Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս դպրոցը զերծ պահել ընտրական գործընթացներից, կրթության ոլորտը՝ հեռու քաղաքականությունից

Դեկտեմբեր 21,2015 16:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը
եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը:

Գոհար Հակոբյան.- Վերջին օրերին մամուլում եւ սոցցանցերում բուռն քննարկվում է Ս. Կապուտիկյանի անվան 145 դպրոցի պատմության ուսուցիչ Սարգիս Փաշոյանի՝ աշխատանքից ազատվելը: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում կրթության ոլորտում կա քաղաքական հայացքների համար հետապնդում, խոչընդոտներ, զրկանք, համաձայն ե՞ք:

Սերոբ Խաչատրյան.– Ուղիղ իմաստով քաղաքական հայացքների համար հետապնդում չկա: Ես հիմա ավելի շատ որպես հասարակագետ կխոսեմ ու կասեմ, որ կրթության համակարգը հանդես է գալիս որպես խոցելի համակարգ եւ արդյունքում էլ զոհ է դառնում: Սա զուտ կրթական խնդիր չէ, ավելի շատ հասարակագիտական է: Կարծում եմ՝ ուղիղ այդպիսի հարց, որ մարդկանց արգելեն այլ կարծիք ունենալ, թեկուզ ընդդիմադիր կուսակցության անդամ լինել, հակադրվել, մեր կրթական համակարգում ես չեմ տեսնում: Այսօր ավելի շատ այլ տեսակի տեխնոլոգիա է գործի դրվում, մանիպուլյացիոն տեխնոլոգիա, որի դեպքում կրթական համակարգը օգտագործվում է որոշակի նպատակների համար: Թերեւս, մեր ուսուցիչները, տնօրենները չպետք է լինեն մեծ մասով իշխող կուսակցության անդամ, մոտ քսան տարի շփվում եմ դպրոցների ուսուցիչների հետ եւ գիտեմ, որ նրանք հասարակության ամենաքիչ քաղաքականացված խավն են, իրենց քիչ են հետաքրքրում քաղաքական, կուսակցական խնդիրները, զարգացումները, պարզապես ուսուցիչները հասարակության ամենացածր վճարվող խավերից են: Լինելով ցածր վարձատրվող մարդիկ՝ իրենք պետք է որ չընդգրկվեին իշխող կուսակցության մեջ, բայց այստեղ որոշակի առումով շահարկվում է այն հանգամանքը, որ Հայաստանում մասնավոր սեկտորում աշխատանք քիչ կա կամ եթե կա, պահանջվում են բարձր հմտություններ, անգլերենի իմացություն եւ այլն: Սա էլ բերում է նրան, որ դպրոցական համակարգում ունենք ուսուցիչների գերարտադրություն մանկավարժական բուհերից, եւ համակարգը դառնում է մրցութային աշխատատեղերի ու աշխատանք ունենալու առումով: Արդյունքում սա շահարկելով՝ համակարգը կուսակցականացվում է, բայց այնպես չէ, որ մարդկանց զոռով, ստիպելով կուսակցականացնում են: Ինչպես արդեն նշեցի՝ կիրառվում են տարբեր մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ՝ սկսած ջանուղուրբանով անդամագրելուց, վերջացրած բարոյական պարտավորությունդնելը, երբ, օրինակ, ինչ-որ մեկի աղջկան ընդունում են դպրոցում որպես օպերատոր կամ լաբորանտ, խնդրում են, որ իր ուսմասվար մայրիկը անդամագրվի իշխող կուսակցությանը: Բայց ինքս ճանաչում եմ ուսուցիչների, տնօրենների, որոնք չեն ուզում դառնալ որեւէ կուսակցության անդամ:

Գ. Հ.– Պարոն Պողոսյան, Դուք համամի՞տ եք պարոն Խաչատրյանի դիտարկումների հետ:
Արտակ Պողոսյան.- Որոշակի առումով համամիտ եմ այն մտքի հետ, որ պարտադրաբար կուսակցականացնելու գործընթաց Հայաստանում չկա, այնպես չէ, որ եթե դու աշխատում ես դպրոցում, ուրեմն այս կամ այն կուսակցության անդամ պետք է լինես պարտադիր: Ինքս շփվում եմ եւ տնօրենների, եւ ուսուցիչների հետ, եւ գիտեմ, որ շատ տնօրեններ կան, որ անկուսակցական են, նույնիսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, եւ ես այստեղ որեւէ վատ բան, որպես այդպիսին, չեմ տեսնում: Իմ կարծիքով՝ այստեղ խնդիրն այլ է. նախ՝ համաձայն չեմ, որ ուսուցիչների աշխատավարձերն այդքան ցածր են, այսինքն՝ իրենք ամենացածր վճարվող աշխատողներն են: Այն դեպքում երբ մեկ դրույքով ուսուցիչն աշխատում է, դա մարզերում ավելի շատ է, քան մեծ քաղաքներում կամ Երեւանում, եւ միջին աշխատավարձի հնարավորությունը՝ 120 000 դրամը, չեմ կարծում, թե մարզերում կարելի է համարել ցածր աշխատավարձ: Մյուս կողմից՝ ընդհանրապես արգելել մարդուն որեւէ քաղաքական կուսակցության անդամագրվել կամ քաղաքականությամբ զբաղվել, դա էլ չեմ պատկերացնում: Այսինքն՝ ի՞նչ, դնենք օրենքով սահմանափակենք, որ ուսուցիչները չպե՞տք է քաղաքական կուսակցությունների մեջ լինեն: Պետք է մտածել խնդիրը ավելի համակարգային ձեւով լուծելու մասին եւ ոչ թե, երբ կոնկրետ ինչ-որ դեպքեր լինեն, այդ դեպքերի առումով անդրադառնանք խնդրին…

Գ. Հ.– Բայց 145 դպրոցի ուսուցիչ Փաշոյանը քաղաքական այլ հայացքներ ուներ, եւ տեսեք, թե ինչ դուրս եկավ դրանից…

Ա. Պ.– Չեմ կարծում, թե դա էր պատճառը, մանավանդ ինքն իր ֆեյսբուքյան էջում գրում էր, որ ուշացել է դասերից… Հասկանում եմ, որ հիմա ընդդիմախոսներն ասում են՝ եթե այդպես էր, թող ավելի շուտ անեին էդ ամեն ինչը եւ ոչ թե հանրաքվեից հետո: Գուցե պետք է ավելի շուտ անեին կամ ընդհանրապես չանեին, գուցե պետք է պայմանագրով նախատեսված լիներ, թե պարտականությունները չկատարելու համար ինչպիսի պատիժ է կրում մարդը: Այստեղ ուսուցչի կարգավիճակի հարցը կա, որը, ցավոք սրտի, Հայաստանում դեռեւս վերջնական լուծում չի ստացել, այսինքն՝ շատ դեպքերում այդ խնդիրներն առաջանում են նրանից, որ, օրինակ, ուսուցիչն ասում է՝ դուք ինձ վճարում եք ժամավճար, ես էլ իմ դասերն անում եմ, մանավանդ քիչ դասաժամերով ուսուցիչները: Իրենք ասում են՝ ինչո՞ւ եք պարտադրում, որ առավոտյան 9-ից գամ մինչեւ ժամը 3-ը կամ 4-ը մնամ դպրոցում, եթե այդքան ծանրաբեռնվածություն չունեմ: Մյուս կողմից էլ՝ տնօրենն ասում է՝ դուք պետք է գաք, դասապատրաստում անեք, մյուս օրվա դասերին պատրաստվեք, գրադարանում աշխատեք եւ այլն: Մի խոսքով՝ կան որոշակի երկկողմանի խնդիրներ՝ իրավական լուծում պահանջող, պետք է հստակեցվի ուսուցիչների կարգավիճակը: Օրինակ՝ քաղծառայողների պարագայում եւս կար այդ խնդիրը, եւ Քաղծառայության մասին օրենքը հստակ շեշտադրում դրեց, որ քաղծառայողը իրավունք չունի աշխատանքի ժամանակ զբաղվել քարոզչությամբ եւ պետք է քաղաքականապես չեզոքություն դրսեւորի:

Քննարկումն ամբողջությամբ


Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031