Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանները «բոյկոտել» են հայ դաշնակահարին

Դեկտեմբեր 21,2015 13:30

Հայաստանյան մշակութային կյանքին ակտիվ մասնակցություն են ունենում նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսները: Նրանցից շատերը մանկավարժական գործունեությունը զուգահեռում են նույնիսկ արտասահմանյան հյուրախաղերով:
«Առավոտի» հյուրը՝ դաշնակահար, կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը, օրերս է վերադարձել հերթական համերգային շրջագայությունից: Այս տարվա ընթացքում արվեստագետը Սանկտ Պետերբուրգում՝ «Աշխարհի կոնսերվատորիաները» փառատոնի շրջանակներում, Լեհաստանի, Գերմանիայի քաղաքներում ունեցել է համերգներ, անցկացրել վարպետության դասեր, որպես ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ էլ հանդես եկել Բելառուսի երաժշտական պետական ակադեմիայում:

Զրույցի ընթացքում դաշնակահարը կարեւորեց հայաստանյան համերգները, նշեց, որ տեղական եւ արտերկրյա ելույթները նվիրված են եղել եղեռնի 100-ամյա տարելիցին: Առանձնացրեց Ալեքսանդր Հարությունյանի 95, Չայկովսկու 175, Բախի եւ Հենդելի ծննդյան 330-ամյակներին նվիրված համերգները: Պրոֆեսորը, անդրադառնալով վերջերս կատարած համերգային շրջագայություններին, ասաց. «Մենահամերգների ձեւաչափով մասնակցեցի Ղազախստանի Ակտուա, Ակտոբեր եւ Ատիրաու քաղաքներում կազմակերպված միջոցառումներին՝ նվիրված Բախի 330-ամյակին, բացի Բախի ստեղծագործություններից, հնչեցնելով Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Միրզոյան, Հարությունյան, ինչպես նաեւ՝ ղազախ ճանաչված կոմպոզիտոր Ժուբանովայի երկերից: Այնուհետեւ, դարձյալ Բախի հոբելյանի առիթով, հրավիրվեցի Վիլնյուս, որտեղ Չեպայտեի ղեկավարությամբ Լատվիայի պետական կամերային նվագախմբի եւ կոլեգայիս՝ Մուզա Ռուբացկիտեի հետ հանդես եկա Բախի երկու դաշնամուրի համար կոնցերտի (դո մինոր BWV 1060) մեկնաբանմամբ»:

Ծանոթ լինելով դաշնակահարի գործունեությանը, հարցրինք՝ ինչո՞ւ են մշտապես իր մենահամերգներում դոմինանտում Բախի ստեղծագործությունները: Դաշնակահարը, մասամբ համակարծիք լինելով, հայտնեց ընդամենը, որ 1980թ. Լայպցիգում կայացած Բախի անվան միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: Հետո էլ անուն առ անուն հիշելով հայ դաշնամուրային դպրոցի երախտավորներին՝ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորներ Գեորգի Սարաջյանին, Ռոբերտ Անդրեասյանին, Կետի Մալխասյանին, Աննա Ամբակումյանին, Վիլլի Սարգսյանին եւ մյուսներին, հավաստիացրեց, որ այսօր էլ կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնը՝ ի դեմս դասախոսական կազմի, իսկապես հուսալի ձեռքերում է: Որպես ապացույց էլ ասաց, որ ուսանող դաշնակահարները մրցանակների են արժանանում ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան մրցույթներում: Մենք էլ փաստենք, որ պրոֆեսորի մոտ են ուսանել միջազգային մրցույթների դափնեկիրներ Սոֆյա Ղազարյանը, Ադա Մինասյանը, Հասմիկ Անտոնյանը եւ այլք:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ աշնանը Սանկտ Պետերբուրգում կայացած «Աշխարհի կոնսերվատորիաները» փառատոնի շրջանակներում, որին մասնակցել են նաեւ դասախոսներ արտասահմանյան երաժշտական բուհերից, իր ելույթից հետո ադրբեջանցի հանդիսատեսը լքել է դահլիճը: Անահիտ Ներսիսյանը պարզաբանեց. «Համերգը բաղկացած էր երկու բաժնից, առաջինում արտերկրյա այլ բուհերի կոլեգաներիս եւ իմ ելույթն էր, իսկ երկրորդը նվիրված էր մուղամին: Դահլիճում պաշտոնյաները նստած էին աչքի ընկնող տեղում, խոսքով չեմ կարող ներկայացնել, բայց իմ ելույթից հետո նկատեցի, որ երկու հոգի ոչ միայն չմիացան ծափողջույնների տարափին, այլեւ մի տեսակ դիրք ընդունեցին: Հետո միայն պարզեցի, որ նրանք Ռուսաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպաններն են»: Անահիտ Ներսիսյանը հավելեց. «Իմիջիայլոց, նույն դեսպանները ականատեսը եղան, թե ինչպես համերգը չավարտված՝ մուղամ լսելուց հոգնած հանդիսատեսը դուրս է գալիս դահլիճից: Նրանց թվում էր իմ լավ բարեկամը՝ Հովհաննես Թումանյանի թոռնուհին՝ Սուրմա Թումանյանը՝ ամուսնու հետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Անահիտ Ներսիսյանը (կենտրոնում) Ելենա Օբրազցովայի
եւ Միխայիլ Հարվարդի հետ (2014թ.):

«Առավոտ» օրաթերթ
19.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031