Ես ինձ համարում եմ հավատացյալ, թեեւ մատներիս վրա կարող եմ հաշվել, թե քանի անգամ եմ պատարագի մասնակցել: Եկեղեցի էլ ամեն օր, ամեն շաբաթ, նույնիսկ ամեն ամիս չեմ այցելում: Սա չի խանգարում ինձ շփվել Աստծու հետ. ամեն մարդ իր ձեւն ունի Աստծո հետ շփվելու: Ես եկեղեցապաշտ չեմ, ես աստվածապաշտ եմ: Հնարավոր է, ոմանք ինձ սխալ հանեն, ասեն՝ էդպես չի լինում, դա կեղծ հավատք է եւ այլն: Ես երբեք չեմ կարողացել հիշել, թե ում են ասում՝ Տեր Հայր, Սուրբ Հայր, Վեհափառ եւ այլն: Առանձնապես կարեւորություն չեմ տալիս դիմելաձեւին, որովհետեւ ինձ համար անընդունելի է Աստծու ծառայողներին ինչ-որ «պաշտոններ» տալը՝ հիերարխիայով (սպասում եմ քարկոծումների):
Բայց, ի՞նչ եմ ուզում ասել. ես կարծում եմ, որ Աստծո դուռը միշտ պիտի բաց լինի մարդկանց, անգամ անասունների համար, որովհետեւ նրանք էլ Աստծո ստեղծածներն են: Երեւանում շատ եկեղեցիների դռներն ամուր կողպվում են ժամը 19.00-ից, որոշները՝ ժամը 18.00-ից հետո: Մի քանի անգամ անդիմադրելի ցանկություն եմ ունեցել գնալ եկեղեցի՝ մոմ վառել, ու առանց ժամացույցին նայելու գնացել եմ Երեւանի կենտրոնի եկեղեցիներից մի քանիսը. դռները փակ էին, եկեղեցիների բակերը՝ լուսավոր-լուսավոր, եկեղեցիներն էլ լույսերով զարդարված, բայց դռները՝ փակ՝ նրա կարիքը զգացողի համար: Հոգեւորականներից մեկն ասել էր՝ դռները կողպում են, որպեսզի ուշ ժամերին գողություն չկատարվի, նախադեպ եղել է: Փաստորեն, գողանալու բան կա եկեղեցում:
Վերջերս էլ գնացել էի այս տարվա ապրիլին անձամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օծված Սուրբ Աննա եկեղեցին: Այն իր երիտասարդ ու շքեղ տեսքով ոնց որ թե խեղճացրած լիներ նույն վայրում գտնվող 10-րդ դարի Սուրբ Աստվածածին մատուռը: Սուրբ Աննայի դուռը փորձում էի բացել, չէր ստացվում, կարծեցի՝ նորից փակ է, բայց ցերեկ էր: Հետդարձիս, դրսում մոմակալների մոտ աշխատող կինն ասաց՝ «բաց է, նորից փորձիր»: Փորձեցի, փառքդ շատ լինի, Տեր Աստված, դուռը բաց էր, սակայն Սուրբ Աննան ինձանից հսկայական ուժեր պահանջեց այդ դուռը բացելու համար: Այն այնքան ծանր ու հսկա էր, որ մեծ ճիգերով կարողացա հրելով բացել: Այդ պատնեշը հաղթահարելուց հետո մտածում էի՝ ախր ո՞ւմ մտքով է անցել եկեղեցու դուռը դժվարամատչելի դարձնել, ախր Աստված բաց է բոլորի համար, մեղսագործների, բարեպաշտների, հավատացյալների ու անհավատների: Հետո հիշեցի՝ որ այս եկեղեցու ճարտարապետը Վահագն Մովսիսյանն է, Սուրբ Աննայի հարակից շինությունը կաթողիկոսի երեւանյան նստավայրն է, ու չգիտեմ, ճարտարապետի, թե կաթողիկոսի մտքով է անցել Սուրբ Աննան «դժվարաբաց» դռնով պահպանելը:
1 հատ մոմ գնեցի ու եկեղեցու ներսում տեղ չգտա այն վառելու համար: Մոմավաճառն ասաց՝ «մոմերը դրսում են վառում»: «Տեր Աստված, բա ներսում ի՞նչ են անում». սա ուղղակի անցավ մտքովս:
Կարդացեք նաև
Այդ 60 դրամանոց նիհարիկ մոմով, որի հետ հույսերս էի կապում, դրսում դրված մետաղյա մոմակալներից որեւէ մեկի մեջ չկարողացա վառել. քամին 4 չորս կողմից մոմս հանգցնում էր, ես դրանում որեւէ միտում չտեսա. դրսում 0-ից ցածր է ջերմաստիճան էր, բնական քամի էր, եւ վերջապես, ձմռանը բնությունն այդպիսին է՝ հրաշալի: Եւ միանգամայն բնական էր, որ քամին պիտի հանգցներ մոմս: Ախր այդ մոմն էլ չկարողացա տեղադրել մոմակալի մեջ. ջրախառն ավազը սառցակալել էր: Մատով ու փայտով էլ չհաջողեցրեցի սառույցը կոտրել՝ մոմիս համար հարմար հիմք գտնելու ու վառելու: Էհ, ոչ էլ վառեցի: «Էս ի՞նչ եք անում, այ ձեր խիղճը չկտրվի»,-տատիս խոսքերն ուղեղս ծակեցին, ակամայից բարձրաձայն դրանք կրկնեցի. Մի մարդ «թարս» նայեց ինձ: Փորձեցի մոմով ներս մտնել, այնտեղ մի անկյուն գտնել ու մոմս վառել. Պարզվեց՝ արգելված է այս նորակառույց շինությունում մոմ վառելը. պատերը սեւացնում է մոմերից արձակվող ծուխը: Չգիտեմ, գուցե, ըստ եկեղեցականների, ճիշտն արգելելն է, բայց ես էլ չեմ գնա այնտեղ: Ու գրեթե բոլոր նորակառույց եկեղեցիներում են արգելում մոմ վառելը՝ նույն պատճառով: Որոշ նորակառույց եկեղեցիներում մոմ վառելու համար առանձին սրահներ կան, բայց ախր մենք եկեղեցի ենք գնում, ոչ թե՝ մոմասրահ:
Հիմա մտածում եմ՝ եթե մոմերը սեւացնում, փչացնում են այդ եկեղեցիների նորակերտ պատերը, ուրեմն վերացրեք ընդհանրապես մոմ վառելը: Չէ, բայց, մոմի վաճառքից, վերջը, որոշ եկամուտ է լինում, չէ՞, ու երեւի եկեղեցու պահպանման ծախսերի «մի փոքր» մասը ծածկում է: Եւ հետո, մարդիկ սովոր են Աստծո հետ մոմ վառելով շփվել:
Իմ կարծիքով՝ մեր հնադարյան եկեղեցիներն հենց մոմի ծխից սեւացած այդ պատերով են նաեւ գեղեցիկ, խորհրդավոր, աստվածային: Ասում եմ՝ հնում մտքներով չի՞ անցել ներսում մոմ վառելն արգելելը:
«Մոմի լույսը խորհրդանշում է մեր հավատքի լույսը, որ Քրիստոսի գալստյամբ մեղքերի խավարը եւ անհնազանդությունը վերացան ու երկրում` աստվածապաշտության լույսը հաստատվեց, եւ ամենքս լուսավորվեցինք Քրիստոսով:
Եկեղեցի մտնելիս գրեթե միշտ մոմ ենք վառում սրբապատկերների առջեւ: Վառվող մոմն առաջին հերթին խորհրդանշում է Քրիստոսին եւ ապա` քրիստոնյաներին. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» ;(Հովհ. Ը 12)»,-սա ես չեմ ասում: Հղումը՝ Տեր Համբարձումին՝ https://ter-hambardzum.net/archives/2500 :
Իսկ եկեղեցում մոմ վառելն արգելելն ի՞նչ է խորհրդանշում: Այս հարցիս պատասխանը, երեւի, շուտով կտան եկեղեցականները: Բայց էլ ինչո՞ւ եք եկեղեցի կառուցում, եթե ներսում մոմ վառելն արգելվելու է:
Վերջը, ինչ եմ ուզում ասել՝ ես սիրում եմ մեր հին եկեղեցիները՝ տարբեր պատճառներով ու շատ տարբեր արժեքների համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հարգելի Նելլի, բնավ կասկածի տակ չդնելով Ձեր հավատի խորությունը` այնուամենայնիվ կուզեի Ձեր գրածի վերաբերյալ մի երկու խոսք ասել, ընդամենը հպանցիկ (շատ հպանցիկ): Նման նյութեր առհասարակ չեմ կարդում, պարզապես վերնագիրն իր մեջ ակնբախ սխալմունք ուներ, կայքն էլ` բավականին հեղինակավոր, էդ պատճառով չուզեցի անտարբեր անցնել:
Լիահույս եմ, որ գրածս օգտակար կլինի: Կենտրոնանամ միայն ամենահիմնական կետերի վրա:
1) Սկսենք վերնագրից: Եկեղեցին մոմ վառելու համար չէ, այլ` աղոթելու: Մոմ վառելը, ինչպեսև սրբապատկերները, նախևառաջ աղոթական վիճակին նպաստող ատրիբուտներ են:
2) Հոդվածի առաջին հատվածի թյուրընբռնումները նկատելու համար, մասնավորապես, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով (և ենթահղումներով)` https://azbyka.ru/1/zachem_tcerkov_bog_v_dushe
(ЗАЧЕМ ХОДИТЬ В ХРАМ, ЕСЛИ БОГ В ДУШЕ?):
3) Միայն հոգևորականները չեն Աստծու ծառաները, մենք բոլորս ենք Նրա ծառաները, իսկ հոգևորականները եկեղեցու (այդ թվում` հավատացյալների) սպասավորներն են: «Սպասավորություն», «ծառայություն» բառերի հոմանիշը «պաշտոն» բառն է, իսկ պաշտոնյան ծառան է:
4) Աստծու դուռը միշտ բաց է մարդկանց առաջ: Պարզապես եկեղեցու դուռը Աստծու դուռը չէ:
5) «Փաստորեն, գողանալու բան կա եկեղեցում»: Այո, եկեղեցին նվիրական գանձեր ունի, նաև նյութական:
6) Համաձայն եմ, որ մոմ վառելու տեղը պետք է պատշաճ լինի և ծառայի իր նպատակին:
7) Համաձայն եմ, որ դարավոր եկեղեցիների մրոտ պատերը տրամադրող են, բայց որպեսզի եկեղեցին եկեղեցի լինի, պարտադիր չէ, որ պատերը մրոտ լինեն:
8) Մոմի լույսը, ճիշտ եք, խորհրդանշում է աստվածային լույսը, և շատ գեղեցիկ ու հարուստ ավանդույթ է, բայց ընդամենը խորհրդանիշ է, իսկ մոմ վառելու սովորույթը եկել է նախևառաջ սրահը լուսավորելու պարզ կարիքից:
Ուրախ կլինեմ, եթե գրածս բարեկամաբար ընդունեք: Շնորհակալ եմ, որ ուզում եք մաքուր ու շիտակ տեսնել եկեղեցին, ինքս էլ դրա ջատագովն եմ )
Շատ ապրես: Եվ, մի բան էլ, շատ չե՞ն շատացել էս մեր տերտերները…
Իրոք շոշափում եք հարցեր, որոնք խորհելու տեղիք են տալիս:
Ինձ համար, սակայն, մոմավառությունը, եկեղեցի հաճախելը կամ կրոնավորների նկատմամաբ վերաբերմունքը ընդհանրապես երկրորդական են, մինչդեռ Ձեր պնդումը ՛՛Ես եկեղեցապաշտ չեմ, ես աստվածապաշտ եմ:՛՛ շատ ավելի տարողունակ է, և կարող է բանավեճի նյութ լինել:
Կուզենայի իմանալ, հարկ կհամարե՞ք ներկայացնել ձեր աստվածապաշտության հիմքերը կամ այն հիմնադրույթները, որոնք ըստ ձեզ ճշմարիտ են և անհերքելի, միայն խնդրում եմ՝ չասեք թե դա մտքով հնարավոր չէ բացատրել, քանի որ մենք բանական էակներ ենք, ամենակարևորը.
Հիսուս Քրիստոսը ողջ Օրենքը, մարգարեությունները և Պատվիրանները ամփոփում է հետևյալ խոսքի մեջ. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ (Մատթ. 22.37–40, Մարկ. 12.29– 31, Ղուկ. 10.25–28)։
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A1%D5%BD%D5%A8_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80
Հարգելի հոդվածագիր.
Ըստ իս անիմաստ է ձեր այս հոդվածը, մի շատ պարզ պատճառով.
Հոդվածի սկզբում դուք եք ասում, մեջբերում եմ. :, էլ ոնց եք ձեզ վերապահում եկեղեցուս հասեին քննադատություններ հնչեցնել:
դուք որ Եկեղեցու մեջ չեք, ոնց եք Եկեղեցու մասին խոսում, եթե լինեիք եկեղեցու մեջ գուցե էլի արդարացվեր ձեր գրառումը, չնայած էլի եմ ասում :
Եւ զարմանում եմ, թե ինչպես է ԱՌԱՎՈՏ.am-ի նման լուրջ կայքը, նման հոդված հրապարակել:
Նելլի Բաբայանը շատ տեղին և խելացի դիտարկումներ է արել: Եվ շատերն են դժգոհում, որ եկեղեցիները փակ են որոշակի ժամերից հետո, որ մոմ թույլ չեն տալիս ներսում վառելու և այլն: Ոչ մի արդարացում կամ պարզաբանում ընդունելի չէ:
Եթե Մայր տաճար մտնում ու մոմ ենք վառում, մյուսներում ինչո՞ւ չի կարելի: