Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանության հնա՞րք, թե՞ դատական իշխանության անտեսում

Դեկտեմբեր 21,2015 10:47

Եթե Դուք վերադասության կամ դատական կարգով բողոքարկել եք ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության, Ձեր նկատմամբ կայացրած իրավախախտման վերաբերյալ որոշումը, ավելին, եթե նույնիսկ դատարանում հաղթել եք եւ դատարանի վճռով որոշումը բեկանվել է, ապա դա ամենեւին չի նշանակում, որ Դուք տուգանքը չեք վճարելու: Համենայնդեպս հենց այդպիսի՝ իրավական տեսանկյունից տարօրինակ, դիրքորոշում է որդեգրել ճանապարհային ոստիկանությունը: Վարչական այդ կառույցում երեւի թե կարծում են, որ իրենց որոշումները վերջնական են իսկ Հայաստանում դատական իշխանություն չկա: Բազմաթիվ առիթներ եմ ունեցել համոզվելու խոսքերիս ճշմարտացիության մեջ:

Մեխանիզմը, որը կիրառում է ճանապարհային ոստիկանությունը շատ պարզ է՝ կազմվում է իրավախախտման վերաբերյալ որոշում եւ, օրենքով նախատեսված ժամկետում, ԴԱՀԿ-ի միջոցով, քաղաքացուն ներկայացվում է դրամային պահանջ: Դրամային պահանջ է ներկայացվում նույնիսկ այն դեպքում երբ գործը դատարանում է, դատաքննության փուլում, անգամ եթե իրավախախտման մասին որոշումը դատարանի կողմից բեկանված է: Փաստորեն հաշվի չի առնվում իրավախախտման որոշումը դատարանում բողոքարկված լինելու հանգամանքը կամ այլ լեզվով ասած, անտեսվում է դատական իշխանության գոյությունը:

Օրինակ, ես, դատական կարգով բողոքարկված եւ դատաքննության փուլում գտնվող, չավարտված գործի շրջանակում, ստիպված, կարող էի երկու անգամ վճարել նույն իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված տուգանքի գումարը: Խնդիրը դրանում էր, որ ճանապարհային ոստիկանությունն արհամարհելով իրավախախտման վերաբերյալ որոշումն իմ կողմից բողոքարկված լինելու հանգամանքը, դիմել էր ԴԱՀԿ, որն իր հերթին կալանավորել էր բանկերում եղած հաշիվներս: Այսպիսով, ԱՄԵՐԻԱ եւ ԻՆԵԿՈ բանկերը, ամենքն իր հերթին, ինձանից փորձեցին գանձել միեւնույն որոշմամբ նախատեսված տուգանքի գումարը: Եվ կստացվեր, որ, ի սկզբանե 5000 դրամ նախատեսված եւ վիճարկվող տուգանքի դիմաց ես հնարավոր էր, որ վճարեի 22500 դրամ (5000 +2500 ավելացված 50%+ 3750 ԴԱՀԿ-ի գումար x 2 յուրաքանչյուր բանկում): Եվ սա կրկնում եմ, ճանապարհային ոստիկանության որոշումը բողոքարկված լինելու պարագայում:

Եթե քաղաքացին տեղեկանում է բանկերում իր ունեցած հաշիվների կալանավորման մասին, ապա այդ դեպքում ԴԱՀԿ ծառայություն գնալը անիմաստ ժամանակի վատնում է, քանզի այն կատարող կառույց է եւ գործում է ըստ վարչական մարմնի՝ ճանապարհային ոստիկանության հանձնարարականի: Այսինքն, պետք է հասնել դրան, որ ճանապարհային ոստիկանությունը ԴԱՀԿ-ից հետ վերցնի դրամային պահանջի հանձնարարականը: Դա եւս հեշտ չէ: Դրան հասնելու համար պետք է ժամանակ եւ ծանոթ-բարեկամներ ունենալ: Իմ բախտը բերեց ՝ երկու հանգամանքներն էլ իմ պարագայում առկա էին եւ մոտ մեկ շաբաթվա ընթացքում բանկային հաշիվներիցս անհիմն կալանքը հանվեց:

Արծարծվող խնդիրն ավելի զավեշտական է դառնում, երբ քաղաքացու ձեռքին է դատարանի վճիռ, համաձայն որի իրավախախտման վերաբերյալ ճանապարհային ոստիկանության որոշումը բեկանվել է: Զավեշտը դրանում է, որ այդպիսի դեպքերում եւս, շատ անգամ, գործը հայտվում է ԴԱՀԿ-ում, որն իր հերթին կալանավորում է դատարանում հաղթած քաղաքացու հաշիվները: Պատմությունը կրկնվում է եւ նորից անհրաժեշտ է գտնել ծանոթ-բարեկամ եւ ժամանակ: Դատական համակարգը անտեսելու գործում, համենայնդեպս իմ ունեցած տվյալներով, առաջնային դիրքում է Վանաձորի ճանապարհային ոստիկանությունը: Հենց այդ քաղաքի ճանապարհային ոստիկաններն են, որ մնացածից շատ անգամ ավելի են անտեսում դատական ակտերը, ճանաչելով միայն իրենց որոշումները եւ ԴԱՀԿ-ին:

Ճանապարհային ոստիկանությունում խնդրի առկայությունը բացատրում են ծրագրային թերություններով (իբր տեղեկատվությունը մի բաժնից մյուսը դժվարությամբ է հասնում, մոդուլն է խափանվում), որոնք, ըստ իրենց, աստիճանաբար շտկվում են:Սակայն կա խնդրի մի այլ կողմ: Ժամանակ եւ ծանոթ-բարեկամ չունեցող քաղաքացիները շատ անգամ աչք են փակում իրավական այս անօրինականության վրա եւ, իրենց ժամանակն ավելի թանկ գնահատելով ավելորդ քաշքշուկից, ի վերջո համաձայնություն են տալիս բանկի աշխատակցի՝ իրենց հաշվից գումարը պահելու առաջարկին, ասել է թե վճարում են դատաքննության փուլում գտնվող կամ դատարանի վճռով բեկանված իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված տուգանքի գումարը:

Արդյունքում ունենում ենք անհիմն հարստացող վարչական մարմին եւ դատական համակարգից հիասթափված բազմաթիվ քաղաքացիներ: Ճանապարհային ոստիկանության նկարագրված գործունեության արդյունքում տուժում են նաեւ բանկերը, քանզի քաղաքացիները, անօրինական վարչարարության հետեւանքով, ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, նախընտրում են ընդհանրապես չառնչվել բանկերի հետ եւ իրականացնել ստվերային գործարքներ, էական վնաս պատճառելով հայրենի տնտեսությանը: Ահա այդպիսի պատմություն:

Ճանապարհային ոստիկանության անօրինական իրավական հնարքը լուրջ խնդիրներ է առաջացնում կյանքի տարբեր ոլորտներում: Էլ չեմ խոսում խնդրի բարոյական հարթության մասին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    – Արդյունքում ունենում ենք անհիմն հարստացող վարչական մարմին եւ դատական համակարգից հիասթափված բազմաթիվ քաղաքացիներ: –
    Բայց խի՞ պիտի չլինի որ: Անդադար օրինականությունից խոսող ՀՀ վարչակազմը թքած ունի այն երեւույթի վրա, որ ԴԱՀԿ-ն պիտի գործի ԲԱՑԱՌԱՊԵՍ դատական ակտերով, որ թե վարչական մարմնի ինչ-որ չինովնիկի անկապ թղթով: Ի՞նչ գործ ունի վարչական մարմինը ԴԱՀԿ-ի հետ: Բայց ի՞նչ կարաս անես: Սրա անունն է զարգացման, կայացման, անցումային հավերժության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդյունքում ունենում ենք անհիմն հարստացող վարչական մարմին եւ դատական համակարգից հիասթափված բազմաթիվ քաղաքացիներ: Բա ուրիշ էլ ո՞նց ու խի՞:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031