Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստը պետք է սնվի խմիչքի եւ ալկոհոլի բիզնեսից» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2015 12:57

Նկարիչների միության համար անցնող տարին լի էր ցուցահանդեսներով, որոնց մասնակցել են նաեւ երիտասարդ նկարիչներ եւ ուսանողներ: Կազմակերպվել է մոտ 50 ցուցահանդես: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա առանձնացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը. «300-ից ավելի աշխատանք ցուցադրվեց, թեեւ նմուշների թիվն ավելի շատ էր, բայց մեր մասնագետները ստիպված էին սահմանափակ թվով դիմումներ ընդունել»:

Միության նախագահը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա միջոցառումների համար նկարիչների դիմումներն արդեն ընդունվել են. «Ցավոք, ավելի շատ դիմում կա, քան դահլիճ: Դա մյուս կողմից նշանակում է, որ հետաքրքրություն կա արվեստի նկատմամբ, ինչը գոհացնում է ինձ: Մարդն ունակություն ունի, պետք է արտահայտի: Եթե չլիներ Նկարիչների միությունը, այդքան մարդ չէր ստեղծագործի: Պետք է հնարավորություններ ստեղծել դրա համար»:

Ինչ վերաբերում է արտասահմանյան ցուցահանդեսներին, ապա դրանք կազմակերպելը բավականին ծախսատար է. «Մեր հնարավորություններով միայն մենք ենք կարողանում գոյատեւել: Օրինակ, եթե Գերմանիայում կամ Ռուսաստանում ուզենանք մեկ սենյակի չափով ցուցասրահ վարձել, տասը հազար եվրո կպահանջվի: Նկարիչների միությունը չունի նման գումարներ: Մեկ ցուցահանդես կազմակերպվել է Մոսկվայի «Նկարչի կենտրոնական տանը», որի ծախսերը հոգացել է ռուսական կողմը: Մասնակցել են երիտասարդ նկարիչներ»:

Ինչպես հայտնի է, Փարիզում Նկարիչների միությունը 90 տարով տրված սեփականություն ունի՝ մեկ սենյականոց բնակարան. «Յուրաքանչյուր երկիր նույն սկզբունքով ունի այդպիսի արվեստանոց, որոնք մոտ 300-ն են: Մենք մեկ սենյակ ունենք, որտեղ երկու ամիսը մեկ կարելի է մեկ կամ երկու նկարչի ուղարկել: Բայց ծախսը հոգում են հենց իրենք՝ նկարիչները: Առհասարակ, Փարիզում գտնվելը եւ ստեղծագործելն անհրաժեշտ է յուրաքանչյուր նկարչի»,-ասաց բանախոսը:

Խոսելով միության խնդիրներից՝ Կարեն Աղամյանն ասաց, որ նկարիչների կեցության հարցն է բարդ. «Միությունը չի կարողանում օգնել նրանց: Բացի այդ, Հայաստանում այսօր չկան արվեստանոցային ֆոնդեր: Եթե 15-20 տարի առաջ մոտ 1000 արվեստանոց կար գրանցված, հիմա՝ մոտ հարյուրը: Իսկ ինչ անի Գեղարվեստի ակադեմիան ավարտած նկարիչը, որը արվեստանոց չունի: Պետությունը պետք է մտածի այս մասին: 90-ականներին արվեստանոցները սեփականաշնորհվելու որոշում է կայացվել, ինչը, կարծում եմ, ճիշտ չէ: Նկարիչը մահացել է, իսկ ընտանիքը՝ վաճառել արվեստանոցը»:

Խնդրի լուծումն Աղամյանը համարում է վերոնշյալ ֆոնդերի վերականգնումը. «Մերձբալթյան երկրներում գործում է մշակութային ֆոնդ. խմիչքի եւ ծխախոտի բիզնեսի 2 տոկոսով սնվում են ստեղծագործական միությունները: Իսկ Ֆրանսիայում նույնը ստացվում է շինարարական ոլորտից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031