Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այո»-ն իրականում պարտվեց Լոռու մարզում

Դեկտեմբեր 21,2015 15:30

«Այո» շտաբի պետի ՀՀԿ-ական լոռեցի տեղակալները`
Վանաձորի քաղաքապետի դեմ

Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքներով՝ «Այո»-ն մեծ հաշվով պարտվել է ոչ թե Վանաձոր քաղաքում, այլ Լոռու մարզում: Հանրաքվեի մասնակցության իրավունք ունեցող լոռեցիների ընդհանուր թիվը 238 048 է, քվեարկությանը մասնակցել է 110 082 մարդ, որից «Այո» է ասել 61 908-ը, «Ոչ»` 43 147-ը: Մարզկենտրոն Վանաձորում հանրաքվեի մասնակցության իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 96 656 է, քվեարկությանը մասնակցել է 36 771 մարդ, որից «Այո» է ասել 12 678-ը, «Ոչ»` 21 944-ը: Առաջին հայացքից միգուցե Լոռու մարզում «Այո»-ի պարտության մասին եզրահանգումը միամիտ թվա, բայց հարցն այն է, որ «Այո»-ի շտաբի պետի երեք տեղակալները` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը եւ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, Լոռու մարզից են: Լոռու մարզի շտաբի պետը եղել է ՀՀԿ-ական մարզպետը, Վանաձորինը` Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը: Նման վարչական ռեսուրսի պարագայում «Այո»-ն Լոռու մարզում թերեւս ամենաբարձր արդյունքը պիտի գրանցեր, բայց արի ու տես՝ հիմա եղածի «կուժն ու կուլան» փորձ է արվում կոտրել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի վրա: Որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ այս հանրաքվեում եւս վարչական ռեսուրսը կիրառվեց. տեսագրությունների եւ փաստերի պակաս չկա: Եթե ՀՀԿ-ական հինգ բարձրաստիճան պաշտոնյա իրենց «ձեռքի տակ» եղած ողջ վարչական ռեսուրսը կիրառելով՝ նման արդյունքներ են գրանցում` կուսակցական եւ վարչական տեսանկյունից վատ է:

Եթե սա ներկուսակցական ինտրիգ է Սամվել Դարբինյանի դեմ` դարձյալ վատ է: 2016-ի փետրվարին Վանաձորում քաղաքապետի ընտրություններ են: Վանաձորի քաղաքապետը այս պաշտոնին է 1999 թվականից եւ երբեք չի փայլել հանուն իր քաղաքի եւ բնակիչների իրեն կոտորելու պատրաստակամությամբ: Բայց նրա աշխատանքների թերությունները, չգիտես ինչու, հիմա են ի հայտ գալիս: Ընդամենը մի կես տարի առաջ` այս տարվա մայիսին, ՕԵԿ-ից սերած ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ընդվզեց Վանաձորի քաղաքապետի դեմ, նրան «ցմփոր քաղաքապետ» անվանեց ու հրաժարվեց իր կուսակցական ընկերոջ ապօրինությունների համար պատասխանատվությունից (Սամվել Դարբինյանը վաճառքի է հանել քաղաքին նվեր աղբահավաք մեքենաները): Սամվել Ֆարմանյանի հետ շատերն էին համամիտ: Հիմա, հավանաբար, ճիշտ ժամանակն է նաեւ հիշելու, որ հանրաքվեն Սամվել Դարբինյանի միակ պարտությունը չէ: 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում հավաքեց 29 612 ձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` 17 437: Դե, քրեական գործն էլ Սամվել Դարբինյանի նկատմամբ արդեն հարուցված է դեռ նոյեմբեր ամսին. Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Ոչ քաղաքապետ Դարբինյանը իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետ Դարբինյանի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել թիվ 1 երթուղին: Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել քաղաքապետի դեմ ներկայացված բողոքի հիման վրա քրգործ հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Վանաձորի քաղաքապետի 2016 թվականի ընտրությունում իրենց հետաքրքրություններն ունեն «Այո»-ի շտաբի պետի տեղակալ ՀՀԿ-ական երեք պաշտոնյաներն էլ` Վահրամ Բաղդասարյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը եւ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Խոսակցություններ կան, որ այդ ընտրությունում իր թեկնածությունն է առաջադրելու Վահրամ Բաղդասարյանի հորեղբոր տղան, Հովհաննես Հովհաննիսյանի հարազատներից մեկը, Կարեն Կարապետյանի մերձավորներից մեկը: Ստացվում է՝ հանրաքվեն շատ լավ առիթ էր Սամվել Դարբինյանի «տակ ական դնելու» համար: Ու, կարծես, ստացվում է:

Ներկուսակցական այս գզվռտոցը ոչինչ է ՀՀԿ-ի եւ մասնավորաբար ՀՀԿ-ական լոռեցի պաշտոնյաների նկատմամբ հանրության վերաբերմունքի համեմատ: Արդեն որերորդ անգամ ՀՀԿ-ն «ոչ» է ստանում վանաձորցիներից: Մնում է միայն այս ամենից հետեւություններ անող լինի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031