Լրահոս
Օրվա լրահոսը

Կինը միայն տնտեսուհի չէ

Դեկտեմբեր 21,2015 13:00

Կնոջը ցանկալի է տեսնել խոհանոցում, ինչ-որ համեղ բան պատրաստելիս, կամ էլ երեխաներին խնամելիս, բայց ոչ երբեք մեքենայի ղեկին: Սա մեր հասարակությունում ձեւավորված կարծրատիպերից է, չնայած այս մտայնությունը չի խանգարում, որ վարորդների շարքերում տարեցտարի աճի կանանց ու աղջիկների թիվը: Թվի ավելացումն էլ դեռ չի նշանակում, որ ղեկին հմուտ ու փորձառու վարորդներ են, մանավանդ՝ որոշ ծնողների կողմից այսօր մոդայիկ է դարձել աղջիկներին ավարտական վկայական ստանալու առիթով կամ, ասենք, ծննդյան տոնին ավտոմեքենա նվիրելը:

Ինչպե՞ս է արձագանքում մեր հասարակությունը կին վարորդներին, եւ արդյոք մի փոքր ավելի զիջողաբա՞ր է մոտենում նրանց, փորձեցինք պարզել մեր զրուցակիցներից: Արմինեն, ով արդեն 13 տարի է, ինչ մեքենայի ղեկին է, փաստում է. «Արձագանքները տարբեր են, լինում է, որ շատ բարյացակամ են վերաբերվում, լինում է նաեւ, որ ընդհանրապես զիջումների չեն գնում»: Իսկ Անահիտի խոսքերով, ով 3 տարի է, ինչ ավտոմեքենա է վարում. «Երբ տեսնում են կին է, անմիջապես զիջման են գնում»:
Փորձեցինք պարզել, թե ինչպիսին է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների արձագանքը կին վարորդներին: «Ճանապարհային ոստիկանությունը արտակարգ է վերաբերվում, շատ բարեհամբույր են կանանց նկատմամբ: Ճիշտ է, երբ խախտում ենք կատարում, այդքան էլ չեն զիջում, բայց վերաբերմունքը միանշանակ բարեհամբույր է լինում կանանց նկատմամբ»,- ասում է կին վարորդ Հերմինեն:

Մեզ մոտ Հայաստանում գործում է նաեւ Կին վարորդների ֆեդերացիա, որը աջակցում է, եւ ամեն կերպ փորձում է կին վարորդներին քաջալերել ղեկին: Հայաստանի կին վարորդների ֆեդերացիան կոտրում է կարծրատիպերը: Այն գրեթե ամեն տարի կազմակերպում է ավտոմրցույթներ: Ղեկին լինում են միայն կանայք եւ աղջիկներ, իսկ տղամարդիկ դիտողի եւ ոգեւորողի կարգավիճակում են հայտնվում: Շատերը բողոքում են, թե աղջիկները հեշտ չեն կարողանում մեքենաները կայանել ու այդ առումով խնդիրներ են ունենում: Կին վարորդների ֆեդերացիայում աշխատում են նաեւ այս ուղղությամբ՝ աղջիկներին եւ կանանց վարժությունների շնորհիվ սովորեցնում են ճիշտ կայանել մեքենան: Ժամանակները փոխվում են, եւ բարեբախտաբար, հասարակությունը ավելի լուրջ է փորձում մոտենալ կին վարորդներին:

ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
19.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031