«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր կազմակերպվեց «Դոգմա» էթնիկ-ռոք խմբի համերգը, որի ունկնդիրները երեխաներն էին: «Հայկական ռոքը` երեխաներին» նախաձեռնության հեղինակը «ՏաՏա» երեխաների խնամքի եւ արդյունավետ ժամանցի կենտրոնն է: «Կարեւորում ենք երեխաների երաժշտական ճաշակի ձեւավորումը: Մտադիր ենք հայկական տարբեր խմբերի լավ երաժշտությունը հասանելի դարձնել երեխաների համար: Այսպես, առաջին համերգին 50 երեխա մասնակցեց»,-Aravot.am-ին ասաց «ՏաՏա»-ի տնօրեն Սեդա Պապոյանը:
«Կան գործեր, որոնց ակուստիկ տարբերակը նվագեցինք, որպեսզի երեխաների լսողությունը չծանրաբեռնվի եւ նրանք ընկալեն կենդանի երաժշտության մշակույթը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Դոգմա» խմբի վոկալիստ Զառա Գեւորգյանը: Նրա խոսքով՝ «Դոգմա»-ի ռոքն առավել քան ընկալելի է երեխաների համար, անգամ փոքրիկների համար գրված գործ ունեն. «Յուրաքանչյուր ելեւէջն ընկալելի է եւ գեղեցիկ: Դա այն երաժշտությունն է, որը պետք է լսեն՝ փոքրից մեծ»:
Զառա Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի խումբը համերգներով հանդես է եկել ՀՀ մարզերում. այժմ աշխատում են շրջագայությունների մասին պատմող ֆիլմի վրա: Պրեմիերան՝ շուտով:
Հավելենք, որ «Հայկական ռոքը` երեխաներին» նախագիծը հավակնում է վերածվել համերգաշարի: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ առաջիկայում հայկական ռոքը տարածելու պատրաստակամություն կհայտնեն նաեւ այլ խմբեր:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ