Ի՞նչ են տալիս Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումները, եթե դրանց զուգահեռ սահմաններում լարվածությունը չի նվազում, ավելին`սրվում է`այս հարցին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ հանդիպումից առաջ էլ հայկական կողմը դրական արդյունքների ակնկալիքներ չուներ:
«Ադրբեջանի նախագահը տարիներ շարունակ կոչ է անում խաղաղ բանակցությունների եւ ինքն էլ դրժում է իր խոստումը: Այստեղից երկու եզրահանգում կարելի է անել`կամ Իլհամ Ալիեւը ստախոս է, կամ չի տիրապետում իրավիճակին եւ իր բանակն իրեն չի ենթարկվում: Այլապես, հանդիպումներից առաջ նման խախտումներն ու դիվերսիաները սիստեմատիկ չէին լինի»,-ասաց նա`հավելելով, որ բոլորին էլ հասկանալի է, թե ինչո՞ւ «ադրբեջանական կողմը վայնասուն» բարձրացրեց, երբ հարց առաջացավ տեսախցիկների տեղադրման շուրջ. «Որովհետեւ ամեն ինչ պիտի բացահայտվեր: Իհարկե, եւ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային հանրության համար այդ ամենը պարզ է, սակայն, այլ բան են բանավոր եզրահանգումները, այլ բան`փաստացի վավերացնել այդ ամենը»:
Վահրամ Բաղդասարյանը կարծում է, եթե հայկական կողմը հրաժարվեր այդ հանդիպմանը մասնակցել, խոսակցություններ կգնային, թե մենք հրաժարվում ենք խաղաղ բանակցություններից ու մեկ անգամ էլ հստակեցնում`ի սկզբանե այդ հանդիպումից դրական կամ մեծ ակնկալիքներ չեն եղել: Առաջիկայում էլ հայկական կողմը հավատարիմ կմնա Մինսկի խմբի ձեւաչափին եւ նման հանդիպումների շարունակականությանը: Ամեն դեպքում, Վահրամ Բաղդասարյանը հույս ունի, որ գոնե այս հանդիպումից հետո Ալիեւը կսկսի հաշվի նստել միջազգային հանրության հետ եւ հերթական ապտակը չի հասցնի Մինսկի խմբին`թուլացնելով սահմանների լարվածությունը:
Թե ինչի՞ հիման վրա են այդ հույսերը`Վահրամ Բաղդասարյանը չի կարողանում հիմնավորել. «Մտածում ենք, որ նրա խորհրդատուներն ի վերջո կկշռադատեն իրենք քաղաքական հանդիպումները եւ համապատասխան եզրահանգումների կգան: Եթե նա ցանկանում է իր ներքաղաքական իրավիճակից շեղել հանրության ուշադրությունը եւ դա իր երիտասարդների կյանքի հաշվին է անում, ուրեմն, նա պետք է պատասխան տա իր հանրության առջեւ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին`ինչո՞ւ էին այդքան հակասական հանդիպումից հետո ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները: Հիշեցնենք, ամերիկացի համանախագահն ասել էր, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է բաժակաճառով, իսկ Էդվարդ Նալբանդյանը, մեծ հաշվով արձանագրել էր, որ հերթական անպտուղ հանդիպումն էր: Ի՞նչ պայմանավորվածության շուրջ էին բաժակ բարձրացրել նախագահները: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ներկա մարդը միայն կարող է ճիշտ մեկնաբանություններ տալ`թե ինչպե՞ս է եղել: Համենայնդեպս, նախարար Նալբանդյանի հայտարարության մեջ տրամաբանությունը դրված էր: Պետք չէ նախօրոք մեկնաբանություններ անել, մի քանի օրից ավելի պարզ կլինեն այդ հանդիպման արդյունքները, քանի որ ես դեռ կենդանի խոսակցությունը չեմ լսել: Ես չեմ հանդիպել ոչ Նալբանդյանին, ոչ նախագահին»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ