Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությանը խաբող ուսանողներին պարտավորեցնելու են կրկնապատիկ վճարել ուսման վարձը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2015 12:18

Այսօր կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին եւ «Կրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որի նպատակն է նպատակային ընդունելության համար ճիշտ մեխանիզմ ստեղծել:

Նախարարն ասաց, որ գործող մեխանիզմը չի արդարացնում իրեն, մանկավարժական, գյուղատնտեսական կադրերով համալրման խնդիրը չի լուծվում: Սկզբում երիտասարդները պետության ծախսերով սովորում են՝ վստահեցնելով, որ պետք է գնան եւ աշխատեն, հետո չեն ուզում եւ չեն արդարացնում պետության ծախսերը: Համայնքներում մասնագիտական կադրերով ապահովման խնդիրն արդյունքում չի լուծվում:

Հիմա հստակ պահանջ են ուզում ձեւակերպել օրենքում, որ եթե շրջանավարտը հետո այս կամ այն պատճառով չի ուզում գործուղվել կառավարության կողմից այս կամ այն բնակավայր որեւէ աշխատանքի առնվազն 3 տարի ժամկետով, ապա պարտավոր է վերադարձնել իր համար պետության կողմից ծախսված գումարի կրկնապատիկը:

Թե ինչու կրկնապատիկը, ըստ ԿԳ նախարարի՝ «Կստացվի, որ մենք անտոկոս երկարաժամկետ վարկ ենք տալիս: Մենք խնդիր չենք լուծի, որովհետեւ այդ ուսանողները խաբում են պետությանը եւ խաբում են այն մարդկանց, ովքեր այդ համայնքում իրենց սպասում են, խաբում են մասնագետներին, ուսուցիչներին, աշակերտներին, որոնք սպասում են լավ մասնագետի, խաբում են հիվանդներին, որոնք սպասում են լավ բժշկի»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին այս գաղափարը դուր եկավ: Նա հարցրեց. «Իսկ եթե չի վերադարձնում գումարը, վճարունակ չի ու չի վերադարձնում, դրա հետեւանքները ի՞նչ է լինելու, երբ պետության առջեւ ստանձնած պայմանագրային պարտավորությունները չի կատարում»:

Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ դատական կարգով գումարը պետք է վերադարձվի, որովհետեւ պետությունը ոչ մեկին չի պարտավորեցնում, որ գա ընդունվի հենց այս մեխանիզմով: Այն բացի անվճար սովորելու արտոնությունից նաեւ մրցութային արտոնություն է տալիս: Կարող են շատ ցածր բալերով ընդունվել, համայնքը նստի սպասի, որ շուտով կգա լավ ուսուցիչ ու վերջում չի գնում. «Կարծում եմ արդար է, որ նա պետք է վերականգնի գումարը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031