Ինչպես տեղեկացրել ենք, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում ներկայացրեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Նախագծերով կառավարությունն ուզում է նպատակային ընդունելության համար ճիշտ մեխանիզմ ստեղծել, քանի որ գործող օրենսդրությամբ՝ ուսանողները պետության հաշվին անվճար սովորում են, որ հետո այս կամ այն համայնքում համալրեն մասնագիտական թափուր աշխատատեղերը, բայց ավարտելուց հետո խաբում են պետությանը եւ չեն գնում այնտեղ աշխատելու:
Հիմա կառավարությունն առաջարկում է, որ այդ ուսանողներին պարտավորեցնեն կրկնակի վճարել պետության ծախսը, եթե չի ուզում աշխատել:
ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ մի իրավիճակ նկարագրեց, որ, ասենք, աղջիկ ուսանող է, ամուսնանում է, բնակարան է փոխում, հնարավոր չէ՞ ըմբռնումով մոտենալ այդ դեպքերին:
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ամուսնությունը, կարծում եմ, դրական ֆորս-մաժոր է, բայց դա չպետք է անել պետական բյուջեի հաշվին եւ այն համայնքի բնակիչների հաշվին, որոնք սպասում են լավ մասնագետի: Հետեւաբար ամուսնացող աղջիկը կամ տղան պետք է կատարի ոչ միայն իր ամուսնական պարտավորությունը, այլեւ պետության առջեւ ստանձնած եւ մասնագիտական պարտականությունը, կամ պետք է միանգամից դուրս գա համակարգից՝ իր տեղը զիջելով այն մարդուն, որը պատրաստ է անձնական կյանքին զուգահեռ նաեւ իրականացնել այս գործառույթով պայմանավորված պարտավորությունը: Շատերը հենց այդ պատճառով են հրաժարվում, բայց ես չեմ կարող մտնել ու իմանալ, թե այդ ամուսնությունը ֆիկտիվ է, թե ֆիկտիվ չէ, բնակավայրը իրականում փոխել է, թե պարզապես գրանցում է փոխել: Այստեղ խորամանկությունների մեծ դաշտ կա եւ չենք հասցնի դրանց հետեւից ընկնել»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ օրինակ, 90-ականներից սկսած՝ Մեղրի քաղաքում նպատակային ընդունելություն կա բժիշկների համար՝ տարեկան 6 տեղ բժիշկ եւ 4 մանկավարժ. «Մոտ 20 տարի է՝ մենք Մեղրի քաղաքի համար նպատակային ընդունելությամբ պատրաստում ենք բժիշկներ եւ մանկավարժներ: Ենթադրվում է, որ մենք այս ծրագրով Մեղրիում պետք է ունենայինք 40 աշխատող բժիշկ եւ 80 աշխատող մանկավարժ: Չկա այդ թիվը: Շուրջ 90 տոկոսը չի կատարում իր պարտականությունը: Նախարարությունը փորձեց դիմել դատարան, բայց մենք իրավական հիմք չունենք, իսկ քաղաքացու ազատությունների սահմանափակման համար, ըստ Սահմանադրության, միայն օրենսդրական պահանջ է պետք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ