Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը զգուշացրեց քաղաքացիներին, որ հերթական անգամ կառավարությունն ուզում է գումար գանձի քաղաքացուց: Ըստ նրա, ակնհայտ է, որ դա մտնելու է մասնավոր անձանց գրպանը, պետությունը դրանից ոչինչ չի շահի:
Հետո Զարուհի Փոստանջյանն ամփոփեց տարին՝ մատնանշելով 2015-ի կարեւոր իրադարձությունները: Նրա խոսքերով՝ այս տարին մենք ավարտում ենք ցնցումներով. «Ցնցումները սկսեցին հենց առաջին աշխատանքային շաբաթից՝ հունվարի 12-ից, երբ սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներ, ապա փետրվարյան իրադարձությունները տեղի ունեցան, երբ ասացին, որ միայն ՀՀԿ-ն որոշելու՝ ով զբաղվի քաղաքականությամբ, ով չզբաղվի, հետո փորձեցինք անդրադարձ կատարել 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությանը»:
Զարուհի Փոստանջյանը չմոռացավ նաեւ Քիմ Քարդաշյանի այցը՝ նշելով, որ համաշխարհային աստղեր եկան Հայաստան. «Հետո մենք ականատես եղանք ամռանը ինչպես երիտասարդների նախաձեռնությամբ պաշարվեց Բաղրամյան պողոտան եւ իհարկե, արդեն դեկտեմբերի 6-ի հարձակումը եւ հարձակումից հետո տեղի ունեցող իրադարձությունները: Ռեժիմը, չգիտի ինչպիսի վարքագիծ դրսեւորի, չի իմանում, թե որտեղ է գտնվում այն սպառնալիքը, որն իր մոտ վախ է առաջացնում: Այդ սպառնալիքը չգիտակցելով որտեղ է, փորձում է կանխել: Փողոցային խուժանին ուղարկում է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման հավաքներին, որպեսզի խափանի շարժման հավաքները: Այդ խուժանը նույն գործողությունն է կատարել ընտրատեղամասերում: Ընտրատեղամասերի տեսագրությունները տարածված են ողջ աշխարհով»:
Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ մյուս տարի այս ցնցումները մտնելու են բոլոր տարածքները, նաեւ այն դատարկ տարածքը, որը կոչվում է ԱԺ. «Այս դատարկ տարածքում եւս տեղի են ունենալու ցնցումներ: Շատերի համար անսպասելի Սովետական իշխանությունը անկում ապրեց եւ ոչ մեկը պատրաստ չէր, որ ունենալու ենք ազատ, անկախ Հայաստան: Հիմա էլ ոչ մեկը չի պատկերացնում, որ գործող ռեժիմի անկում է տեղի ունենալու եւ մենք պետական իշխանությունը վերականգնելու ենք»:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ վաղը 17.00-ին «Նոր Հայաստանը» Ազատության հրապարակում նոր ժողով է անելու, որտեղ հրապարակվելու են մարզային այցելությունների արդյունքները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ