Ասում է միության տնօրեն Ալեքսանդր Ամարյանը
Այս տարվա սեպտեմբերից մեզանում սկսեց գործել «Հաշտարարների միություն» ՍՊ ընկերությունը:
Այն գտնվում է Գ. Նժդեհի 34 հասցեում:
Զրուցակիցս տեղեկացնում է, որ այս տարվա մայիսին Դատական օրենսգրքում եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում ԱԺ-ն փոփոխումներ եւ լրացումներ կատարեց, ստեղծվեց, բնականաբար, հաշտարարների ինստիտուտը:
Թե ովքեր են այդ միությունում աշխատում, եւ ինչ սկզբունքներով են ներգրավվել հարցին՝ զրուցակիցս պատասխանում է, որ օգոստոսին նրանց համար դասընթացներ են կազմակերպվել, բոլորը սեպտեմբերի 8-ին ստացել են արտոնագիր:
Խոսքը 54 արտոնագրվածների մասին է:
«Ոչ մի դատական ատյան, խախտելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120 հոդվածը, ոչ մի կողմի չի բացատրում, թե ինչ է հաշտարարության էությունը: Ասո՞ւմ են՝ ուզում եք հաշտություն կնքել, թե ոչ»,- ասում է Ա. Ամարյանը:
Նա տեղեկացնում է, որ եթե քաղաքացիները համաձայնում են, որ իրենց վեճը արտոնագրված հաշտարարի միջոցով լուծվի, դատարանը ուղարկում է արտոնագրված հաշտարարին, քաղաքացու կամքով՝ ում են ուզում, ուղարկում է անվանական, եթե ոչ, ուղարկում է դեպարտամենտ, այնտեղ նշանակում են:
Կարդացեք նաև
Նշանակելուց հետո, ի դեպ, առաջին 4 ժամում իրենց հետ կատարվող աշխատանքը անվճար է, իսկ հետո՝ վճարովի:
Մեր հարցին, թե ո՞վ պետք է առաջինը տեղեկացնի, որ գոյություն ունի նման ինստիտուտ, ում վրա է դրված իրազեկման պարտավորությունը:
Պարզվեց, ըստ զրուցակցիս, իրազեկումը «ապահովողներն» են՝ արդարադատության նախարարությունն ու դատական համակարգը:
Մեր հաջորդ հարցին, արդյոք, հաշտարարները նույն առաքելությո՞ւնն ունեն, ինչ միջնորդ դատարանները, զրուցակիցս ասաց. «Միջնորդ դատարան չկա: Կա ֆինանսական արբիտրաժ, որը կապված է ֆինանսական գործունեության հետ: Իսկ հաշտարարների ինստիտուտը վերաբերում է քաղաքացիական, աշխատանքային օրենսգրքերին»:
Հաշտարարներն ունեն իրենց կանոնադրությունը, նաեւ էթիկայի կանոնակարգը:
Քանի որ հաշտարարների ինստիտուտի մասին քաղաքացիներն անիրազեկ են, ուստի հարցրեցինք, թե ինչ գործունեություն է ծավալելու այն:
Ա. Ամարյանն ասաց, որ իրենց խնդիրը լինելու է դատական համակարգը բեռնաթափելը, կողմերին տալ հնարավորություն, որ նրանք միմյանց հետ հաշտվեն, որովհետեւ դատական համակարգում շահողը մեկն է, իսկ հաշտվելու դեպքում՝ կողմերը, քանի որ երկուսն էլ գալիս են ընդհանուր հայտարարի:
Դրա հետ մեկտեղ հաշտարարության դեպքում պետտուրքի վճարման 50 տոկոսն առաջին ատյանի դատարանը վերադարձնում է, իսկ 40 տոկոսը վերաքննիչով է վերադարձվում, եթե հաշտությունը կնքում է:
Սեփական նախաձեռնություն կարո՞ղ եք դրսեւորել, որպեսզի մարդիկ իրենց վեճերը Ձեր միջոցով լուծեն հարցին էլ՝ զրուցակիցս պատասխանեց. «Մենք դասընթացներ անում ենք մեր արտոնագրված հաշտարարների համար: Դասախոսներ են գալիս, քանի որ նոր ինստիտուտ է, մարդիկ դեռ պատրաստ չեն»:
Հետաքրքիր էր նաեւ իմանալ, թե հաշտարարը կարո՞ղ է այլ կառույցում ներգրավված լինել, աշխատել փաստաբան, հասարակական կազմակերպությունում: Այս կապակցությամբ տեղեկացանք, որ կարող է աշխատել այլ կառույցում, բայց նրա հիմնական սկզբունքն է. նա պետք է լինի անկողմնակալ: Կա՞ նրանց բացարկ հայտնելու հնարավորություն հարցին էլ՝ պատասխանեց, որ կա: Կողմերը կարող են հրաժարվել: Ի դեպ, բացարկի հետեւանքը կարող է լինել նաեւ արտոնագիրը ձեռքից վերցնելը:
Հաշտարարները կարող են միջամտել քաղաքացիական գործերով, աշխատանքային, ընտանեկան վեճերի ժամանակ: Հայտնի է, որ նման գործերով քաշքշուկները տարիներով են ձգձգվում: Կան վեճեր, որ ռեկորդային վաղեմություն ունեն. 10 տարուց ավելի են: Այս դեպքում նախատեսված ժամկետը 6 ամիս է:
Հաշտարարը, եթե որեւէ գործով ներգրավված չէ, աշխատավարձ չի ստանում: Նա կստանա, եթե կողմերը պայմանագիր կկապեն իր հետ, երկուսն էլ հավասար մուծում են հաշտարարին: Հաշտարարը պետք է լինի ֆինանսապես անկախ:
Իրավաբանական կրթություն անհրաժեշտ չէ, որպեսզի լինես հաշտարար: Հաշտարար կարող է լինել իրավաբանը, հոգեբանը, նոտարը, լրագրողը…
Գործող միությունում կան նախկին դատավորներ, դատախազներ, նոտարներ, իրավաբաններ, փաստաբաններ, գործատուներ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
19.12..2015