Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Սերժ Սարգսյան- Ալիեւ երեկվա հանդիպումը գնահատում է հերթական, բայց շատ կարեւոր հանդիպում:
«Կարեւոր էր այն առումով, որ այս տարվա ընթացքում այն միակ երկկողմ հանդիպումն էր»,- ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայում տեղի ունեցած հանդիպմանը բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները:
«Հանդիպումը կարեւորվեց երեք համանախագահների երեկվա հայտարարության մեջ նշված նախադասությամբ, որ նախագահները համաձայնեցին աջակցություն ցույց տալ Մինսկի խմբի գործունեության հետագա լարվածությունը նվազեցնելու ու շփման գծի վրա նոր մեխանիզմներ ստեղծելու հարցում: Մնացած բոլոր նախադասություններն ու հայտարարությունները շատ ֆորմալ էին, եւ դժվար է խոսել ինչ-որ հաջողության կամ առաջխաղացման մասին: Միայն այս նախադասության հիման վրա կարելի է ասել, որ միգուցե ինչ-որ բան տեղի է ունեցել, բայց բազմիցս եղել են նման տասնյակ հանդիպումներ, որից հետո Ալիեւը վերադարձել է Բաքու ու հակառակ հայտարարություններ կատարել: Արդյո՞ք այս պահին Ադրբեջանը պատրաստ է գնալ առաջխաղացման այս հարցում, թե՝ ոչ, ես կասկածում եմ»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ նախագահների հանդիպումն ավարտվել է բաժակաճառով, արդյոք դա նշանակո՞ւմ է ավելի ջերմ մթնոլորտում տեղի ունեցած հանդիպում, քաղաքագետը շարունակեց. «Բաժակաճառը կապված էր միայն տոնական շրջանի հետ: Շվեյցարիայում եւ առհասարակ Արեւմուտքում առաջիկա օրերին սուրբ ծնունդն է նշվելու, դրանով էր բացատրվում բաժակաճառը, չեմ կարծում, որ այնպիսի լուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ դրա համար հատուկ բաժակաճառերի առիթ տար»:
Մեր հարցին, իսկ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին, ինչպիսին կլինի Ադրբեջանի դիրքորոշումը, հնարավո՞ր է Թուրքիան սրի Ադրբեջանին Հայաստանի դեմ ու նպաստի ավելի հաճախակի հարձակումների, Սերգեյ Մինասյանը շարունակեց, «Չեմ կարծում, որ Թուրքիան չափից ավելի շահագրգռված է Ռուսաստանի հետ էսկալացիայի հետագա շարունակությանը, եւ դժվար թե Ադրբեջանը ցանկանա այս դժվար իրավիճակում սրել հարաբերությունները, երբ փորձում է խուսափել Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ կողմնորոշում անելուց, չնայած ակնհայտ է, որ համակրանքն ուղղված է դեպի Թուրքիան: Ադրբեջանում միշտ վախեցել են Ռուսաստանից, դժվար թե այս իրավիճակում կտրուկ ընտրություն անեն, որի արդյունքում լուրջ վտանգ սրբանա իրենց»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ