ՄԻԱՎ վարակի դեպքերի թվի աճին նպաստում է միգրացիայի գործոնը: Երեկ Միգրանտների միջազգային օրվա առիթով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց՝ վերջին 5 տարիների ընթացքում արձանագրված ՄԻԱՎ վարակով հիվանդների կեսից ավելին, հավանաբար, վարակվել է արտերկրում, որոնցից ավելի քան 90%-ը՝ ՌԴ-ում: Ըստ կենտրոնի մասնագետների՝ ընդհանուր առմամբ 2012-2014թթ. արձանագրված դեպքերի մեծամասնությունը՝ 59%-ը, կազմում են արտերկրում վարակվածները, 14%-ը՝ նրանց զուգընկերները: Այսպիսով՝ արձանագրված դեպքերի 73%-ը կապված է միգրացիայի հետ:
«Կան մի շարք գործոններ, որոնք արտագնա աշխատանքի մեկնողներին դարձնում են խոցելի ՄԻԱՎ-ի նկատմամբ: Դրանք են՝ միգրանտների շրջանում ցածր է ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների գնահատման ցուցանիշը, միգրանտները հիմնականում մեկնում են ՄԻԱՎ վարակի բարձր տարածվածությամբ երկրներ՝ հատկապես Ռուսաստանի Դաշնություն, որտեղ ռիսկային վարքագծի դրսեւորման դեպքում զգալիորեն մեծանում է վարակվելու հավանականությունը, հեռու լինելով ընտանիքներից եւ մշտական զուգընկերներից՝ արտագնա աշխատանքի մեկնածներից շատերն իրենց ազատագրված են զգում ընտանիքում, ծանոթների միջավայրում նրանց վարքը պայմանավորող սոցիալական նորմերից եւ ավելի հաճախ են դրսեւորում ռիսկային վարքագիծ: Արտերկրում միգրանտներին հիմնականում հասանելի չեն լինում բժշկական, այդ թվում՝ ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները, ՄԻԱՎ վարակի եւ դրա կանխարգելման ուղիների ու միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը»,- պարզաբանում են կենտրոնի մասնագետները:
Ըստ նրանց՝ վարակմանը նպաստում է նաեւ այն թյուր պատկերացումը, համաձայն որի՝ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել միայն մարմնավաճառ կանանցից. «Մինչդեռ արտագնա աշխատողների շրջանում արձանագրված դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանք հիմնականում վարակվում են, իրենց պատկերացմամբ, վստահելի զուգընկերների հետ քիչ թե շատ տեւական հարաբերությունների հետեւանքով»:
Նշենք, որ բացի ռիսկային սեռական կապերից, երբ հայտնի չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջ կարգավիճակը, ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող գործոնների թվում են նաեւ թմրամիջոցների գործածումը, բազմաթիվ զուգընկերներ ունենալը, պահպանակ չօգտագործելը, ռիսկային վարքագծի հետեւանքների չգիտակցումը կամ անտեսումը, սեփական առողջության հանդեպ պատասխանատվության բացակայությունը:
Կարդացեք նաև
ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի են ոչ միայն միգրանտները, այլեւ նրանց զուգընկերները, քանի որ, վերադառնալով իրենց մշտական բնակավայրերը, միգրանտների գերակշիռ մասն առանց պահպանակի օգտագործման, առանց ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու վերսկսում են սեռական կյանքն իրենց նախկին զուգընկերների հետ` վտանգելով նրանց առողջությունը:
Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ
19.12..2015