւս համերգներ են կազմակերպվել՝ շնորհիվ նախորդ տարի Բոսթոնում գտնվող Ցեղասպանությանը նվիրված ցուցասրահի հետ կնքված պայմանագրի: Մենք ուղարկում էինք ծրագիր, իրենք էլ ընտրում էին եւ կազմակերպում համերգներ: Դրանք մեծ արձագանք գտան: Մեր նպատակն էր, որպեսզի հայ երաժշտությունը նվագեն արտասահմանցիները: Այդպես, համերգներ տեղի ունեցան նաեւ Աթենքում, Կորեայում, Արգենտինայում»:

Արամ Սաթյանը նկատել է, որ այսօր օտար տարրեր են ներմուծվում հայկական երաժշտական մշակույթ. «Մենք ավելի շատ օտարամոլ ստեղծագործություններ ենք օգտագործում: Խոսքը եւ դասական, եւ էստրադային երաժշտության մասին է: Երգարվեստում կան երգեր, որոնք հայերեն են, բայց ոչ հայկական, օտար մտածողություն ունեն»:

Կոմպոզիտորների միության նախագահի խոսքով՝ ստեղծագործական միություններն այսօր կարծես սահմանամերձ գոտիներում լինեն՝ մշակույթը ներկայացնում են աշխարհին, բայց չեն ֆինանսավորվում. «Միությունները պետք է ունենան որոշակի ֆոնդեր, որպեսզի բավարար չափով ֆինանսավորվեն: Կոմպոզիտորների միությունն, օրինակ, տարեկան լավագույն դեպքում 8-10 միլիոն դրամ է ստանում»:

Բանախոսը հայտնեց, որ փորձում են վերականգնել կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Մեկ-երկու քոթեջ վերականգնվել է, բայց կա ճաշասրահ, դահլիճ եւ այլն: Փոքր ներդրումներ են սկսվել բարերարների կողմից: Մինչեւ մայիս քոթեջների դիզայնի նախագիծը վերջացրած կլինենք»:

Սաթյանը նշեց, որ 2016թ.-ի ապրիլին կկազմակերպվի սիմֆոնիկ, կամերային եւ էստրադային երաժշտության մեծ փառատոն:

Նա անդրադարձավ նաեւ միության նախկին նախագահի եւ նրա համախոհների հետ հարաբերություններին՝ ասելով. «Այսօր միություն մտնում են տարբեր մտածողության ու ոճերի մարդիկ: Եթե առաջ Մանսուրյանը չէր մտնում, հիմա մտնում է: Եթե առաջ երիտասարդները չէին մտնում, հիմա մտնում են: Ուղղակի պետք է հասկանալ, որ սա Սովետական միություն չէ: Հին սերնդի ներկայացուցիչները Կոմպոզիտորների միությունը դիտարկում են որպես սովետական կառույց, բայց այլեւս այդպես չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031