Դեկտեմբերի 19-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ցուցադրությանը ներկա էին Գյումրու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, քաղհասարակության ակտիվ անդամներ և ուսանողներ: Ֆիլմը և ցուցահանդեսը գյումրեցիների կողմից արժանացավ դրական գնահատականի:
«Բաղրամյանի պայքարը լավ փորձ էր քաղհասարակության համար»,-կարծիք հայտնեց «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, ով ներկա էր ցուցադրությանը:
Ցուցահանդեսը «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Իսկ Հանրային լրագրության ակումբի հեղինակած ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին եւ զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաեւ ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսի ու ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի էր ունեցել Երևանում նոյեմբերի 12-ին, որին հաջորդեցին մարզային ցուցադրությունները:
Գյումրին երկրորդ մարզային քաղաքն էր, որտեղ ցուցադրվեց վավերագրական ֆիլմն ու «#electricyerevan2015»-ի լավագույն լուսանկարները: Մինչ այդ` դեկտեմբերի 11-ին, այն ցուցադրվել էր Վանաձոր քաղաքում:
«Մեր լուսանկարիչները երկու շաբաթ, օր ու գիշեր աշխատել են Բաղրամյանում, որի արդյունքում ստեղծվել են այս լուսանկարները: Պայքարի խորհրդանիշ համարվող Վահրամ Բաղդասարյանի լուսանկարը, որտեղ գլխավոր հերոսը Կարո Ղուկասյանն է, նույնիսկ համարվեց այս տարվա լավագույն լուսանկարներից մեկը՝ ըստ Reuters գործակալության»,-միջոցառման բացմանը հայտարարեց «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը:
Ցուցահանդեսը գյումրեցիների համար բաց մնաց 3 օր, մինչև դեկտեմբերի 21-ը:
Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:
Մամլո հաղորդագրություն