Երևանի Ս. Աննա և Ս. Կաթողիկե եկեղեցիներին կից սրահում այսօր ամփոփվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Երաշտ և բողբոջ» լուսանկարչական մրցույթի արդյունքները:
Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպել էր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը՝ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Լուսանկարչական մրցույթը, որը մեկնարկել էր ընթացիկ տարվա ապրիլ ամսից, անցկացվել է ՀՀ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների շրջանում:
ՀՀ մարզերի և Երևանի տարբեր դպրոցների 4000 աշակերտներ են մասնակցել «Երաշտ և բողբոջ»-ին՝ իրենց աշխատանքները տեղադրելով մրցույթի համար ստեղծված կայքում:
Կարդացեք նաև
Ներկայացված աշխատանքներից ժյուրին ընտրել է 17-ը, որոնցից 14-ի հեղինակներին մրցանակներ հանձնվեցին լավագույն մասնակցության համար, իսկ 3-ը հաղթողներ են ճանաչվել տարբեր անվանակարգերում:
«Լավագույն աշխատանք» անվանակարգում ժյուրին նախապատվությունը տվել է Լոռու մարզի Ձորագյուղի հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Գրիգորյանի արած լուսանկարին:
Աննան իր ներկայացրած լուսանկարն այսպես է մեկնաբանում. «Կիսաքանդ տունը մեր ավերված հայրենիքն է, պապիկը՝ Եղեռնից փրկված ու աշխարհով մեկ ցրված մեր ժողովուրդը, իսկ երեխաները Եղեռնը վերապրածների սերունդներն են, որոնք վերադարձել են իրենց հայրենիքը շենացնելու, իրենց հողին տեր դառնալու և հետ բերելու այն, ինչ իրենցն է»:
«Լավագույն մտահղացում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արագածոտնի մարզի Եղիպատրուշի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Զարուհի Ղազարյանի ներկայացրած լուսանկարը:
«Լուսանկարում տատի և կոռի ձեռքեր են,- մեկնաբանում է Զարուհին,- այսպիսի տատիկների ձեռքերում գաղթի օրերին քանի ու քանի հայ մանկան կյանք է մարել: Բայց շատ-շատերի համար էլ, որոնք զրկվել են մորից, տատի կնճռոտված ձեռքերը օրորոց, տուն ու հենարան են եղել: Նույն ճանապարհն են անցել նաև լուսանկարի ձեռքերը, որոնք այսօր արդեն գուրգուրում են կոռի ձեռքերը: Համոզված եմ, որ կոռի ձեռքերն էլ իրենց հերթին դեռ շատ ձեռքեր կպահեն, ու այդ ձեռքերից շատերը մոտ ապագայում մեր պապերի երբեմնի կառուցած տները, վանքերը, արտերն ու այգիները կշենացնեն և դարձյալ հայի շնչով ու մանկան ճիչով»:
«Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթողը Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Խորեն Ամիրխանյանի արած լուսանկարն է:
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի խոսքով՝ մրցույթի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երեխաները շեշտը դրել են ապրելու և արարելու, այլ ոչ թե մահվան վրա. «Ողբերգական լուսանկարներն ավելի քիչ էին»,- ասաց սրբազանը:
Հաղթողներին իրենց մրցանակները հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Ես խնդրել եմ սրբազանին մի քանի լուսանկարներ փոխանցել ԿԳՆ-ին (իհարկե, երեխաների հեղինակային իրավունքների պահպանմամբ): Խոստանում եմ, որ և´ իմ աշխատասենյակում, և´ նախարարության այլ աշխատասենյակներում այդ լուսանկարներն իրենց պատվավոր տեղը կզբաղեցնեն: Ես դրանք ցույց կտամ իմ հյուրերին՝ հպարտությամբ ասելով, որ սրանք մեր աշակերտների աշխատանքներն են: Ի վերջո, «Երաշտ և բողբոջ» ձևակերպման մեջ իրական բողբոջները հենց մեր երեխաներն են»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ