Արդեն 7-րդ օրն է, ինչ արդարադատության նախարարության «Նուբարաշեն » քրեակատարողական հիմնարկում 35 ցմահականներ հացադուլ են հայտարարել:
Երեկ կտրուկ վատացել է «Դրո» ահաբեկչական խմբի գործով մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը: Նրան այցելած բժիշկը առաջարկել է դադարեցնել հացադուլը, քանի որ նրան սպառնում է սրտի կաթված:
Ա. Մնջոյանը չի դադարեցրել հացադուլը:
Նրա պահանջներից մեկն է վաղաժամկետ ազատումը, քանի որ նա քսաներկու տարի արդեն ազատազրկված է, իսկ օրենքը տարածվելու էր ցմահականներից քսան տարուց ավելի պատիժը կրածների վրա:
Կարդացեք նաև
Ի դեպ, գալիք փետրվարի 2-ին կլրանա դատապարտյալի անազատության քսաներկու տարին:
Ա. Մնջոյանը դեռեւս 2006 թվականին սրտի ինֆարկտ տարավ այն ժամանակ, երբ իմացավ, որ մահացել է 13- ամյա որդին:
Այս պահի դրությամբ ցմահականներից չորսի ՝ Գարեգին Սարգսյանի, Ռոբերտ Սահակյանի, Արթուր Մկրտիչյանի եւ Մնջոյանի ճնշումներն են տատանվում, առողջական վիճակը մտահոգիչ է:
Ռ.Մ.
Հ.գ. Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է նաեւ հացադուլավորներից Արսեն Առուշանյանի, Արտաշ Հովհաննիսյանի, Ալֆրեդ Հովհաննիսյանի, Արեն Չատինյանի, Գոռ Բաղդասարյանի, Արման Իսկանդարյանի առողջական վիճակը: Ի դեպ, Արման Իսկանդարյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, մեկ ոտքով է պատիժը շարունակում կրել: