Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջանավարտին ուղարկում ենք հեռավոր գյուղ՝ ոչ տուն կա, ոչ տեղ կա, ոչ էլ ապրելու բան». Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2015 13:12

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին եւ «Կրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որի նպատակն է նպատակային ընդունելության համար ճիշտ մեխանիզմ ստեղծել:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ սկզբում երիտասարդները պետության ծախսերով սովորում են՝ վստահեցնելով, որ պետք է գնան եւ աշխատեն, հետո չեն ուզում եւ չեն արդարացնում պետության ծախսերը: Արդյունքում՝ համայնքներում մասնագիտական կադրերով ապահովման խնդիրը չի լուծվում: Ուստի կառավարությունն առաջարկում է,որ այն շրջանավարտը, որը հետո չի ուզենա աշխատել, պետք է վճարի պետության ծախսի կրկնապատիկը:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկում էր ըստ դեպքերի սրության պարտավորեցնել վճարել ոչ թե կրկնապատիկը, այլ եռապատիկը:

Նախարարը սրան դեմ էր. «Հետո կսկսեն զանգեր, խնդրանքներ, որ լավ եռապատիկը մի գրի, կրկնապատիկը գրի: Թող հստակ մի ձեւ լինի, չլինի նախարարության լիազորություն: Դա կոռուպցիոն տհաճ խոսակցությունների ցանկ է բացելու»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ այս ուսանողներից փող աշխատելու խնդիր չունեն, խնդիր ունեն պատասխանատվությունը մեծացնելու:

Ըստ ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի, սա միայն կրթական խնդիր չէ, որ չգնաց՝ տուգանեն եւ հարցը լուծվի, սա բազմաշերտ խնդիր է. «Բանակի խնդիրն էլ կա, ստացվում է, որ բուհն ավարտածն անընդհատ պարտք է տալիս՝ հայրենիքին, գյուղին: Անընդհատ պարտք է, այսպես չի կարելի: Նպատակային քննությանը եկավ, ավարտեց, իսկ մենք ի՞նչ ենք առաջարկում բուհն ավարտած երիտասարդ մասնագետին: Ուղարկում ենք հեռավոր գյուղ՝ ոչ տուն կա, ոչ տեղ կա, ոչ էլ ապրելու բան: Պետական աշխատավարձը ստանալու է՝ կոպեկներ: Բնականաբար, ամեն հնարավոր բան գտնելու է, որ չգնա: Ուստի բացի պատժից, որ եթե չգնաս՝ կրկնապատիկը պետք է վճարես, մենք պետք է սոցիալական խնդիրը լուծենք: Երիտասարդ է, պիտի ամուսնանա, մենք այդ գյուղում ի՞նչ ենք տալու նրան»:

Ըստ Վահե Հովհաննիսյանի, մենք միջպետական պայմանագրերով երբ շատ ուսանողների ուղարկում ենք արտերկիր՝ սովորելու, շատերը հետ չեն գալիս: Նույն հարցը այստեղ պետք է առաջանա:

Նախարարն էլ պատասխանեց, որ չեն հավակնում, որ այս նախաձեռնությամբ կարող են լուծել տարիներ շարունակ համակարգում կուտակված խնդիրները: Բայց սկսել այդ կծիկը քանդել պետք է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031