Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը գտնում է, որ նկարիչ Սեդրակ Առաքելյանի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը Հայաստանի ազգային պատկերասրահում արվեստաբաններին հսկայական նյութ է տալիս, և նրանք հիմա ուսումնասիրելու շատ բան ունեն:
«Սեդրակ Առաքելյանը մեր ամենաճանաչված, նշանավոր դասականներից է, 20-րդ դարի հայկական գեղանկարչության հիմնադիրներից մեկը: Նա ներկայացուցիչն է արվեստագետների այն սերնդի, որոնք ծնվել, կրթվել ու ձևավորվել են ռուսական կայսրության տարբեր շրջաններում Հեղափոխությունից առաջ, իսկ արդեն Հեղափոխությունից հետո եկել են Հայաստան և անմիջապես ներգրավվել Խորհրդային Հայաստանի, հետևաբար՝ նաև խորհրդահայ կերպարվեստի հիմնադրման ու զարգացման մեջ:
20-րդ դարի հայ արվեստի պատմությունը, այդ թվում և Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունը, հիմնականում մշակվել ու ներկայացվել է խորհրդային ժամանակներում: Արդեն 2015 թվականն է: Մենք անկախ երկրում ապրելու որոշակի փորձ ունենք, և այդ փորձը ինչ-որ մի բան պետք է հուշի նաև մեզ՝ արվեստաբաններիս, որպեսզի փորձենք չեմ ասում ինչ-որ հեղաշրջում անել արվեստաբանության մեջ, բայց, այնուամենայնիվ, շատ խնդիրների վերանայման հարց կա մեր առջև դրված: Եվ այս ցուցահանդեսը, որի կայացման համար վիթխարի ջանքեր են թափել նաև վարպետի ընտանիքի անդամները, մեզ՝ արվեստաբաններիս, ուղղակի պարտավորեցնում է նկատելու դա. փաստորեն, նրանք մեր ձեռքը հսկայական նյութ են տվել»,- ասում է Լիլիթ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց նկարիչ Սեդրակ Առաքելյանի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Ներկայացված են արվեստագետի տարբեր տարիների գեղանկարչական ու գրաֆիկական ստեղծագործությունները, էտյուդներն ու էսքիզները: Ընդհանուր առմամբ, ցուցադրված է շուրջ
150 աշխատանք՝ տարբեր հավաքածուներից: Դրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք առաջին անգամ են ցուցադրվում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ