Այսօր կայացավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը:
Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը մրցաշրջան 2014/15 թթ. կատարված աշխատանքների իր հաշվետվությունում նշեց, որ անցած տարիներին ֆեդերացիայի գերակա նպատակը եղել է մարզաձեւը հանրապետությունում պահպանելը եւ զարգացնելը: Նա խոսեց հաշվետու ժամանակահատվածում կատարված հսկայական կազմակերպական աշխատանքների մասին, ինչի շնորհիվ հանդբոլը հանրապետությունում ոչ միայն լայն տարածում է ստացել, այլեւ արձանագրել է որակական առաջընթաց: Ընդլայնվել եւ խորացել են նաեւ ֆեդերացիայի կապերն ու համագործակցության շրջանակները մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի, ազգային ֆեդերացիաների եւ միջազգային մարզական կազմակերպությունների հետ:
Սարգիս Գրիգորյանը հատուկ անդրադարձավ նաեւ ֆեդերացիայի աշխատանքներում տեղ գտած բացթողումներին եւ թերություններին: «Առաջինը մարզիչների խնդիրն է: Երեւի չորս-հինգ անգամ մեր մոտ մարզիչների միջազգային սեմինարներ են եղել, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակի, բայց արդյունքը ցավալի է, նվազում է: Եթե մարզիչները քչանում են, քչանում է նաեւ մարզիկների քանակը: Մոտ 10 տարի առաջ միմյանց խոսք ենք տվել, որ սուտ թվեր չենք հայտարարելու: Մի պահ եկավ, որ մեր երեխաների թիվը մոտ 2500 էր: Հիմա ես դրան արդեն չեմ հավատում: Հիմա մեր գերխնդիրը հաջորդ ժամանակահատվածում, իմ կարծիքով, պետք է լինի մարզիչների հետ անհավատական աշխատանք տանելը: Հայազգի լավ մարզիչներ ունենք Ռուսաստանում: Պետք է նաեւ նրանց հետ կապերն ուժեղացնենք, որպեսզի նրանց ներուժն օգտագործելով կարողանանք աշխատանքներն առաջ տանել: Լավ հարաբերություններ ունենք հարեւան մյուս երկրների հետ, բայց համագործակցությունը գրեթե սահմանափակվում է միասին մրցաշարեր կազմակերպելով: Իսկ մարզչական աշխատանքում չենք կարողանում օգտվել:
Ինձ թվում է, որ մեր մարզային կառույցներն էլ անելիք ունեն՝ տեղերում գոնե մի մարզիչ պահեն վարձատրելով: Մենք պետք է մեր ֆեդերացիայի այսօր ընտրվելիք նախագահության նոր կազմով այդ ուղղությամբ լուրջ մտածենք:
Կարդացեք նաև
Երկրորդը մարզադպրոցներում տարվող աշխատանքն է, որպեսզի այնտեղ, որտեղ հանդբոլ կա, աշխատանքը ձեւական բնույթ չկրի: Մարզադպրոցները տրոհված են տարբեր ենթակայությունների ու շատ բան կարծես շավիղից դուրս է եկել: Այս ուղղությամբ հարկավոր է ինչ-որ բան մտածել: Մեր ֆեդերացիան դրա համար ցավում է: Եթե ֆեդերացիան վերջին երկու տարվա մեջ իր միջոցներով, այլ ոչ թե սուղ պետբյուջեի, հազարից ավելի գնդակ չբաժաներ մարզադպրոցներին, ո՞ր երեխան պետք է գնդակ ունենար ու պարապեր», – ասաց Սարգիս Գրիգորյանը եւ դիմելով ֆեդերացիայի նախագահության անդամ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանին, հորդորեց, որպեսզի նաեւ պետական կառույցը խնդրի լուծման հայեցակարգ մտածի, խնդրի լուծման տարբերակ մշակի:
Ֆեդերացիայի նախագահը կարեւորեց նաեւ մարզաձեւի զարգացման համար հովանավորներ գտնելու, այդպես նաեւ պրոֆեսիոնալ գոնե մեկ ակումբ ստեղծելու խնդիրը, որն անպայման պետք է իրականացնել:
Սարգիս Գրիգորյանը խնդիրների թվարկումն ավարտեց կադրերը երիտասարդացնելու անհրաժեշտությամբ՝ նշելով, որ ինքը վերջին անգամ է դրել իր թեկնածությունը: «Ես արդեն 62 տարեկան եմ դառնում: Նայում եմ կողքերս՝ գրեթե բոլորը ինձ հասակակից են: Պետք է անենք այնպես, որպեսզի հաջորդ ընտրություններին երիտասարդները մեզ փոխարինեն», – ասաց նա:
Օրակարգային երկրորդ հարցով կոնֆերանսը փոփոխություն կատարեց «Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա» հ/կ կանոնադրության 8.12 կետում՝ այն համապատասխանեցնելով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջին: Ըստ այդմ, ֆեդերացիայի նախագահ ընտրել ոչ թե երկու, այլ չորս տարով:
Վերջում կոնֆերանսը միաձայն ֆեդերացիայի նախագահ վերընտրեց Սարգիս Գրիգորյանին՝ չորս տարի ժամկետով, որից հետո հաստատվեց նաեւ ֆեդերացիայի նախագահության նոր կազմը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ