Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը պարզաբանում է, թե ինչու է 35-40% արտահանում ունեցող ընդերքօգտագործման ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում ընդամենը 3-4,5% է կազմում:
Բնապահպան Լեւոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանն ամենաշատ արտահանում է հանքահումքային արտադրանք՝ գերազանցապես մետաղական (պղինձ, ոսկի, մոլիբդեն, ցինկ, արծաթ եւ այլն), որը կազմում է մեր արտահանման 35-40%-ը, սակայն երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ ընդերքօգտագործման ոլորտի մասնաբաժինը կազմում է ընդամենը 3-4,5%: Պարոն Գալստյանի խոսքերով՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդպես: Երեկ «Առավոտը» մեջբերելով բնապահպանի այդ մտահոգությունը՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է մեր երկրի համախառն ներքին արդյունքում ընդերքօգտագործման ոլորտի մասնաբաժինն այդքան քիչ կազմում:
Կառլեն Խաչատրյանի մեկնաբանմամբ՝ մեր երկրի արտահանման կառուցվածքում այն ոլորտների մասնաբաժինն է մեծ, որոնք մրցունակ են արտաքին աշխարհում. «Եթե մեր գյուղատնտեսական արտադրանքը արտաքին աշխարհում ավելի մրցունակ լիներ, դրա պահանջարկն ավելի մեծ լիներ, բնականաբար, գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները մեծ կլինեին: Հաշվի առնելով, որ հենց հանքահումքային ոլորտի տված արտադրանքն է արտերկրում ավելի մեծ պահանջարկ վայելում, դրանով է պայմանավորված, որ մեր արտահանման ծավալում դրա մասնաբաժինը մեծ է:
Համախառն ներքին արդյունքը մի տարվա ընթացքում երկրում արտադրված ամբողջ արտադրանքի ծավալն է, եթե ընդհանուր ծավալում որեւէ ոլորտ փոքր մասնաբաժին ունի, բայց արտահանման ծավալում նրա մասնաբաժինը մեծ է, դա պայմանավորված է նրանով, որ այդ ոլորտի արտադրանքը բացառապես գնում է դուրս, ներքին շուկայում չի սպառվում»:
Տնտեսագետ Խաչատրյանի խոսքերով՝ իսկ, օրինակ, գյուղատնտեսական արտադրանքը առավելապես սպառվում է երկրի ներսում եւ քիչ է արտահանվում. «Այդ ոլորտի սպառումը երկրի ներսում շատ ավելի մեծ է, հանքահումքայինում տրամագծորեն հակառակն է, համարյա ամբողջը գնում է դուրս, երկրի ներսում դրա շատ փոքր ծավալն է սպառվում: Այսինքն՝ կախված է նրանից, թե տվյալ ոլորտի ներքին ու արտաքին սպառումն ինչ հարաբերակցություն ունի»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Լեւոն Գալստյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
19.12..2015