Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչություն, հայրենասիրություն եւ Ժիրինովսկի

Դեկտեմբեր 21,2015 12:00

Հայրենասիրություն ասելով՝ ոչ թե ահաբեկիչների հայրենասիրությունը նկատի ունենք, այլ ահաբեկչության ենթարկվածներինը: Կոնկրետ դեպքում՝ ասածս առաջին հերթին վերաբերում է ամենախոշոր ահաբեկչության ենթարկվածներին՝ ֆրանսիացիներին ու ռուսներին: Եթե ահաբեկչությունից հետո ֆրանսիացիներն իրենց վերաբերմունքն արտահայտեցին հիմնականում սգո արարողություններով, ապա Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի պայթյունից եւ Թուրքիայի սահմանի մատույցներում ռուսական ռազմական «Սու-24» ինքնաթիռի խփվելուց հետո ռուսական հեռուստաալիքները հեղեղվեցին հայրենասիրական, հակաթուրքական եւ հակաահաբեկչական խրոխտ թոք-շոուներով, որոնց ընթացքում ռուս քաղաքագետները Ռուսաստանին իրենց նվիրվածությունն էին ցուցադրում, ինչպես նաեւ իրենց հայրենասիրությունը: Հիմնականում՝ մեր հայրենակից Կուրղինյանը, ինչպես նաեւ Վլադիմիր Ժիրինովսկին:

Բարեբախտաբար, Ժիրինովսկու այս վերջին «հայասիրական» ելույթները հայերիս կողմից տարբեր արձագանքների ու գնահատականների արժանացան: Շատերն, ինչպես միշտ, շոյվեցին ու ոգեւորվեցին Ժիրինովսկու հակաթուրքական հայտարարություններից, բայց շատերն էլ, ընդհակառակը, ոչ միայն չոգեւորվեցին ու չշոյվեցին, այլեւ հասկացան, որ Ժիրինովսկին հերթական անգամ փորձում է մեր ձեռքերով կրակից շագանակներ հանել:
Ժիրինովսկին, փաստորեն, ռուսներին ու բոլորին հուշում ու հիշեցնում է, որ հայերը մշտապես պատրաստ են Ստամբուլն արյան ծով դարձնել: Դրա համար ընդամենը հարկավոր է զինել ու զենքով ապահովել իրենց պատմական տարածքներն ազատագրելու պատրաստ հայերին:

Կոպիտ ասած՝ Ժիրինովսկին ու նմանները մեզ կուտ են տալիս, եւ, անկեղծ ասած, դժվար է լինելու այդ կտերից հրաժարվելը, եւ եթե ավելի անկեղծ լինենք, հարկավոր էլ չէ այդ կտերից կտրականապես հրաժարվել: Ավելին. եթե Ժիրինովսկին ու նմաններն իրենց իսկ շահերից բխելով՝ փորձում են օգտագործել հակաթուրքական մեր ավանդական զգացմունքները, մենք էլ մեր հերթին պիտի փորձենք օգտվել ռուսների ներկա պահի հակաթուրքական տրամադրվածությունից, ընդ որում՝ միանգամայն սառնասրտորեն եւ առանց ավելորդ ոգեւորության, որպեսզի ռուս-թուրքական հերթական հակամարտության պատճառով վերստին թիրախ չդառնանք: Այսինքն՝ ժամանակն է, որպեսզի մենք էլ մեր հայրենասիրական ու հակաթուրքական զգացմունքներին մի քիչ քաղաքականություն խառնենք:

Ասածս, իհարկե, դժվար գլուխ եկող բան է, բայցեւ՝ միակ ելքն ու ճանապարհն է, եւ այս առումով մենք պարտավոր ենք օրինակ վերցնել մեր դարավոր ու մշտական թշնամուց: Հայերս ինչքան էլ ատել ենք թուրքերին, մի հարցում մշտապես նրանց արժեւորել ու մեզնից բարձր ենք գնահատել: Դա դիվանագիտությունն է: Հայերիցս շատերի համար թուրք եւ դիվանագիտություն բառերը գրեթե հոմանիշներ են, եւ «թուրքական դիվանագիտություն» բառակապակցությունն, ըստ ամենայնի, ամենից ավելի հենց մեր կողմից է օգտագործված:
Այսինքն՝ մենք էլ մեր կարողությունների ու հնարավորությունների չափով պիտի փորձենք դիվանագիտություն հանդես բերել, եւ եթե ներկա իրադարձությունների ազդեցության տակ Ռուսաստանի Պետդուման որոշել է պատժաչափեր սահմանել Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար, դրանից ոչ պիտի չափից ավելի ոգեւորվենք եւ ոչ էլ պիտի հայտարարություններ անենք Պետդումայի այդ մտադրության ու նախաձեռնության դեմ:
Այսինքն՝ մեզ պիտի ծանր ու լուրջ պահենք եւ փորձենք չջրիկանալ՝ ոչ այս կողմից եւ ոչ էլ այն: Մանավանդ որ՝ Ռուսաստանից, Թուրքիայից ու բոլորից բացի՝ նաեւ Ադրբեջանը կա, այսինքն՝ Ղարաբաղի հարցը, եւ ինչքան որ Հայաստանն է քաղաքական առումով ներկա պահին բարդագույն խնդիրների առաջ, նույնքան ու երեւի ավելի էլ՝ Ադրբեջանը: Այսինքն՝ շատ հնարավոր է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ամբողջովին տեղափոխվի քաղաքական ու դիվանագիտական ասպարեզ, որտեղ հիմնականում քաղաքական խելամտության ու խորագիտության շնորհիվ են հաղթանակներ ձեռք բերվում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
19.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031