Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Աշտարակում. «Այդ խոսողներն էլ տեղ ունեն մեր հայրենիքում. մեկը՝ ամրոցում, մեկը՝ բերդում»

Դեկտեմբեր 20,2015 16:39

Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը եղել է Աշտարակ քաղաքում:

«Նոր Հայաստանի» խորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ աշտարակցիներին պատմեց իրենց նախորդ օրվա այցերի մասին՝ մասնավորապես հիշատակեց Իջեւանում նրանց հանդիպած  երիտասարդին, որը պնդում էր, թե Իջեւանը իր քաղաքն է, «Նոր Հայաստանը» իրավունք չունի այնտեղ լինելու:

«Սա մեր հայրենիքն է, բոլորի հայրենիքն է, ողջ հայության հայրենիքն է, Հայաստանի բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ նաեւ փոքրամասնությունների հայրենիքն է: Նույնը լսեցինք նաեւ Կապանում, Աբովյանում: Այդ խոսողներն էլ տեղ ունեն մեր հայրենիքում. մեկը՝ ամրոցում, մեկը՝ բերդում, մեկն էլ՝ ազատության մեջ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով,-

«Իսկ եթե բացեք 2011 թվականի դեկտեմբերի «Առավոտ» թերթը, ապա կտեսնեք, որ երեկվա այդ մարդը՝ Խեչյանը, Հայաստանի երեկվա պատկերն է՝ կեղծիքի, ոչ թե լավ տղայի, հանցագործի, որը Հանրապետական կուսակցության անդամ է, չնայած որ ինքը ասում էր՝ անկուսակցական է, որը քանի անգամ նստել է, որը իրական ավագանու անդամ է եւ որը իր համաքաղաքացիներին այնքան անհարգալից էր վերաբերվում, որ ընդհանրապես արժանի չէր որեւէ պատասխանի: Բայց մենք պատասխանեցինք»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ նրանք պատասխան են տալու, ըստ նրա, պատասխան են տալու նաեւ այն ոստիկանները եւ անվտանգության աշխատակիցները, որոնք ամբողջ ընթացքում թաքուն հետեւում են իրենց:

«Նոր Հայաստան»-ի խորհրդի անդամ Գարեգին Չուքասզյանը Աշտարակում եւս ելույթ ունեցավ:  Նա նշեց, որ եթե որեւիցե ժողովրդավարական երկրում լիներ ապօրինությունների այն քանակը, որը բացահայտվել է վերջին հանրաքվեի արդյունքում, ապա հանրաքվեն անվավեր կճանաչվեր: «Կարիք չկա ամբողջ ծովի ջուրը խմել, մեկ բուռ ջուրը հերիք է, որ հասկանաս ջուրը աղի է: Հիմա մեզ որոշ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ ասում են, որ մենք նորից պետք է այդ ջրից խմենք հաջորդ ընտրությունների ժամանակ եւ ավելի շատ: Դրա կարիքը կա՞, որեւէ մեկը կասկածում է, որ ընտրությունները կեղծված չէին: Մենք տարիներ չունենք, մենք ամիսների մասին ենք խոսում,- ասաց նա՝ ավելացնելով,- Մենք չենք կարող ունենալ երկիր, որտեղ շվայտությունն է թագավորում, իսկ  զինվորները սահմանում պիտի զոհվեն: Մենք բոլորս պարտավոր ենք հասկանալ, որ կանգնած ենք լուսաբացի առաջ: Լուսաբացը լինում է , երբ մեծ խտությամբ խավար է լինում:  Մեր երկրում ավելի մեծ խավար չի կարող խտանալ: Մենք կանգնած ենք լուսաբացի առաջ, բոլորս դեպի գարուն»,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031