Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծրագրավորման ժամ» միջոցառումը համախմբեց ավելի քան 200 մասնակցի ՀՀ տարբեր դպրոցներից

Դեկտեմբեր 21,2015 11:38

«Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

«Ծրագրավորման ժամը» միջազգային ձևաչափի միջոցառում է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորելու ծրագրավորման տարատեսակ լեզուներ, ինչպես նաև զարգացնելու տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: Միջոցառմանը կարող են մասնակցել նոր տեխնոլոգիաներով, խաղերով և ծրագրավորմամբ հետաքրքրվող բոլոր անձինք՝ անկախ տարիքից: Ծրագրավորման որևէ լեզվի իմացություն պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: «Ծրագրավորման ժամը» համախմբում է ավելի քան 100 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրի շուրջ 45 000 դպրոցներից:

Հայաստանում «Ծրագրավորման ժամը» կազմակերպվում էր երկրորդ անգամ։ 2014-ին միջոցառմանը մասնակցել էր ավելի քան 150 մասնակից ՀՀ տարբեր դպրոցներից, իսկ այս տարի հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ ավելի մեծացավ՝ համախմբելով 200-ից ավելի մասնակցի:

«Այսօր ծրագրավորումը հասանելի է բոլորին: «Hour of Code»-ի նպատակն է զարգացնել ծրագրավորման մտածողություն` անկախ մասնագիտությունից, լինես բանասեր, նկարիչ, թե իրավաբան: «Այբ» դպրոցը խրախուսում է նորարար ձևաչափերը: Նման ծրագրերի իրականացումը մեծ ներդրում է ապագա սերնդի կրթության և զարգացման հարցում», – նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Այսօր տեխնոլոգիաները շոշափում են կյանքի բոլոր կողմերը՝ սկսած հեռախոսներից մինչև մեքենաներ, բժշկությունից մինչև առօրյա։ Այդ իսկ պատճառով շատ երկրների դպրոցներում ծրագրավորման առարկան դասավանդվում է կենսաբանության, մաթեմատիկայի ու գրականության հետ միասին: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կարևորում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է դպրոցական հասակից երեխաներին ցույց տալ, որ բացի տեխնոլոգիական արտադրանքներ օգտագործելուց նաև կարևոր է իմանալ, թե ինչպես են ստեղծվում դրանք», – ասաց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Բացի ծրագրի ավանդական մասից՝ միջոցառման ընթացքում կայացավ ռոբոտների ցուցադրություն: Պրեզենտացիաներ ներկայացրեցին «PicsArt» և «Shadowmatic» ընկերությունները: Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը աջակցեց «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը՝ ապահովելով գերարագ ինտերնետ կապով: Միջոցառման «համեղ» գործընկերն էր «Menu.am»-ը:

Միջոցառմանն աջակցեցին նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), «PicsArt» և «Shadowmatic» ընկերությունները:

 

«Այբ» դպրոց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031